Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ այս նախագծով չեն վիճարկում է բալային համակարգի արդյունավետությունը, տուգանքների՝ բարձր կամ ցածր լինելը:
«Այս օրենքի վիճարկման հիմնական պատճառը ՀՀ Սահմանադրության պահանջն է, 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար, իսկ բալային համակարգի ներդրման արդյունքում ՀՀ վարորդ քաղաքացիները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ենթարկվում են դրամական տուգանքի, միևնույն ժամանակ, նույն արարքի համար ենթարկվում են մեկ այլ տույժի, որի համաձայն՝ բալերից են զրկվում, ու վերջում քաղաքացին զրկվում է մեքենա վարելու իրավունքից»,- մանրամասնեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ 2017 թվականին, երբ բալային համակարգ չկար, Հայաստանի ճանապարհներին պատահարների հետևանքով մահացել է 279 քաղաքացի, 2018-ին մահացել է 343 քաղաքացի, 2019-ին՝ 341 քաղաքացի, իսկ 2021-ին մահացել է 368 քաղաքացի, երբ կար արդեն բալային համակարգը:
«Այսօրվա իշխանությունը 2018-ին իշխանության եկավ մի քանի թեզով՝ «արագաչափերը շատ են, տեսախցիկները շատ են, դրանք պետք է վերանան». արագաչափերը 3-4 տարվա ընթացքում ոչ թե վերացան, այլ շատացան, տեսախցիկները ոչ թե պակասեցին, այլ շատացան, վերջապես այն թեզը, որը կառավարությունում հնչեց դեռ 2019-ին, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», նաև բալային համակարգի ներդրմամբ դարձավ շատ ավելի տուգանքի մատերիալ, որին և՛ տուգանում են, և՛ բալերից են զրկում, հետո՝ մեքենա վարելու իրավունքից»,- ասաց Մանուկյանը: