Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եղբայրը` ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Մուշեղ Օհանյանը, դրական է գնահատում ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակումը:
«20 տարի է` ճանաչում եմ Օսիպյանին, համակագին նվիրված, խելացի սպա է»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա, հավելելով, որ չի ցանկանում քծնել նրան կամ դժգոհել նրանից:
«Չեմ կարող ասել, որ համակարգում նրանից ավելի պրոֆեսիոնալ կամ բանիմաց կադրեր չկային, սակայն քանի որ վարչապետը նրան է այդ պաշտոնում տեսել, նշանակում է նա արժանի էր»,-նկատեց նա:
Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե ոստիկանապետի առաջին տեղակալ կարող է նշանակվել Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, Օհանյանը նշեց.
«Օսիպյանի կողքը պետք է լինեն ոչ միայն բանիմաց, այլև` ուժեղ կադրեր: Ես երկար տարիներ աշխատել եմ Աշոտ Կարապետյանի հետ և կարող եմ վստահաբար ասել, որ նա իսկական ոստիկան է, նրա ամենաչսիրված անձը հանցագործն է, հատկապես` մականուն ունեցող հանցագործը»:
Դիտարկմանը, թե Աշոտ Կարապետյանի անունը կապված է սկանդալային միջադեպերի հետ և նրա կատարած արարքներին գնահատական է տվել անգամ ՄԻԵԴ-ը, Օհանյանը նկատեց. «Ոստիկանությունում չկա մի պաշտոնյա, ով նման պատմությունների մեջ չի հայտնվել և ում բոլորը միանշանակ ընդունում են: Չի կարելի կենտրոնանալ միայն մի քանի դեպքի վրա և մոռանալ նրա բացահայտած հանցագործությունները»:
Պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու համար դատապարտված նախկին ՃՈ պետի եղբայրն անդրադարձավ նաև ոստիկանությունում կոռուպցիայի դեմ պայքարին:
Ըստ նրա` ոստիկանությունում կոռուպցիան բացառելու համար նախ և առաջ հարկավար է վերանայել ոստիկաններին տրվող սոցիալական երաշխիքները:
«Պետք է բարձրացվեն ոստիկանների աշխատավարձերը, սակայն եթե դրանից հետո էլ ոստիկանը կաշառք վերցնի, նրան պետք է օրենքի ողջ խստությամբ պատժել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությունում, ներկայացնելով Վալերի Օսպիյանին, հատուկ ընդգծել էր կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության մասին` նշելով, որ Հայաստանում առաջինը ոստիկանական համակարգում պետք է բացառվի որևէ կարգի կոռուպցիա և այստեղ մենք կարող ենք չնկատելու քաղաքականությունը փոխարինել պատժելու քաղաքականությամբ:
«Ես ակնկալում եմ, որ ՀՀ-ում այլևս չի լինի լուր այն մասին, որ ճանապարհային որևէ տեսուչ կաշառք է վերցնում: Այն պաշտոնյան՝ ոստիկանության, թե որևէ այլ ոլորտի, որը կաշառք է վերցնում, կոռուպցիոն որոշումներ է կայացնում, պետք է սպասի իրավապահ մարմինների շատ արագ արձագանքին: Այդպիսի խնդիր ձևակերպել եմ նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առջև»,- ասել էր նա: