Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քննարկվում է «Ելք» խմբակցության հարցապնդումը «Գազպրոմ Արմենիա» և ՀԷՑ ընկերությունների` վերջին 10 տարվա գործունեության մասին:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ պատասխանի ծավալը մեծ է: «Չեմ կարող պնդել, որ անթերի ենք կատարել մեր տնային աշխատանքը, ուստի խնդրում եմ ներողամիտ լինել, եթե եղել են որոշակի բացթողումներ, աշխատել ենք անել ամենը` համալիր տեղեկատվություն տրամադրելու համար»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ ներկայացրել են տեղեկատվություն երկու իրավաբանական անձանց վերջին տասը տարիների ֆինանսատնտեսական գործունեության և աշխատանքային արտադրական ծավալների վերաբերյալ: «Մասնավորապես` «Գազպրոմ Արմենիա»-ի դեպքում ներկայացվել են ընկերության կողմից գնված բնական գազի ծավալները, ընկերություն մուտք գործած բնական գազի ծավալները, բնական գազի անխուսափելի տեխնոլոգիական կորստի մասին տեղեկատվություն, ներկայացվել են նաև բնական գազի օգտակար առաքման ծավալները, Իրանից բնական գազի ներկրման ծավալները, շահագործման, սպասարկման և բոլոր հավասարեցված ծախսերը, այդ թվում` առանձնացվել են նորոգման և ախտորոշիչ հետազոտմանն ուղղված ծախսերը: Սրանք տրվել են առանձին երկու կետով»,- հայտնեց նա և հավելեց. «Տրված են նաև ընկերության 2007-2017 թվականների աշխատողների միջին թիվը, միջին աշխատավարձի ցուցանիշը, պարգևավճարների տարեկան ֆոնդը, բնական գազի փոխադրման, գազի ծառայության սակագինը, ֆինանսական տվյալները, բաժանորդներին մատակարարված գազի դիմաց հասույթը և այլ ցուցանիշներ, ինչպես նաև սակագնի ցուցանիշները»:
Մանուկյանը հայտնեց նաև, որ ՀԷՑ-ի մասով էլ գրեթե նույնությամբ տրված են նույնատիպ հարցերի պատասխանները, բերված են հիմնական ցուցանիշները:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց հարցապնդումն ուղարկելիս խնդիր են դրել ոչ թե թվաբանություն անել, այլ էներգետիկ համակարգն ախտորոշել: «Ես կուզենայի, որ մեր էներգետիկ համակարգի ընդհանուր գնահատականը տայիք, որպեսզի քննարկում անենք այդ թեմայի շուրջ»,- ասաց նա:
Նախարարն արձագանքեց, որ էներգետիկ համակարգի գնահատականն ընդամենը երկու նախադասությամբ դժվար կլինի տալ: «Արտադրության մասով այսօր ներքին սպառման կառուցվածքում մոտավորապես երեք արտադրական հզորությունները հավասարաչափ բաշխված են: Մենք ունենք միջուկային էներգիայի մասնաբաժին` 33%, ունենք հիդրոջրային աղբյուրներից արտադրվող հոսանքի մաս`աբաժին` ևս 33%, և գազային` ևս 33%: Այսօր մենք իրականացնում ենք մեր երկրի համար աննախադեպ` Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի ծառայության ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագիր, որով միջուկային էներգիայի արտադրությունը կավելանա մոտ 10%-ով: Առաջիկա տարիներին միջուկային էներգիայի տեսակարար կշիռը ներքին սպառման կառուցվածքում կկազմի 40-42%»,- հայտնեց նա:
Փաշինյանն ասաց, որ երկու կոնկրետ հարց ունի: «ՀՀ կառավարությունը պարծենում է, որ Հայաստանն ամենագազաֆիկացված երկրներից մեկն է: Իմ ձեռքի տակ է առողջապահության նախարարության զեկույցը, որում ասվում է ՀՀ գյուղական համայնքներում տների 72,7 տոկոսը ջեռուցվում է վառելափայտով: Եվ ի՞նչ փուլում է նոր ատոմակայանի կառուցումը»:
Մանուկյանը նշեց, որ գազաֆիկացումը և գազի օգտագործումը տարբեր բաներ են: «Հայաստանում գազաֆիկացումը հասնում է 98%-ի, սակայն յուրաքանչյուր տնտեսություն ինքն է որոշում` գազով ջեռուցել իր տունը, թե` այլ վառելանյութով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ատոմակայանին, նախարարը նշեց, որ ՀԱԷԿ-ն ի զորու է շարունակել իր աշխատանքը: «Որոշակի արդիականացման աշխատանքներ կատարելուց և ախտորոշիչ աշխատանքներից հետո մասնագետները կարող են որոշել, թե որքան կյանք կարող է ունենալ ատոմակայանը, որքան ժամանակ կարող է շահագործվել երկրորդ բլոկը: Այդ տրամաբանությունից ելնելով` միջուկային տեխնոլոգիաները չափազանց արագ զարգանում են, այսօր ունենք առնվազն հինգ այլընտրանք, հետևաբար, կառավարության որոշումը եղել է պարզ, թափանցիկ`շահագործել այնքան ժամանակ ինչքան ռեսուրս կա, հետո նոր որոշել երկրորդի կառուցումը»,- ասաց Մանուկյանը: