Փոխարժեքներ
01 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.62 |
EUR | ⚊ | € 421.19 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 503.29 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Աղբյուրը՝ arfd.am
Arfd.am
Նրանք առաջինն էին… 1918ին, Եւրոպայի երկրների կէսից աւելիում կանայք ընտրական իրաւունքներ չունէին: Իսկ 1919ին կայացած ընտրութիւններին հայոց Առաջին Հանրապետութեան խորհրդարան են ընտրւում երեք կին պատգամաւորներ: Ցաւօք, այսօր քչերը գիտեն նրանց անունները, է՛լ աւելի քիչ են յայտնի նրանց դժուարին, բայց բոլոր իմաստներով արժանավայել կենսագրութեան ժլատ փաստերը: Չեն պահպանուել նոյնիսկ նրանց բոլորի լուսանկարները: Ու այդ ամէնը խիստ անարդարացի է, քանզի նրանք իսկական առաջամարտիկներ ու անձնուէր հայրենասէրներ էին…
Երեքն էլ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ էին: Դէպի քաղաքականութիւն նրանց գալու սցենարը բնորոշ է բոլոր նուիրեալ եւ յեղափոխական ու հայրենասիրական գաղափարներով տոգորուած կանանց, որոնց համար անձնականը սերտօրէն միահիւսուած է հասարակականին: Կատարինէ Զալեան-Մանուկեան, Վարվառա Սահակեան, Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղեան՝ նրանք առաջինն էին…
ԿԱՏԱՐԻՆԷ ԶԱԼԵԱՆ-ՄԱՆՈՒԿԵԱՆ
«Ծանր տարի, դժուար աշխատանք, ամբողջ օրը մայրս մանկատանն էր անցկացնում, հայրս էլ՝ հասարակական, քաղաքական գործունէութեան մէջ թաղուած, եւ այնպիսի ընտանեկան կեանք, ինչպիսին նորմալ ամուսիններն էին ունենում, երեւի այդպէս էլ չիրականացաւ», այսպէս է նկարագրում իր ծնողների՝ Դաշնակցութեան ականաւոր գործիչներից մէկի՝ Արամ Մանուկեանի եւ նրա կնոջ՝ Կատարինէի կարճատեւ ամուսնական կեանքը նրանց դուստրը՝ Սեդան: Կատարինէ Զալեան-Մանուկեանի կեանքը ծանր ու դժուարին էր նաեւ մինչեւ ամուսնուն հանդիպելը, է՛լ աւելի դժուարին՝ նրան կորցնելուց յետոյ: Լինելով բժշկուհի՝ նա նուիրուել էր գաղթականների ու որբերի օգնութեանը՝ օր ու գիշեր պայքար մղելով համաճարակների դէմ: Որբանոցներից մէկում էլ հանդիպեց ապագայ ամուսնուն, եւ 1917 թուականին Երեւանում նրանք ամուսնացան:
Երբ ստեղծուեց Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, Կատարինէն ընտրուեց խորհրդարանի պատգամաւոր, որտեղ աշխատում էր բժշկական յանձնաժողովում: Մէկ տարի անց, երբ դուստրն ընդամէնը չորս ամսական էր, Արամ Մանուկեանը վարակուեց բծաւոր տիֆով եւ վախճանուեց: Առաջին Հանրապետութեան անկումից յետոյ երիտասարդ այրու զրկանքներին գումարուեցին բոլշեւիկեան իշխանութեան քաղաքական հետապնդումները: Նրան ազատեցին աշխատանքից եւ վտարեցին բնակարանից, եւ նա, երեխան գրկին, ապաստանեց քրոջ մէկ սենեականոց բնակարանում, ապա մեկնեց Կրասնոդար՝ ամուսնու ազգականների մօտ:
1927 թուականին, երբ Հայաստանը մասնագէտ բժիշկների խիստ կարիք էր զգում, նա վերադառնում է Երեւան: Այստեղ մայր ու աղջիկ, բնակարան վարձելով, ապրեցին ծայրայեղ դժուարին պայմաններում: «Մայրս կրթուած, ազնիւ, իր գործին, իր մասնագիտութեանը նուիրուած անձնաւորութիւն էր: Առաւօտեան գնում էր աշխատանքի, ճաշին գալիս, ինձ կերակրում, ապա նորից դուռը ինձ վրայ փակում, գնում մի ուրիշ աշխատանքի: Դա էր նրա ամբողջ կեանքը», յիշում է Սեդա Մանուկեանը:
1937ին նրան՝ որպէս արտասահմանի հետ կապ ունեցող կասկածելի անձնաւորութեան, նորից ազատում են աշխատանքից: Պատերազմի տարիներին Կատարինէն կրկին շարքում է՝ աշխատում է, սակայն նրա առողջութիւնը վերջնականապէս քայքայուեց: Նա մահացաւ 1965 թուականին, բայց մահուանից առաջ ասել էր դստերը. «Ես չտեսայ, բայց դու վաղ թէ ուշ անպայման կը տեսնես այն օրը, երբ մարդիկ կը յիշեն ու կը գնահատեն քո հօրը: Չի կարող պատահել, որ հայ ժողովուրդը մոռանայ նրան, ես վստահ եմ»: Այդպէս էլ եղաւ:
Դուստրը տեսաւ Երրորդ Հանրապետութեան ծնունդը, տեսաւ, թէ իր հայրենակիցներն ինչ երախտագիտութեամբ են յիշում իր հօրը եւ արժանին մատուցում նրա յիշատակին:
…1998ի Յունիսի 24ը յիշարժան օր էր: Հայոց ազգագրութեան եւ ազատագրական պայքարի պատմութեան թանգարանի աշխատակիցները հանդիպեցին հայ ժողովրդի սիրելի հերոս Արամ Մանուկեանի միակ ժառանգի՝ Սեդա Մանուկեանի հետ: 80ամեայ կինը Մոսկուայից հասել էր Սարդարապատ յատուկ առաքելութեամբ. թանգարանին էր նուիրում հօր իրերը, որոնք մասունքի պէս տարիներ շարունակ պահել-պահպանել էր՝ արծաթէ բաժակակալ՝ «Քաւոր Աղին» մակագրութեամբ, թեզանիքակալներ, փողկապ, ժամացոյց, լուսանկարներ:
Ի դէպ, Սեդա Մանուկեանը ապրել է Երեւանում մինչեւ 1976թ., որից յետոյ տեղափոխուել է Մոսկուա: Նա ամուսնացած է եղել Վարդան Մեհրաբեանի (Խանասորի Վարդան) որդու՝ Ռուբէն Մեհրաբեանի հետ: Արամ Մանուկեանի դուստրը մահացել է 2005ին:
ՊԵՐՃՈՒՀԻ ՊԱՐՏԻԶՊԱՆԵԱՆ-ԲԱՐՍԵՂԵԱՆ
Ծնուել է 1886թ., Էդիրնէում: Միջնակարգ կրթութիւնն ստացել է Ֆիլպէում (ներկայիս Պլովդիւ): Ընդամէնը 16 տարեկան էր, երբ նա՝ եռանդով լեցուն եւ հայրենիքին ծառայելու գաղափարներով ներշնչուած, իր ճանապարհին հանդիպեց ապագայ ամուսնուն՝ յեղափոխական Սարգիս Բարսեղեանին: Նրա թելադրանքով օրիորդների մի խմբակ ստեղծեց, որը լուսաւորութիւն եւ յեղափոխական գաղափարներ տարածելու նպատակ ունէր: Այնուհետեւ Ժընեւ մեկնեց՝ ուսանելու գրականութիւն եւ մանկավարժութիւն: Այս շրջանում էլ սկսեց ստեղծագործել՝ Էտնա կեղծանունով: Յետագայում նրա պատմուածքները լոյս տեսան առանձին գրքով՝ «Փոթորիկէն վերջ»:
Ուսումն աւարտելուց յետոյ ուսուցչութիւն է արել Կերասոնում եւ Վանում: Պերճուհու եւ Սարգսի ամուսնական կեանքը կարճ է տեւել: 1909ին նրանք ամուսնացան, իսկ 1915ին Սարգիսը, որ վարում էր Պոլսի ՀՅ Դաշնակցութեան բիւրոյի գործավարութիւնը, հարիւրաւոր հայ մտաւորականների հետ ձերբակալուեց եւ նահատակուեց: Իր յետագայ կեանքը Պերճուհին նուիրեց զաւակին ու մարդկանց ծառայելուն: Նա տեղափոխւում է Բուլղարիա, անուհետեւ՝ Թիֆլիս, իսկ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակումից յետոյ անցնում է Երեւան եւ ընտրւում խորհրդարանի պատգամաւոր: Նա ընդգրկուեց Ամերիկեան խնամատարութեան կոմիտէում: Հայաստանի Հանրապետութեան անկումից յետոյ շատերի պէս բռնեց գաղթի ճամբան: Որոշ ժամանակ Սոֆիայում բնակուելուց յետոյ վերջնականապէս հաստատուեց Փարիզում, որտեղ պաշտօնավարեց Նանսէնեան գրասենեակում եւ շարունակեց գրական գործունէութիւնը: Մահացաւ 1940ին՝ երկարատեւ հիւանդութիւնից յետոյ:
ՎԱՐՎԱՌԱ (ՎԱՐԵԱ) ՍԱՀԱԿԵԱՆ
Նա վաղ տարիքից էր մտել Դաշնակցութիւն կուսակցութեան շարքերը, Աւետիք Սահակեանի (Հայր Աբրահամի) կինն էր: Առաջին Հանրապետութեան տարիներին ընտրուել է խորհրդարանի պատգամաւոր եւ ընդգրկուել կրթական ծրագրերում: Հենց այդ շրջանում նա ծանր կորուստ կրեց. անհրաժեշտ դեղորայքի պակասից մահացաւ նրա զաւակը:
Դրան յաջորդեց Հայաստանի խորհրդայնացումը, ամուսնու բանտարկութիւնը: Փետրուարեան յեղափոխութեան ժամանակ Վարեան, ամուսինը եւ երկու զաւակները ոտքով փախան Թաւրիզ: Այստեղ վեց տարի ապրելուց յետոյ, Սահակեանները փոխադրուեցին Հարաւային Իրան, յետագայում՝ Իրաք: Սակայն կլիման չափազանց վատ անդրադարձաւ Վարեայի առողջութեան վրայ, այժմ էլ ընտանիքը ստիպուած եղաւ տեղափոխուել Լիբանան:
Բէյրութում Վարեան նորից ներգրաւուեց հասարակական գործունէութեան մէջ՝ մասնակցելով Օգնութեան Խաչ կազմակերպութեան աշխատանքներին: 1932ին ճակատագիրը մի նոր հարուած հասցրեց. նա կորցրեց միւս զաւակին, մէկ տարի անց՝ ամուսնուն: Այս հարուածները վերջնականապէս քայքայեցին Վարեայի առողջութիւնը, եւ շատ չանցած նա կնքեց իր մահկանացուն:
Ըստ Սոնա Զէյթլեանի՝ «Հայ Կնոջ Դերը Հայ Յեղափոխական Շարժման Մէջ» գրքի:
Պատրաստեց՝
ԱՆԱՀԻՏ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Ասպարէզ, 26-27 մայիսի 2017