Հայոց բանակի պահեստազորի փոխգնդապետ, Արցախյան առաջին պատերազմի առաջին կին հրամանատար, բազմաթիվ վիրավոր մարտիկների կռվի դաշտից դուրս հանած, չարդախլեցի Անահիտ Մարտիրոսյանն ունի առողջական լուրջ խնդիրներ։ Անհրաժեշտ է շտապ բժշկական միջամտություն․ ահազանգում են նրա հարազատներն ու ընկերները՝ ակնկալելով աջակցություն:
«Ապրելով Բաքվում, ամեն օր սարսափելի դեպքերի մասին լսելով ու ականատես լինելով, ամուսնու, 5 և 3 տարեկան որդիների հետ որոշում են վերցնել երեխաներին ու գալ Հայաստան։
1989 թ. հոկտեմբերի 27-ին առավոտյան ճանապարհ են ընկնում, երկու թաղամաս էլ չեն անցել իրենց շենքից, երբ վայրի ավազակախումբը, որի մեջ իրենց հարևանի տղան էլ է լինում, կտրում են նրանց ճանապարհը, երկու որդիների և իր աչքի առաջ գլխատում ամուսնուն՝ Վիկտորին։ Անահիտը և որդիները հրաշքով փրկվում են, հասնում Հայաստան: Տարիներ անց՝ մարտի դաշտում, Անահիտին վիճակվել է կրկին հանդիպել ամուսնուն կյանքից զրկողին և լուծել վրեժը…»,- մեզ հետ զրույցում պատմեցին ընկերները:
«Մարաղայից հետո եկել էինք Երևան: Նորքի հիվանդանոցում պառկած էին մարտի դաշտից իմ դուրս բերած տղաները: Մորս հանդիպեցի՝ ասաց. «Արի քո երեխեքին պահի, ես չեմ պահելու»:
Նրան տարա հիվանդանոց՝ տղերքի մոտ, ասացի՝ տղաների հետ խոսելուց հետո ինձ կասես՝ գնա՞մ, թե՞ մնամ: Տղերքը, մորս տեսնելով, սկսեցին ձեռքերը համբուրել ու շնորհակալություն հայտնել՝ ասելով, թե իրենց կյանքն եմ փրկել: Մայրս դուրս եկավ, սրբեց արցունքներն ու ասաց․ «Ես քո երեխեքին կպահեմ: Գնա՛: Դու իրանց պետք ես»:
Էդպես երեխաներս էլ իմացան, որ իրենց մայրը պատերազմ է գնացել: Մարաղայից հետո, երբ ապաքինվեցին մարտի դաշտից փրկածս 13 տղաները, ստեղծվեց «Անահիտ» ջոկատը, որը ենթարկվում էր Արկադի Տեր-Թադևոսյանին: Պարգև Սրբազանը մեզ կցեց նաև Ռուսաստանից եկած «Սուրբ խաչի» 14 նվիրյալների խմբին, որոնք եկել էին հայերի հետ միասին կռվելու:
Այդպես ստեղծվեց մեր հետախուզական ջոկատը: Մարաղան առաջին գյուղն էր, որտեղ կռվեցի: Մարաղայից հետո նորմալ մնալն անհնար էր: Սարսափ ֆիլմերից ավելի ահավորը ես իրականում եմ տեսել. Գերեվարված, բռնաբարված ու մորթատանջ արված դիակներ, 6 ամսական եփած հայ երեխեք եմ տեսել, մեծ կանանց կտրած գլուխներ. ո՞րը պատմեմ, ո՞նց պատմեմ…
Մարաղան, ասես, Սումգայիթի ու Բաքվի շարունակությունը լիներ: Գիտեք՝ պատերազմ եմ գնացել մի ցավով, բայց պատերազմի ընթացքում էնքան բան եմ տեսել ու էնքան բան կորցրել, որ հիմա վստահ եմ՝ դրանց անհնար է ներել»,- հարցազրույցներում նշել է Անահիտ Մարտիրոսյանը:
Ստորև տիկին Անահիտի դստեր` Մարտիրոսյան Մարիամի՝ ՎՏԲ բանկում բացված հաշվեհամարներն են.
Ռուբլի-16079010288503
Եվրո-16079010288502
Դոլար-16079010288501
Դրամ-16079010288500