| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  7 տարի առաջ - 2018-02-10 10:40
            7 տարի առաջ - 2018-02-10 10:40  
         
                
            Արցախի հիմնահարցի լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով: «Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո պետք է շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
Անդրադառնալով արցախյան այցին՝ Ա. Սարգսյանը նշել է, որ այն շատ կարևոր էր, քանի որ անմիջապես Նախագահից է տեղեկացել վերջին տարիներին Արցախի կյանքում արձանագրված հաջողությունների, տնտեսության զարգացման և առկա խնդիրների մասին: «Նախագահի հետ հնարավորություն ունեցա երկար զրուցելու և ստացա ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները: Ցանկանում եմ շեշտել, որ բազմիցս առիթներ եմ ստեղծել՝ Արցախ այցելելու, և, որպես ազատ քաղաքացի, շրջագայելու, բայց այս այցը որակապես այլ բնույթ ուներ, և ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասել է Ա. Սարգսյանը և ավելացրել, որ բացի Նախագահի և ԱՀ բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպումներից, արցախյան այցի օրակարգում նախատեսված է նաև կրթօջախներ այցելելը:
Ա. Սարգսյանի խոսքով՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար օրախնդիր հարցը որակյալ կրթություն ապահովելն է: Եվ ՀՀ Նախագահի պաշտոնի հնարավոր ստանձման դեպքում՝ նա հիմնական առաջնահերթություններից է համարելու կրթական բարձրակարգ համակարգ ստեղծելը: