կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-22 14:38
Մշակույթ

2018-ին Հայաստանում կինոթատրոններ կբացվեն

2018-ին Հայաստանում կինոթատրոններ կբացվեն

2018-ին առաջնահերթ խնդիր է լինելու նոր կինոթատրոնների ստեղծումը:. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նախարարի խոսքով՝ հայկական կինոյի զարգացման համար շատ կարևոր է նաև սպառման ցանցի ընդլայնումը: «Այս հարցում առաջին ծիծեռնակը եղավ Գյումրիում «Հոկտեմբեր» կինոթատրոնի բացումը: Այնտեղ զուգահեռ ցուցադրվում են այն ֆիլմերը, ինչ Երևանում: Մենք խորապես համոզված ենք, որ տեղական կինոյի զարգացումը, որակի բարելավումը կախված է սպառման ցանցի ընդլայնումից: 4-5 կինոթատրոնով հայաստանյան ֆիլմի համար կարողանում ենք ապահովել 80 մլն դրամի շահույթ, որի կեսը հարկերն են, մյուս կեսը՝ ծախսերը: Իսկ եթե շահ չկա, ֆիլմը չի կարող զարգանալ»,- ասաց Ամիրյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ կինոյի բյուջեից 30 տոկոսն ուղղվելու է դեբյուտներին: Ըստ Ամիրյանի` ավելի շատ հնարավորություններ պետք է տան երիտասարդներին, ինչպես նաև նոր առաջարկները կյանքի կոչելուն: «Կինոդպրոցի բյուջեն ուղղել ենք պետություն-մասնավոր համագործակցությանը և ստացել շատ լավ արդյունք՝ ունենք 6 դեբյուտային առաջարկ, որոնցից մեկն արդեն գեղխորհուրդն ընդունել է, և 2018-ի ընթացքում այն կյանքի կկոչվի: Մենք ուզում ենք կինոյի ոլորտին նոր շունչ հաղորդել»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է «Կինոյի մասին» օրենքին, նախարարն ասաց, որ կինոգործիչների բողոքին, թե օրենքը ֆինանսական խնդիրները չի լուծում, պետք է պատասխանի, որ կինոյի օրենքը չի կարող ֆինանսավորում ապահովել, այն կազմակերպելու գործառույթ ունի: «Օրենքը մշակելիս ուսումնասիրվել է միջազգային փորձը, և հաշվի են առնվել բոլոր խնդիրները: Նախարարությունը պատրաստ է քննարկել օրենքի վերաբերյալ այն առաջարկները, որոնք կարող են նպաստել հայկական կինոյի զարգացմանը»,- նշեց Ամիրյանը: