կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-29 11:25
Հասարակություն

Տավուշում նախակրթարաններ կբացվեն մանկապարտեզ չունեցող 8 համայնքներում

Տավուշում նախակրթարաններ կբացվեն մանկապարտեզ չունեցող 8 համայնքներում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 27-ին Իջևանում ներկա է գտնվել Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը: Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մեկնարկին նվիրված աշխատանքային խորհրդակցության սկզբում մարզպետարանի կրթության, երիտասարդության և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը ներկայացրել է 2015-2016 ուսումնական տարում մարզի կրթության ոլորտում իրականացված աշխատանքերի հաշվետվությունը:

Նշվել է, որ մարզում գործում է 81 հանրակրթական դպրոց, որից 4-ը` ավագ: 2015-2016 ուսումնական տարվա սեպտեմբերին առաջին դասարանցիների թիվը կազմել է 1737, իսկ նոր ուսումնական տարում կանխատեսվում է 1792: Մարզում գործում են 48 նախադպրոցական հիմնարկներ, և աշխատանքներ են տարվում մանկապարտեզների, այդ թվում նաև նախակրթարանների և մանկապարտեզ հաճախող երեխաների թվի ավելացման ուղղությամբ: 2016թ. նախակրթարաններ կբացվեն մանկապարտեզ չունեցող ևս 8 համայնքում: Մարզի 77 հանրակրթական դպրոցներից 32-ը ունեն լոկալ ջեռուցում, 2 դպրոց ջեռուցվում են էլեկտրական սալիկներով, 41 դպրոց՝ գազի, 2 դպրոց՝ դիզելային վառելիքի վառարաններով : 2015թ. ընթացքում պետբյուջեի միջոցներով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Կողբի թիվ 1, Ներքին Ծաղկավանի, Իջևանի թիվ 5, Գանձաքարի, Արճիսի դպրոցներում: 

Մարզի դպրոցներում աշխատում են շուրջ 2120 ուսուցիչ, որոնց մեծ մասն ունի բարձրագույն կրթություն: Յուրաքանչյուր տարի ատեստավորվում է ուսուցիչների թվաքանակի 1/5-ը: 2013-2016 թվականների ընթացքում տարակարգի ստացման համար մարզից 12 ուսուցիչ դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն և ստացել որակավորման առաջին աստիճանի տարակարգ: ՀՀ կառավարության ծրագրով և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ 2015-2016 ուստարում զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 220 դպրոցականներ իրենց ամառային հանգիստն անցկացրել են Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում: ՄԱԿ-ի «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի դպրոցների 1-4-րդ դասարանցիները ևս ապահովվում են անվճար սնունդով: