կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-02 12:44
Իրավական

Կաշառքի գործով ոստիկանության աշխատակիցներ են ձերբակալվել

Կաշառքի գործով ոստիկանության աշխատակիցներ են ձերբակալվել

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառքի միջնորդության և կաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են երեք անձինք, այդ թվում` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներ:

Այսպես, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Շ. Մակոյանը «B» և «C» կարգերի վարորդական վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Հ. Մամիկոնյանին, ով առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 160.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպքում կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Շ. Մակոյանն այդ մասին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: 07.11.2017թ.-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Շ. Մակոյանը և Հ. Մամիկոնյանն այցելել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժին, որտեղ Շ. Մակոյանը 160.000 ՀՀ դրամը փոխանցել է Հ. Մամիկոնյանին: Վերջինս էլ հանդիպել է հիշյալ բաժնի տեսուչ Ա. Մկրտչյանին` կաշառքի գումարը նրա օժանդակությամբ նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձի` տեսուչ Գ. Քոչարյանին տալու նպատակով:

Արդյունքում, չնայած այն հանգամանքին, որ գործնական քննության ընթացքում Շ. Մակոյանը չի կատարել հարցաշարում ընդգրկված գործողությունները, վերջինս քննությունն ընդունող տեսուչ Գ. Քոչարյանի կողմից գնահատվել է դրական ու ստացել «B» և «C» կարգերի վարորդական վկայական:

Վերը նշված հանցավոր արարքները կատարելու` կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել են ՃՈ տեսուչներ Ա. Մկրտչյանն ու Գ. Քոչարյանը: Իսկ կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հ. Մամիկոնյանը:

Նախաքննությունը շարունակվում է: