կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-29 19:50
Իրավական

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցներ

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Armtimes.com կայքում հրապարակված «Հայտնի երգիչը պատմում է, որ ՀՀ-ում պետավտոտեսուչը կաշառք է ուզել իրենից» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա:

Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության ավագ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հ. Սիմոնյանի կողմից վարվող Կիա մակնիշի ավտոմեքենան: Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է օգտագործել, վերջինիս սթափության  վիճակը չստուգելու, ապա նաև` վարչական իրավախախտման համար համապատասխան արձանագրություն չկազմելու համար, ՃՈ տեսուչներն ընդունել են նրա կողմից կաշառքի առաջարկը: Հիշյալ ոստիկանները, կաշառք ստանալու դիտավորությամբ, նախնական համաձայնությամբ, ավտոմեքենայի ուղևոր Լ. Բաղդասարյանից ստացել են 56.800 ՀՀ դրամին համարժեք 100 Եվրո կաշառք և  թույլատրել շարունակել երթևեկությունը:

Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու` նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են ՃՈ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: