Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աղբյուրը՝ arf.am
Նոյեմբեր 13ի այս օրը կ’ոգեկոչենք անմեռ յիշատակը մեր ժողովուրդի ազգային-ազատագրական պայքարին ամէնէն առինքնող դէմքերէն՝ 19րդ դարավերջին թափ առած հայոց Ֆետայական Շարժման անկեղծ զինուորի աննկուն նախակարապետներէն Սեւ-Քարեցի Սագոյի։
Սեւ-Քարեցի Սագօ առասպելատիպ ֆետայիի աւանդ կտակեց հայոց սերունդներուն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ծնունդը հունաւորող Սարգիս Կուկունեանի արշաւախումբին իր մասնակցութենէն (քսան տարեկանին) մինչեւ Տարօնի մէջ 1898ի իր ձերբակալութիւնը ու երեք տարուան բանտարկութիւնը թրքական զօրքին կողմէ, ապա՝ 1905ի հայ-թաթարական ընդհարումներու ժամանակ Ղազախ-Շամշադինի ինքնապաշտպանութեան ղեկավարումէն մինչեւ 1908ի Պարսկական ժողովրդավարական Յեղափոխութեան մասնակցելու յանձնարարութեամբ իր ճանապարհորդութեան ընթացքին բծաւոր տիֆով վարակումն ու վախճանը։
Դաշնակցութեան անդամագրուած առաջին մարտիկներէն է Սեւ-Քարեցի Սագօ, որ ուղղակի Քրիստափորի եւ Ռոստոմի հետ անմիջական գործակցութեամբ կազմաւորուեցաւ, գաղափարական նկարագիր ու յեղափոխական կամք մարմնաւորեց։ Ինչպէս որ ժամանակակիցները կը վկայեն՝ Սեւ-Քարեցի Սագօ երեք տարի ահաւոր ֆիզիքական ու հոգեկան չարչարանքներու ենթարկուած է թրքական բանտերուն մէջ, բայց երբեք չէ կորսնցուցած ոգու արութիւնն ու կորովը եւ կրկին պայքարի դաշտ վերադառնալու վճռականութիւնը: Ան Մեթերհեմ բանտի միակ կալանաւորն է եղած, որուն երբեւէ չեն կրցած ձեռնաշղթայ հագցնել…
«Ուիքիփետիա ազատ հանրագիտարան»ի ամփոփումով՝ Սեւ-Քարեցի Սագօ, որ գործածած է նաեւ Անմեղ, Անմեղեան ծածկանունները, ծնած է 14 Յունուար 1870ին Սեւ-Քար (այժմու Հ.Հ. Տաւուշի մարզ) եւ վախճանած՝ 13 Նոյեմբեր 1908ին։
1892 թուականին Սեւ-Քարեցի Սագօ հաստատուած է պարսկական-թրքական սահմանին գտնուող Դերիկի վանքին մէջ (որ այդ ժամանակաշրջանին յենակէտ էր դէպի Երկիր ճանապարհին)։ Մասնակցած է քիւրտերու դէմ մղուած հայ ֆետայիներու ինքնապաշտպանութեան կռիւներուն։ Մեծապէս նպաստած է զինատար խումբերու Արեւմտեան Հայաստան անցումին։ Ուղեկցած է Պարսկաստան անցնող կամաւորներուն։
1897ին, մասնակցած է Խանասորի արշաւանքին։ 1898ին, Հ.Յ.Դ. Երկրորդ Ընդհանուր Ժողովի յանձնարարութեամբ՝ զինատար խումբով Կարսէն անցած է Երկիր։ Աղբիւր-Սերոբի եւ Հրայր-Դժոխքի հետ գործակցած է ու մասնակցած ֆետայական կռիւներուն։ Մշոյ դաշտի Ղզլաղաճ գիւղին մէջ ձերբակալուած է թրքական զօրքին կողմէ։ Որպէս Ս. Կարապետ վանքի ուխտաւոր ներկայանալու Սաքոյի բոլոր ճիգերը անցած են ապարդիւն։ Ի վերջոյ, հայդուկային գործունէութեան, Աղբիւր Սերոբի հետ ունեցած նամակագրական կապերուն եւ այլնի համար թրքական դատարանի կողմէ դատապարտուած է 101 տարուան բանտարկութեան, ապա՝ մահուան։ Սակայն 1901 թուականին յանձնուած է ռուսական իշխանութեանց դատին, որոնք ատեն մը ետք ազատ արձակած են զայն։
1905ի հայ-թաթարական ընդհարումներու ժամանակ Սեւ-Քարեցի Սագօ կազմակերպած է Ղազախ-Շամշադինի ինքնապաշտպանութիւնը՝ միաժամանակ հանդէս է եկած եղբայրութեան կոչերով։ 1907ին մասնակցած է Վիեննայի Հ.Յ.Դ. Չորրորդ Ընդհանուր Ժողովին, որ որոշում տուած էր օգնելու 1905 թուականին սկսած Պարսկական ժողովրդավարական յեղափոխութեան։ Ժողովի յանձնարարութեամբ, Սեւ-Քարեցի Սագօ ուղեւորուած է դէպի Պարսկաստան, սակայն ռուս-պարսկական սահմանին հիւանդացած է քոլերայով եւ մահացած։ Թաղուած է Երեւան, այժմու Կոմիտասի անուան պանթէոնի տարածքին մէջ։ 1938 թուականին, խորհրդային իշխանութեանց կողմղ Սեւ-Քարեցի Սագոյի գերեզմանը աւերուած է, իսկ գերեզմանաքարը (սպիտակ մարմարէ) փոխադրուած եւ դրուած է հայ նշանաւոր կոմունիստ Ասքանազ Մռավեանի շիրիմին վրայ։
Սեւ-Քարեցի Սագօ հայոց Ֆետայական շարժման այն եզակի դէմքերէն է, որուն մասին մենք ունինք հարուստ գրականութիւն։ Իր յիշատակը ոգեկոչելու թող ծառայէ հայրենի մեծարժէք մտաւորական Իգնատ Մամեանի նուիրուած կայքէջէն քաղուած եւ Սուրէն Միրզոյեանի կողմէ ստորագրուած՝ «ՍԵՒ-ՔԱՐԵՑԻ ՖԻԴԱՅԻՆԵՐԻ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԸ» խորագրեալ հետագայ վկայութիւնը (Իգնատ Մամեանի «Մեթերհեմ բանտի կալանաւորը» խորագրեալ վիպակին առիթով).
«Թումանեանը ժամանակակիցների յուշերում» գրքում՝ զօրավար Անդրանիկի խօսքը կայ.- «1904ին, առաջին անգամ ըլլալով, տեսայ եւ ճանչցայ զայն (խօսքը՝ Յովհ. Թումանեանի մասին է — Ս.Մ.) իր բնակարանին մէջ, Սեւ-Քարեցի Սաքոյի միջոցով» (էջ 550): Ինձ շատ հետաքրքրեց, թէ ո՛վ է Սեւ-Քարեցի Սաքոն, որ այդքան մտերիմ է եղել հայ ազգի երկու մեծերին` ամենայն հայոց բանաստեղծին եւ ամենայն հայոց զօրավարին: Դիմեցի ինձ ծանօթ սեւ-քարեցիներին, բայց ոչ ոք չկարողացաւ ստոյգ պատասխան տալ իմ հարցին:
Զարմանքս աւելի մեծացաւ, երբ համեմատաբար վերջերս իմացայ, որ Սեւ-Քարեցի Սաքոյի կինը` Մարօ Ղարաքէշիշեանը, ծնուել է Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գաւառի Դոստլու (ներկայումս` Նոյեմբերեանի շրջանի Բարեկամաւան) գիւղում:
…Սկսած իր կազմաւորման վաղնջական ժամանակներից մինչեւ օրս, մեր ժողովուրդը միշտ էլ աչքի է ընկել մեղուաջան աշխատանքով ու արարչագործութեամբ` ստեղծելով ե՛ւ նիւթական բարիքներ, ե՛ւ մշակոյթի ինքնատիպ ու հրաշակերտ յուշարձաններ: Միաժամանակ՝ նա զէնքը ձեռքից ցած չի դրել` պայքարելով թէ՛ օտար նուաճողների, թէ՛ դրկիցների ոտնձգութիւնների դէմ, ովքեր փորձ են արել զրկելու նրան ազատութիւնից ու անկախութիւնից:
Հայ ժողովրդի հերոսական գոյամարտի սրբազան թեմային է նուիրուած Իգնատ Մամեանի «Մեթերհեմ բանտի կալանաւորը» վիպակը («Արեւիկ», 1989թ.):
Վիպակում պարզորոշ երեւում են հեղինակի անհատական ոճը, ստեղծագործական սկզբունքներն ու պատկերային մտածողութիւնը:
Գիրքը կարդացւում է չթուլացող հետաքրքրութեամբ: Ի. Մամեանը կարողացել է համոզիչ պատկերել անցեալ դարի վերջին եւ 20րդ դարի սկզբներին թուրքական բռնապետութեան դէմ ծաւալուած ազգային-ազատագրական պայքարի մասնակիցների` զինատար Սեւ-Քարեցի Սաքոյի եւ նրա զինակից ու կեանքի ընկեր Մարոյի կերպարները: Շարժման գեր-խնդիրն էր մարտնչել սուլթանական Թուրքիայի հարստահարիչների, ազգային ու սոցիալական ամէն կարգի բռնացումների դէմ, ինչին էլ սուրբ երդումով զինուորագրւում են Սեւ-Քարեցի Սաքոն (Սարգիս Ծովանեան) եւ իր կինը` մինչեւ վերջ հաւատարիմ մնալով այդ երդմանը:
Հեղինակը վեր է հանում ֆիդայիների անձնազոհութիւնը, ճշմարտախօսութիւնը, արդարադատութիւնը, հնարամտութիւնը, բարոյական միւս որակները, ինչպէս հաւատարմութիւնը միմեանց նկատմամբ, խիզախութիւնն ու անկոտրում կամքը, յարգանքը աշխատաւոր ժողովրդի հանդէպ: Նրանք օժտուած են մարդկային ամենա-առաքինի յատկանիշներով:
Ո՞վ է Սեւ-Քարեցի Սաքոն:
… Սեւ-Քարեցի ռանչպար Սարիբէկի որդին գնում է Գոշավանք` օրհնութիւն ստանալու: Նայելով խաչուած Քրիստոսի պատկերին, նա շշնչում է.- «Եթէ զօրու ես, ինձ Արաբոյի հայդուկ դարձրու: Արժանի արա նպատակիս, որն է` մինչեւ կեանքիս վերջը կռուել Ավետեաց Երկրի ազատութեան համար: Անձիս պահպանութիւն չեմ խնդրում քեզնից, տէ՛ր: Թող մեռնեմ, եթէ դա հարկաւոր է, միայն թէ ինձ չդարձնես պարզապէս մեռել, ես նահատակ եմ ուզում դառնալ, թող որ յաւիտեանս բոլորին անյայտ, բայց նահատակ: Օգնիր ինձ կեանքս մատաղ անելու իմ ժողովրդին» (էջ 17): Վանքի քահանան ընդունում է Սաքոյի երդումը եւ օրհնում նրա սուրբ նպատակը:
Գիւմրիում Սաքոն ծանօթանում է ղարաբաղցի Արշոյի հետ, եւ նրանք ընդգրկւում են Սալմաստ մեկնող կամաւորական խմբի մէջ, բայց խմբի մեկնումը օրէցօր յետաձգւում է: Ահա եւ նրանք վճռում են երկուսով անցնել Արաքսը եւ մեկնել Ս. Նախավկայի վանք:
Սաքոյին թւում է, թէ գործերը լաւ են ընթանում, սակայն ճակատագիրը երես է թեքում` սպանում են Արշոյին: Անմիջապէս լուծելով նրա վրէժը, Սաքոն դաշոյնով փոս է փորում եւ ընկերոջ դին յանձնում հողին:
Սաքոն ներկայանում է Ս. Նախավկայի վանահայր Վարդանին եւ, հակառակ իր կամքի, երեք ամիս աշխատում է որպէս սպասաւոր ու աբեղայ: Տարբեր ճանապարհներով Սաքոյին ստուգելուց յետոյ, ի վերջոյ, նրան վստահում եւ մարտական յանձնարարութիւններ են տալիս: Շուտով մենք Սաքոյին տեսնում ենք զինատարի դժուարին ու ծանր աշխատանքներ կատարելիս:
Յանձին վիպակի հերոսների՝ Իգնատ Մամեանը կարողացել է կերտել հայդուկների հաւաքական դիմանկարը: Սեւ-Քարեցի Սաքոն, օրինակ, դրսեւորւում է անընկճելի կամքով` բանտարկուած լինելով Մուշի եւ Կարինի բանտերում: Նոյնիսկ այն դէպքում, երբ դատապարտուած էր 101 տարուայ բանտարկութեան, հետագայում էլ` մահուան:
Հիմք ընդունելով Սաքոյի Գոշավանքի երդումը՝ հեղինակը դէպքերը ծաւալում է այդ ուղղութեամբ: Բանտից ազատ արձակուելուց յետոյ, չնայած առողջական վիճակին, միչեւ իր մահը նա երբեք հանգիստ չի առնում: Գրքի առաջաբանում հեղինակը խոստովանում է.- «Հանրածանօթ դէպքերը չվերապատմելու համար շրջանցել եմ գրքի հերոսի կենսագրութեան հետ առնչուող մի շարք յայտնի իրադարձութիւններ, չեմ խորացել այն դէպքերի նկարագրութեան մէջ, որոնք յայտնի են մեզ»…
Դեռ այսօր էլ ապրում են մարդիկ, ովքեր անձամբ ճանաչել ու հանդիպել են Մարոյին: Լաւ կը լինէր, եթէ շրջանառութեան մէջ դրուէր նրանց կենդանի խօսքը, ինչն առաւել կը շեշտէր պատումի վաւերականությունը: Կ’ուզենայի մէջբերել այն դրուագը, երբ զինատար խմբի ղեկավար Արտակ Դարբինեանը դիմում է Սաքոյին.- «Քո մասին ինձ պատմել են, ջահել ես, ուժեղ ու համարձակ: Կ’ուզենայի, որ մի քանի ուրիշ մարդկանց հետ Թիֆլիսից զէնք տեղափոխէիր Արաքսի այս ափը: Կարծում եմ` այդպէս կ’ուզենար նաեւ Մարօ Ղարաքէշիշեանը:
Սաքոն ցնցուեց:
— Դուք ճանաչո՞ւմ էք Մարոյին…
— Այո՛, նա մեզ շատ է օգնում զէնք հայթայթելու գործում»:
Հեղինակը հիանալի է նկարագրում Մարոյին` որպէս հայդուկի. իր պարտականութիւնները կատարելիս Մարոյին միշտ տեսնում ենք միայնակ` լինի Տաշքենդի, Աղստեւի հովտի, թէ այլ ճանապարհներին:
… Անցած ամրանը Իջեւանից Երեւան վերադառնալիս՝ ծանօթացայ երկու սփիւռքահայերի: Պարզուեց, որ նրանք վերադառնում են Սեւ-Քար գիւղից, ուր այցի էին գնացել Սեւ-Քարեցի Սաքոյի գերեզմանին: Իրենց գաղթօջախում առանձին ակումբ են հիմնել Սաքոյի անուամբ եւ վառ են պահում նրա յիշատակը: Մուշեղը, այդպէս էր իմ նոր ծանօթի անունը, պատմեց, որ իր պապն ու Սաքոն միասին կռուել են:
Եթէ դեկտեմբերեան երկրաշարժի առիթով Հայաստանում գտնուող սփիւռքահայերը կարող են այցելել Սեւ-Քար, ապա մեզնից իւրաքանչիւրի պարտքն է երբեք չմոռանալ հայրենիքի նահատակներին:
Կարդալով վիպակը՝ շատերին անհաւանական կը թուայ, որ անցեալ դարավերջին մի հայ կին, տղամարդու տարազով, կարող էր Տաշքենդից զէնք տեղափոխել Կովկաս` ֆիդայիներին հասցնելու նպատակով: Կամ թէ՝ հօրեղբոր տղայի` Գէորգի Ղարաքէշիշեանի օգնութեամբ հրազէն հայթայթել Անդրկովկասի ցարական զինանոցից: Գիրքը հաւաստում է, որ Մարոն ոչնչով յետ չի մնացել Սաքոյից: Նա ոչ միայն զէնք էր ձեռք բերում, այլեւ կարողանում է մահուան դատապարտուած Սաքոյին տեղափոխել Թիֆլիս, ուր եւ նրան ազատ են արձակում: Մի խօսքով` խիզախ հայուհին անհնարինը հնարաւոր էր դարձնում: Ամուսնու մահից յետոյ նա բանտարկւում է, կրկին ազատւում եւ, որ յատկանշական է, մեռնում է զէնք տեղափոխելիս:
Սաքոն եւ Մարոն մեծապէս պարտական էին Գէորգի Ալեքսանդրի Ղարաքէշիշեանին, ում միջոցով ծանօթացել են Յովհաննէս Թումանեանի եւ թիֆլիսահայ մտաւորականութեան հետ: Նա եւս փոքր ծառայութիւններ չի մատուցել ազգի փրկութեանը եւ զոհուել է Սարդարապատի ճակատամարտում` որպէս հրետանային մարտկոցի հրամանատար:
Չնայած 30 հազար օրինակ տպաքանակին` գիրքը, կարելի է ասել, գրախանութներում չերեւաց: Անհրաժեշտ է այն վերահրատարակել, քանի որ հազարաւոր ընթերցողներ` երկրում, թէ արտասահմանում, կ’ուզենային ձեռք բերել այս հրատարակութիւնը…
Իգնատ Մամեանը վիթխարի աշխատանք է կատարել` հասարակութեան ուշադրութեանը ներկայացնելով մի խումբ հայ ֆիդայիների կեանքն ու գործը: Ազգային-ազատագրական շարժման դեռ քանի հերոսներ են սպասում իրենց կենսագիրներին: Նրանք՝ ովքեր զէնքը ձեռքին նահատակուեցին հայրենիքի ազատութեան ու անկախութեան համար, արժանի են ամենայն դրուատանքի ու յիշատակութեան: Մեր հերոսական անցեալի բոլոր դրուագների գեղարուեստական լուսաբանումը դաստիարակչական մեծ նշանակութիւն ունի ոչ միայն այսօրուան, այլեւ գալիք սերունդներուն համար:
Ն.