Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տարկետման վերացման դեմ ուսանողներն արդեն երեք օր է՝ դասադուլ են անում: Ուսանողները պահանջում էին հանդիպում կրթության և պաշտպանության նախարարների հետ: Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպման էր հրավիրել նրանց, սակայն ուսանողները մերժել էին, իսկ երեկ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել էր ուսանողներին, զրուցել նրանց հետ:
Որքանո՞վ է արդարացված ուսանողների պահանջը, կամ ի՞նչ խնդիրներ է լուծելու տարկետման իրավունքի վերացումը: Yerkir.am-ը զրուցել է Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանի հետ:
- Տիկի'ն Հարությունյան, մի կողմից, ուսանողներին պետք չէ կոտրել, քանի որ վաղվա մեր ուժն են, մեր գալիքն են, ու շատ լավ է, որ համախմբված են, բայց, մյուս կողմից, որքանո՞վ է արդարացված նրանց պահանջը:
- Դասադուլը պայքարի ընդունված միջոց է, և կարելի է դասադուլի դիմել, բայց ոչ` այս հարցում. բացարձակ անտեղի եմ համարում այս հարցի շուրջ ուսանողների դասադուլը: Ոչ պետական բուհերում ուսանողները միշտ ծառայել են, և մենք տարիների փորձ ունենք, որ ուսանողը սովորում, ծառայում և զորացրվելուց հետո կրկին շարունակում է իր կրթությունը: Ուսանողները խոսում են այն մասին, որ սովորողին չի կարելի կտրել կրթությունից, նրա ուղին խաթարվում է, բայց ես համամիտ չեմ նրանց հետ, քանի որ հակառակն եմ տեսել մեր իսկ բուհում: Կարծում եմ՝ յուրաքանչյուր համալսարան ու ընտանիք պետք է ինքը կողմնորոշի երիտասարդին, այսօր, ծառայության պատրաստի: Այո, դժվար է երեխային նախապատրաստել, որ, անկախ ամեն ինչից, 18 տարեկանում պարտավոր ես ծառայել, բայց նման ժողովուրդների օրինակներ ունենք և նրանց օրինակով տեսնում ենք, որ իր նպատակին հասնում է ազգը, որը կարևոր պահերին համախմբված է լինում: Տարկետման վերացմանը դեմ լինողները, որպես փաստարկ, բերում են այն, որ մենք ինքնակազմակերպվող ազգ ենք՝ քառօրյա պատերազմը դա ցույց տվեց: Շատ լավ է, մեկը մյուսի հետ ինչո՞ւ ենք համեմատում, պարտադիր զինծառայությունն արտակարգ իրավիճակի հետ ինչո՞ւ ենք համեմատում: Ես անգամ մտածում եմ՝ ինչո՞ւ աղջիկներին չենք պատրաստում՝ եթե ոչ բանակի համար, ապա ուսման տարիներին նրանք զինծառայության այնպիսի դասընթաց պետք է անցնեն, որ ինչ-ինչ պարագաներում կարողանան իրենց դրսևորել՝ առաջին օգնության գիտելիքներ, պաշտպանվելու հմտություններ ունենան:
-Կուզեի խոսենք նաև արդարության և հավասարության հարցի մասին: Ձեր կարծիքով՝ տարկետման վերացմամբ արդարության հարցը լուծվո՞ւմ է:
-Տարկետման իրավունքի վերացմամբ մենք շատ մեծ դաստիարակչական աշխատանք կատարած կլինենք, քանի որ ցանկացած խտրական վերաբերմունք` անկախ նրանից՝ դա վերաբերում է կրթությանը, ծառայությանը, թե առողջապահությանը, հասարակության մեջ անվստահություն է ծնում: Ինձ համար, օրինակ, զարհուրելի բան էր, որ տարկետման իրավունք ունեին միայն անվճար սովորողները: Պետական մոտեցումը պետք է լինի հավասարությունը բոլորի հանդեպ: Եթե ուզում ենք ունենալ որակյալ կրթություն, պետք է դրսևորենք օբյեկտիվ ու հավասար վերաբերմունք յուրաքանչյուրի հանդեպ: Նսեմացուցիչ է, որ հարյուրից երկուսը չեն գնում ծառայելու, իսկ հասարակության մի շրջանի համար դա դառնում է արտոնություն: Այդ իմաստով Հայաստանում այսօր ոչ ոք չի կարող արտոնություն ունենալ: Կգա ժամանակ, երբ մեր տղաները կամավորության կամ էլ պայմանագրային սկզբունքով կծառայեն, սակայն հիմա, քանի դեռ մենք անվտանգության խնդիր ունենք, յուրաքանչյուր ծնող, բուհ և դասախոս պետք է անի ամեն ինչ, որպեսզի երիտասարդները ոչ թե ստիպված գնան ծառայելու, այլ ոգևորությամբ:
-Տիկի'ն Հարությունյան, չեք կարծո՞ւմ, որ, դրան զուգահեռ, պետք է աշխատանքներ տարվեն բանակում՝ այնտեղ արդարություն հաստատելու և ծառայության պայմանները բարելավելու ուղղությամբ:
-Այո, կարծում եմ, որ պետք է հնարավորինս անվտանգ պայմաններ ունենանք մեր բանակում: Ես կողջունեի և կմիանայի այն երիտասարդների ակցիային, ովքեր կբարձրացնեին Հայոց բանակում արդար և անվտանգ պայմաններ ունենալու հարցը: Ես ցանկացած հանձնաժողովի մեջ կմտնեի, որը կգնար ստուգելու՝ ի՞նչ բացեր կան բանակում, որպեսզի օգնենք այն ավելի լավը դարձնել: Իսկ այսօր դասադուլ անող ուսանողներն ինչպե՞ս են նայելու վերջերս զոհված տղաների ծնողների աչքերին, ինչպե՞ս են իրենք իրենց միջավայրում բացատրում իրենց դիրքորոշումը: Հազարավոր գիտնականներ են պատերազմի ժամանակ գնացել ռազմադաշտ ու իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի, դրա համար էլ անհարկի եմ համարում գիտությունը շահարկման առարկա դարձնելը: Այս երիտասարդների կողքին պետք է լինեն մեծեր, ովքեր կբացատրեն հարցի՝ անհարկի շահարկելը:
- Ձեր կոչը, ասելիքը ո՞րն է ուսանողներին, ովքեր բողոքի ակցիա են անում:
-Ուզում եմ դիմել բոլոր ուսանողներին, ովքեր մասնակցում են դասադուլին և նրանց, ովքեր չեն մասնակցում, ուզում եմ իրենք ավելի նուրբ, հոգատար վերաբերմունք ունենան այն երևույթի նկատմամբ, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն. սա մեր տունն է, մեր հայրենիքը, և մեր տան բոլոր սխալներն ինքներս պետք է շտկենք: Նրանք, ովքեր ժողովրդի ու մեր խնդիրների հաշվին ուզում են արտոնություն ստանալ, սխալ քայլի են դիմում: Եկեք արտոնություններն այլ տեղ փնտրենք: Ուզում եմ՝ բոլոր երիտասարդները տիրոջ զգացումով վերաբերվեն երկրին, իսկ տեր լինել` նշանակում է պատասխանատվության զգացում ունենալ, պատասխանատվությունից ոչ ոք չպետք է խուսափի, յուրաքանչյուրս մեր չափով մեր անելիքն ունենք: Ես համոզված եմ, որ աղջիկները հարգում են այն տղաներին, ովքեր առաջին հերթին ունեն նվիրում հայրենիքի հանդեպ: Աղջիկները հպարտանում են նրանցով, ովքեր ծառայել են և կարող են իրենց վրա լրացուցիչ հոգս վերցնել: Մենք մեր կողքին ուզում ենք ուժեղ տղամարդ տեսնել, և եթե այսօր տղան խուսափում է իր պարտքը կատարելուց և իր՝ գիտությամբ զբաղվելը դարձնում է շահարկման առարկա, առնվազն տարօրինակ է: Բոլորս էլ երիտասարդների հետ մեծ հույս ենք կապում, մեր ապագան նրանք են: Կարծում եմ՝ կարելի է սխալվել և շուտ շտկել սխալը: Նրանք պետք է վերադառնան լսարաններ, և նրանց պայքարը պետք է որակյալ կրթության համար լինի, կրթության մեջ արդար մոտեցումների համար: