կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-25 12:21
Քաղաքական

Հրամանով կամ հրահանգով շպագատ չի ստացվում. Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանին

Հրամանով կամ հրահանգով շպագատ չի ստացվում. Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանին

ԱԺ-ում շարունակվում են «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր խոսքում նշեց, որ բոլոր խմբակցություններից դրական եզրակացություն է ստացել օրենքի վերաբերյալ, ինչը դուր չեկավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: «Որ հայտարարում եք` բոլոր խմբակցություններից ունենք դրական արձագանք, էդ ինֆորմացիան որտեղի՞ց եք վերցրել: Ես լսումների ժամանակ եկել եմ, լուռ լսել եմ, հիմա խոսելու ժամանակն է»,- ասաց նա:

Փաշինյանը նախարարից հետաքրքրվեց՝ կա՞ փորձագիտական գնահատական` Հայաստանում ծառայությունից ազատվող հարյուր մարդուց քանիսն են կոռուպցիայով ազատվում:

«Ի՞նչ եք ասում, եղբա'յր, եթե ուզում ես դառնալ պատմաբան, շատ լավ ես անում, գնա ծառայի, հետո արի, գնա պատմաբան: Սա շատ լավ ա, բայց մեկ այլ տեղ էլ, ոչ էս օրենքում, ասում ենք՝ եթե դու ուզում ես հոգևորական դառնալ, խնդիր չկա, պետք չի, որ գնաս ծառայես, նոր հոգևորական դառնաս, դու հենց որոշեցիր հոգևորական դառնալ, քեզ տալիս ենք տարկետում»,- ասաց պատգամավորը, ապա հարցրեց. «էս ի՞նչ սկզբունք ա, ձեր ասած սկզբունքին շատ հակասում է»:

Փաշինյանը նաև մտահոգություն հայտնեց, որ դեռ մանկուց Հայաստանը  լքածներին, երբ ինչ-որ առիթով վերադառնում են Հայաստան, բռնում են և ստիպում, որ ծառայի: «5 տարեկանից երեխան գնում է Ամերիկա, ապրում է, հետո մի օր գալիս է Հայաստան՝ պապի գերեզմանին: Ասում են՝ դու զինապարտ ես, բա էս ո՞ւր էիր, չես ծառայել: Ասում է՝ ա'յ եղբայր, առաջին անգամ եմ Հայաստանում, բայց էս մարդուն մենք բռնում ենք, ասում` մինչև չծառայես, չես գնալու»,- ասաց պատգամավորը:

Նախարարն արձագանքեց. «Հունիս ամսից ես քննարկումներ եմ արել բոլոր ֆրակցիաներում: Ես եկել էի ձեր ֆրակցիա` լսելու ձեր մտահոգությունները, բայց ես ձեզնից մտահոգություն չեմ լսել այն ժամանակ: Եթե Դուք դա պահել էիք ուղիղ եթերով ասելու համար, դա էլ է նորմալ, ես ընդունում եմ դա»:

Սարգսյանը նշեց, որ նաև նորմալ է վերաբերվում Փաշինյանի այն ելույթին, երբ ասաց, թե գլխավոր շտաբի մասին օրենքում գրված չէ, այնինչ գրված է: «Ես համարում եմ, որ հրամանով կամ հրահանգով շպագատ չի ստացվում, շպագատ անելու համար պետք է մարզվել»,- շեշտեց նախարարը, ապա հավելեց. «Եթե Դուք համարում եք, որ նորմալ է, տարկետումից օգտվելով խուսափել ծառայությունից, ես համարում եմ դա սխալ, և նախագիծն այդպես եմ կառուցել»:

Առողջական խնդրի մասին հարցին էլ նա պատասխանեց, որ, իրոք, դա լուրջ խնդիր է, և որ այդ խնդիրը լուծելու համար այս օրենքով ներկայացված են իրավական կարգավորումներ: Հոգևորականների հետ կապված նախարարը նշեց, որ օրենքում ոչ մի տեղ չկա գրած, որ հոգևորականն ազատվում է ծառայությունից, այդ պատճառով էլ նրանք ազատվում են կառավարության որոշմամբ: Իսկ պատճառը, ըստ Սարգսյանի, այն է, որ հիմա այլ ԲՈՒՀ-երում տարկետման իրավունք կա, իսկ Գևորգյան ճեմարանում` ոչ: «Եթե այլ ԲՈՒՀԵՐ-ում տարկետումը վերանա, ես չեմ կարծում, որ հոգևորականը պետք է չծառայած լինի»,- ասաց նա:

Փաշինյանը հակադարձեց Սարգսյանին` ասելով, որ հունիսին նա մի թղթով է եկել՝ 14 շրիֆտով, երկու պարբերություն գրած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրի վերաբերյալ, իսկ այժմ քննարկվում է օրենք, որը 75 հոդված ունի: «Դուք եկել եք, ասել՝ սենց բան ենք ներկայացնելու, մենք էլ ասել ենք` օքեյ, հետո ասել եք` դիտարկեք որպես համահեղինակ ներկայանալու հարցը, մենք ձեզ ոչ մի բան չենք ասել համահեղինակ լինելու մասին»,- ասաց նա:

Փաշինյանը Սարգսյանին ասաց, որ իրենց հետ շփվելու շատ քիչ փորձ ունի նա: «Էն որ հավսար-զգաստ, աջդարձ` էդ կատեգորիայի մարդկանց հետ շփվում եք, էդ փորձը մեզ վրա մի' փորձեք տարածել: Դուք մեզ հետ շփման փորձ չունենալով՝ էդպես ձեզ մի վերապահեք հմտություններ: Դուք չեք կարա ասեք` երբ մենք մեր դիրքորոշումը արտահայտենք, երբ կարտահայտենք այդ ժամանակ էլ կիմանաք»,- նշեց նա:

Սարգսյանն էլ հակադարձեց, որ թե' նրա հետ, թե' մյուս խմբակցությունների հետ իր շփվելու փորձը շատ ավելի վաղ է սկսել, քան իր՝ աջդարձն ու ձախդարձը: