Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն պատրաստել ենք չափանիշները, որոնց հիման վրա էլ կորոշվի, թե գիտական այս կամ այն հիմնարկը որքան է ֆինանսավորվելու. այսօր լրագրողներին հայտնեց ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նա նշեց, որ մեր գիտական հիմնարկները խորհրդային ժամանակների մեթոդով են ֆինանսավորվում` հավասար բաշխման սկզբունքով` անկախ նրանից, թե տվյալ հիմնարկը գիտական ինչ արդյունք է տալիս կամ չի տալիս: «Սա նորմալ երևույթ չէ, ինչի համար էլ մտադիր ենք ինչ-որ ձևով տարանջատել ինստիտուտները` կախված դրանց աշխատանքի արդյունքներից: Մենք սա վաղուց էինք ուզում կյանքի կոչել և փաթեթն էլ պատրաստել էինք, սակայն այն չներդրվեց, քանի որ պատճառները բազմաթիվ են, խանգարողներ կան. բազմաթիվ հիմնարկների կպնելու են, շատ հիմնարկներ կան, որոնք գուցե կփակվեն: Բավականին բարդ գործընթաց է»,- ասաց Հարությունյանը:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ սկզբունքով է որոշվելու գիտական հիմնարկի ռեյտինգային ցուցանիշը, և ե՞րբ են պատրաստվում այդ մեթոդով իրականացնել ֆինանսավորումը, Հարությունյանը պատասխանեց, որ առաջարկությունների փաթեթը հաջորդ տարի կառավարություն կներկայացնեն, և հույս կա, որ 2019-ից էլ կյանքի կկոչվի ֆինանսավորման նոր եղանակը: «Ինչ վերաբերում է հիմնարկների ռեյտինգային ցուցանիշին, ապա այն կորոշվի հետևյալ սկզբունքով` հաշվի կառնենք` հիմնարկն ինչ հոդվածներ է հրապարակել և ինչ ամսագրերում, ինչ գիտաժողովների է մասնակցել, քանի ասպիրանտ է պատրաստել, ինչ զեկույցներ է ունեցել միջազգային գիտաժողովներում, ինչպիսի գրանտներ կամ պետական մրցանակներ է շահել… Այս բոլորը կվերածվի միավորների ու կորոշվի ինստիտուտի ռեյտինգը»,- ասաց նա: