Փոխարժեքներ
03 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.51 |
EUR | ⚊ | € 452.41 |
RUB | ⚊ | ₽ 4.8926 |
GBP | ⚊ | £ 526.78 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընդգրկել է «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու մասին հարցը:
Նախագծի մշակման շրջանակներում կարևորվել է առկա միջազգային փորձը: Աշխատանքը և ծնող լինելը համատեղելու հնարավորությունը ժամանակակից աշխարհում հաջողված ժողովրդագրական քաղաքականության բանալին է: Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ ծնելիությունը ներկայումս ավելի բարձր է այն տարածքներում, որտեղ աշխատող մայրերի տոկոսն ավելի բարձր է, որտեղ կանանց կրթական մակարդակն ավելի բարձր է և որտեղ գործազրկության մակարդակն ավելի ցածր է: Օրինակ՝ Իսլանդիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և Դանիայում, որտեղ ծնելիության մակարդակը տատանվում է 1.9-2.2 երեխայի ծնունդ մեկ կնոջ հաշվով սահմաններում, 25-54 տարեկան բոլոր մայրերի 75-85 տոկոսը զբաղված են: Նման երկրներում մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող մայրերն ավելի հաճախ են վերադառնում աշխատանքի, քան ցածր ծնելիության մակարդակ ունեցող երկրներում:
Այս առումով, հատկանշական է նաև Ֆրանսիայի փորձը, որին հաջողությամբ հետևում են Նորվեգիայում, Ռուսաստանի որոշ տարածաշրջաններ: Նշված երկրներում և տարածաշրջաններում գործում է երեխաների ցերեկային խնամքի համաֆինանսավորման համակարգը հիմնականում հետևյալ երեք ուղղություններով՝ հավաստագրված դայակներ, որոնք ընդունում են երեխաներին իրենց հարկի տակ, մանկապարտեզներ և դայակներ, որոնք այցելում են ծնողներին տանը: Այս մոդելի տեղայնացումը, հաշվի առնելով երկրի առանձնահատկությունները, հնարավոր կդարձնի նշանակալիորեն ավելացնել խնամքով ապահովված երեխաների մասնաբաժինը և կրճատել նախադպրոցական հաստատություններ ընդունվելու համար իրենց հերթին սպասողների ցուցակը՝ նախադպրոցական հաստատությունների ցանցի ընդլայնման պետական քաղաքականությանը զուգընթաց:
Լատինական Ամերիկայի երկրներում և անցումային տնտեսությամբ այնպիսի երկրներում, ինչպիսին է Ռումինիան, երիտասարդների, հատկապես՝ երիտասարդ կանանց շրջանում էապես ավելի արդյունավետ են ուսուցման ինտեգրված ծրագրերը՝ աշխատանքի վայրում և լսարանի համատեղմամբ: Նշված երկրներում կարևորվում է նաև ինստիտուցիոնալ այնպիսի խթանների ստեղծումը, ինչը հնարավորություն կտա գործնականում համապատասխանեցնել մասնագիտական ուսուցման արդյունքները գործատուների պահանջներին: Հետաքրքրական է նաև Ֆինլանդիայի այս ոլորտի կարգավորման փորձը: Ֆինլանդիայում 2013թ. սկզբին սկսվել է Երիտասարդության երաշխավորության իրականացումը, որը որպես միջոցառում սահմանված է Ֆինլանդիայի 2015թ. ազգային ծրագրում: Վերջինս, ի թիվս մի շարք այլ ուղղությունների, ներառում է նաև կրթության երաշխավորությունը, ինչը յուրաքանչյուր անձի, որն ավարտել է հիմնական կրթությունը, հնարավորություն է ստեղծում հետագա կրթությունը շարունակելու համար:
Հաշվի առնելով ուսումնասիրված միջազգային փորձը և ելնելով Հայաստանում ծնելիության տարիքային գործակիցների փոփոխություններից, ինչպես նաև կարևորելով արդեն իսկ երեխաներ ունեցող երիտասարդ կանանց՝ աշխատաշուկայի պահանջարկից բխող մասնագիտական ուսուցում ստանալու կարևորությունը, որպես առաջին քայլ, Նախագծով առաջարկվում է երեխա ունեցող երիտասարդ կանանց աջակցության տրամադրում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության համար պահանջվող համապատասխան գիտելիքների ձեռքբերման հարցում:
Բացի այդ, աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների մեկտեղման հնարավորությունների խթանման նպատակով առաջարկվում է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցության տրամադրում՝ աշխատանքի վերադառնալու դեպքում:
Նախագծով առաջարկվող լրացումները նպատակ են հետապնդում զբաղվածության կարգավորման պետական նոր ծրագրերի ներդրմամբ՝
1) ապահովել առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքի աստիճանական նվազումը և մեծացնել երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունները,
2) մեծացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու և երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունները:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց համար բարձրագույն մասնագիտական կրթության ստացման իրական հնարավորությունների ստեղծման միջոցով այդ անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացում, երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների մեծացում՝ աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների համատեղման հնարավորությունների ապահովման միջոցով: