Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1993 թվականի օգոստոսի 23-ին Մարտունու դիրքերում պաշտպանական հատվածը ամրապնդելիս զոհվեցին Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Մերուժան Մոսիյանը եւ Լիբանանի ՀՅԴ անդամ, ԼՂՀ Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հետախուզական և զինական մասի խորհրդական Մհեր Ջուլհաճյանը մարտական ընկերների՝ Արտակ Մնացականյանի, Լևոն Համբարձումյանի և Ռուդիկ Ավագյանի հետ:
Մհեր Ջուլհաճյանը ծնվել է 1967թ. նոյեմբերի 28-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Դամասկոսի Թարգմանչաց վարժարանում:
1978թ. Մ. Ջուլհաճյանը ծնողների հետ հաստատվել է Պուրճ Համուտում, որտեղ և անդամակցել է ՀՅԴ «Նավասարդյան» պատանեկան միությանը: Միջնակարգ և երկրորդական ուսումը շարունակել է Ազգ. Խորեն Խանամիրյանի անվան քոլեջում:
1984թ. անդամակցել է ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միության (ԼԵՄ) «Րաֆֆի» մասնաճյուղին:
1986թ. փետրվարին Մ. Ջուլհաճյանը ընդունվել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բնագիտության բաժին. մտադիր էր մագիստրոսի կոչում ստանալ երկրաբանության ասպարեզում:
1989թ. դեկտեմբերին ստացել է գիտության պսակավորի վկայական:
1989թ. Մ. Ջուլհաճյանը նշանակվել է ՀՅԴ «Բաբկեն Սյունի» պատանեկան միության վարիչ և իր պարտականությունները կատարել մինչև 1991թ. մարտ ամիսը, 1990թ. հոկտեմբերին անցել «Զավարյան» ուսանողական միության շարքերը:
1990թ. սկզբից մինչև 1992թ. հունիս ամիսը բնագիտություն է դասավանդել Ազգ. Գևորգ Չալթապաշյան և Գերմանական երկրորդական վարժարաններում: Աշխատել է նաև Բեյրութի Ամերիկյան համալսարանի բնագիտության լաբորատորիայում:
Բեյրութի կռիվների բովով էր անցել, գերվել լիբանանահայության ինքնապաշտպանության հոգսերով: Հայրենիքից հնչած ահազանգը տակնուվրա արեց նրա հոգին, և նա կրկին դարձավ զինվոր: Արցախում մարտնչող զինվորներին ձեռնամարտի գիտությունն էր պետք, և այս իսկ պատճառով նա պիտի շտապեր Հայաստան: 1992թ. ամուսնանալով նա տեղափոխվում է Հայաստան: Նույն թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան, զուգահեռ մասնակցում Արցախի ազատագրական պայքարին: Քարտեզագիտության խնդիրներ կային, զենքի արվեստին տիրապետելու տքնաջան աշխատանքի անհրաժեշտություն, և նա լծվեց մարզումների գործին:
1992թ. գարնանը՝ ձմեռային բանակումներից հետո, Մհերը տեղափոխվեց Արցախ՝ Շուշիի Առանձնակի գումարտակ: Կարճ ժամանակ անց հրետանային հարձակողական համակարգի իր բանաձևային առաջադրումների իրագործման համար նա տեղափոխվեց Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակ, ուր դարձավ Մերուժան Մոսիյանի ղեկավարած հրամանատարական ուժերի հետախուզական ու զինական մասի հրահանգիչն ու խորհրդականը:
1992թ. օգոստոսի 22-ին թուրքական օդուժը, խախտելով ժամանակավոր հրադադարը, ռմբակոծում էր Գևորգավան և Կուրոպատկինո գյուղերը: Մարտունու հյուսիսային գծի պաշտպանական հատվածը ամրապնդելիս 1993թ. օգոստոսի 23-ին Մարզիլի գյուղի մոտ արկի պայթյունից զոհվեց Մհերը իր չորս մարտական ընկերների հետ (Մերուժան Մոսիյան (ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամ), Արտակ Մնացականյան, Լևոն Համբարձումյան և Ռուդիկ Ավագյան): Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
ԼՂՀ նախագահի 2003թ. մայիսի 8-ի ՆՀ-37 հրամանով Մ. Ջուլհաճյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
2007 թ. նոյեմբերին ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների և հանքավայրերի կաբինետը անվանակոչվել է Մ. Ջուլհաճյանի անվամբ: