կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-04 17:52
Հասարակություն

Դոմիկ է. Արամ Հարությունյանը՝ Սեւանում գտնվող իր սեփականության մասին

Դոմիկ է. Արամ Հարությունյանը՝ Սեւանում գտնվող իր սեփականության մասին

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց թողնելու կառավարության որոշումը, որն ԱԺ-ն ընդունեց:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հարակից զեկուցող, բնապահպանության նախկին նախարար, Ջրային պետական կոմիտեի նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին հիշեցրեց, որ Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոցը տանող ճանապարհին, լճի ափին շատ մոտ, 2009 թվականից կառուցված է մի առանձնատուն, որը գյուղացիների վկայությամբ, պատկանում է իրեն:

Պատգամավորը նշեց, որ բետոնե հիմքի վրա կառուցված շինությունը գտնվում է 1901 մետր բացարձակ նիշի վրա, մինչդեռ, ըստ նրա՝ 1903 մետրն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ` ջրի տակ անցնելու համար, երբ լճի ջրի մակարադակը կբարձրանա: Նախարարի խոսքով՝ այս կառուցապատումը ժամանակին օրենքի կոպիտ խախտում էր, իսկ հիմա պարզ է, որ Սևանա լճի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի կողմից ներկայացված նույնիսկ ամենավստահելի տվյալները և հիմնավորումները չեն կարող որևէ հավատ ներշնչել:

Հարությունյանն էլ նշեց, որ ընդամենը թեթև կոնստրուկցիաներով շինություն է, որը կարելի է տեղափոխել: Լրագրողների հետ զրույցում Արամ Հարությունյանը անդրադառնալով այս հայտարարությանն ասաց.

«Ես հայտարարում եմ, որ դա իրենից ներկայացնում է մետաղական շինություն՝ թեթև կոնստրուկցիայով, տեղափոխման հնարավորությամբ, եթե ցանկություն ունեք, կարող եք տեսնել:Դա իրենից վտանգ չի ներկայացնում, այսինքն՝ եթե ժամանակավոր կառույց է, դոմիկ է, կարելի է ցանկացած ժամանակ վերցնել ու տեղափոխել»: Ինչ վերաբերում է Հարությունյանի հայտարարագրին, որ բավական հարուստ է, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է նման հարստություն կուտակել, ինչին նա արձագանքեց. «Վերցրեք ու տեսեք՝ մինչև գործադիրը պարոն Հարությունյանը որտեղ է եղել, ինչ գործունեությամբ է զբաղվել»: