կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-09 23:56
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. Սեփականության վկայականներ` ինքնակամ գույքի առկայությամբ

ԱԶԳ. Սեփականության վկայականներ` ինքնակամ գույքի առկայությամբ

Քաղաքային բնակավայրերում քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց պատկանող հողամասերին կից ինքնակամ կառույցների զբաղեցրած հողամասի եւ նրա վրա գտնվող ինքնակամ շինության առկայության դեպքում կիրականացվի իրավունքների պետական գրանցում:

Այս մասին նախօրեին կառավարության ընդունած որոշման մասին երեկ մանրամասներ ներկայացրեց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուսայանը : Նա նշեց, որ նախկինում սահմանափակում կար այս հարցում, եւ նշված ինքնակամների առկայությունը հնարավորություն չէր տալիս օրինական գույքի նկատմամբ գրանցել սեփականատիրոջ իրավունքը: Այլ խոսքերով ասած, այդ դեպքում սեփականության վկայական չէր տրվում:

Ըստ Աշոտ Մուսայանի, 2009-ին նման վիճակում գտնվող 9 հազար գույք է արձանագրվել, իսկ 2010-ինՙ 12 հազար: Դրանց մասին հայտնի են դարձել, երբ քաղաքացիները դիմել են պետական ատյաններ: Իսկ նման խնդիրներ ունեցողների թիվն ավելի շատ է: Համաձայն նոր որոշման, օրինական հողամասին կից ինքնակամ հողամաս կամ շինություն ունեցողների գույքը կգրանցվի, դրա դիմաց գույքահարկ նույնպես կգանձվի, իսկ վկայականում կնշվի ինքնակամ գույքի առկայության մասին:

Պատասխանելով «Ազգի» հարցին` անշարժ գույքի կադաստրի կոմիտեի փոխնախագահն ասաց, որ ինքնակամ հողամասերը վկայականում շտրիխավորված կնշվեն եւ դրանց առկայությունը չի խանգարի քաղաքացիներին գործարքներ իրականացնել: Ըստ Աշոտ Մուսայանի, այս որոշումը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը կադաստրի համակարգում եւ հնարավորություն կստեղծի բազմաթիվ գույքային միավորների շրջանառվել անշարժ գույքի շուկայում:

Մեր մյուս հարցին, թե վերոնշյալ ինքնակամ գույքի նկատմամբ դրա սեփականատերը կարո՞ղ է փոխհատուցում ակնկալել իրացման գոտիներ համարվող տարածքներում, Աշոտ Մուսայանը դրական պատասխանեց, ասելով, որ եթե այն մինչեւ տվյալ տարածքի իրացման գոտի ճանաչվելն է օգտագործվել տվյալ տիրապետողի կողմից:

Ի դեպ, այս որոշման ընդունման առաջարկը դեռեւս 6 տարի առաջ արվել էր կադաստրի կոմիտեի նախկին նախագահի կողմից: Մի՞թե այդքան երկար ժամանակ էր պետք դա ընկալելու եւ կյանքի կոչելու համար: