կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-23 12:33
Հասարակություն

Կադրերի պակասը, աշխատուժի ու շուկայի պահանջարկի հարցերը կլինեն կառավարության ուշադրության կենտրոնում

Կադրերի պակասը, աշխատուժի ու շուկայի պահանջարկի հարցերը կլինեն կառավարության ուշադրության կենտրոնում

Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների` 2017/2018 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին որոշման նախագիծը։

Նախարարի խոսքով՝ լուրջ բարեփոխումների մեջ է միջին մասնագիտական կրթական համակարգը, առկա է եվրոպական դրամաշնորհների աջակցություն։ Բացի այս` համապատասխան օրենքում փոփոխություն կկատարվի սեպտեմբերին, որպեսզի միջին մասնագիտական կրթությունն ավելի մոտեցնեն բիզնես միջավայրին։

Վարչապետն արձագանքեց. «Իրականում շատ կարևոր որոշման նախագիծ է: Մենք այսօր բազմաթիվ ոլորտներում՝ թե' գերակա՝ ՏՏ, թեթև արդյունաբերություն, թե' այլ ոլորտներում, ունենք մասնագետների պակաս։ Հանդիպումների ժամանակ բիզնես ոլորտի ներկայացուցիչները պատրաստակամ են ներդրումներ անել, որպեսզի կարողանան շուկայում հայտ վերցնել։ Մեր կրթական համակարգը շուկայի պահանջներին արձագանքում է դեռ շատ վատ։ Պարո'ն Մկրտչյան, համապատասխան գերատեսչությունների հետ հստակ ձևակերպեք խնդիրները, այն շահառուները, որոնք պատրաստակամ են մասնակցել այս պրոցեսին, ներգրավեք, կատարեք փոփոխություններ այս ոլորտում»։

Արձագանքեց նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` ասելով. «Հիմա ծրագիր ենք անում բանակում, պայմանավորվել ենք «Թումո» կենտրոնի հետ, աշխատանքներ են տարվում զորամասերում «Թումո» կենտրոններ բացելու ուղղությամբ, և եթե կլինեն շահագրգիռ ընկերություններ, ասենք՝ հանքարդյունաբերության ոլորտից, որոնք կարող են փոքր ուսումնական վարժասարք տեղադրել որևէ խոշոր զորամասում, դա կարող է փոխադարձ շահավետ ու հետաքրքիր ձևաչափ լինել։ Մենք շահագրգռված ենք, որ բանակում ծառայելու ընթացքում քաղաքացին լրացուցիչ կրթություն ստանա»։

Կարեն Կարապետյանն ամփոփեց. «Բոլոր գերատեսչությունները թող ձևակերպեն աշխատուժի պահանջարկը, ինֆորմացիան ամփոփվելու է ԿԳՆ-ում»։

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հավելեց, որ այսօր կոնկրետ գյուղատնտեսության հետ ծրագիր են իրականացնում, որի արդյունքներն ակնառու են։

Կարեն Կարապետյանի խոսքով՝ բիզնեսը փորձում է իր ձևով կազմակերպել իր աշխատանքները, ահա թե ինչու աճի տեմպն է նվազում, դա վերաբերում է ՏՏ-ին, թեթև արդյունաբերությանը, ֆերմերությանը, գրեթե բոլոր ոլորտներին։ Եվ աճի տեմպերի դանդաղեցման հարցում իր դերն ունի կադրերի պակասը, ուստի պետք է կազմակերպել կադրերի պատրաստում մի քանի ամսվա ընթացքում։