կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-09 16:11
Քաղաքական

Հետևողական ենք լինելու, որ կենտրոնն իր պրոֆիլը պահպանի. Ռուստամյան

Հետևողական ենք լինելու, որ կենտրոնն իր պրոֆիլը պահպանի. Ռուստամյան

Երեկ ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր  պետական գույքի մասնավորեցման` 2017-2020 թվականների ծրագրի մասին նախագիծը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ելույթում նշել էր, որ մենք պետք է ունենանք այն ավանդույթը, որ կառավարությունը սովորի` եթե ինչ-որ ցանկ բերվում է, ապա այն ինչպես մտավ, այդպես էլ չպետք է դուրս գա ԱԺ-ից:

Պատգամավորը առաջարկել էր, որ ծրագրի հավելված 1-ի 33 կետը հանվի մասնավորեցման ծրագրից: Խոսքը վերաբերում էր ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնին:

Այսօր, երբ ԱԺ-ն քննարկում էր օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը: Նա նշեց, որ կառավարության համար ընդունելի չէ Ռուստամյանի առաջարկը, քանի որ ներկայումս «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այն առողջապահական կազմակերպություններից է, որը հնարավորինս սեղմ ժամկետներում ներդրումներ ներգրավելու կարիք ունի:

«Հաշվի առնելով, որ կենտրոնն իր պրոֆիլով միակն է ՀՀ-ում, մասնավորեցման գործընթացն իրականացնելիս ոչ միայն պետք է  սահմանվի պրոֆիլի պահպանումը, այլ նաև պետք է ամրագրվի պահանջ այն մասին, որ ռազմական, արտակարգ իրավիճակների և հատուկ դրության ժամանակ կենտրոնն ապահովելու է սահմանված ծավալով բժշկական օգնության և սպասարկման իրականացում, հատկապես` ճառագայթային վտանգի առկայության դեպքում և ապահովելու է ճառագայթային հիվանդությամբ անձանց շարունակական հսկողության անընդհատությունը»,- ասաց Սահակյանը և նշեց, որ, այս ամենից ելնելով, միայն մասնավորեցումով է հնարավոր ապահովել ներդրումների իրականացումը:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ միշտ մտավախություն կա, որ մասնավորեցումը սպասվող ակնկալիքները չի արդարացնի: «Մեզ համար համոզիչ չէր, որ կենտրոնի մասնավորեցումն իր արդյունքը կտա, բայց մյուս կողմն էլ կա` այնպիսի պայմանագրով մասնավորեցումը կատարվի, որ պետությունը միշտ կարողանա իր վերահսկողությունը ունենալ, որ այդ պրոֆիլը պահպանվի, իր նպատակին ծառայի, և  հիմնարկության վիճակը ավելի ու ավելի լավանա»,- շեշտեց պատգամավորը:

Նրա խոսքով` իրենք հետամուտ են լինելու, որ գոնե այդ մասնավորեցման պրոցեսը տեղի ունենա այն տրամադրությամբ, որ այդ ուղղությունը պահպանվի: «Մեր խնդիրն այն է, որ այդ կենտրոնը, որ մեծ դեր ունի տարածաշրջանում և համաշխարհային առոջղապահության կառույցի կողմից է գնահատված որպես բարձր մակարդակ ապահոված հիմնարկություն, պահպանի իր բարձր վարկը: Սա է մեր հիմնական խնդիրը»,- ընդգծեց պատգամավորը, ապա հավելեց, որ  պետք է նաև նկատի ունենալ, որ այնտեղ ձևավորված կոլեկտիվ կա, այդ կոլեկտիվը երկար տարիների աշխատանք է տարել, և կոլեկտիվի գիտական ձեռքբերումները պետք է գնահատվի ըստ արժանվույն: Ռուստամյանը հույս հայտնեց, որ մասնավորեցման ընթացքը դա էլ չի խափանի: