Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մայիսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գործունեության աշխատանքային ծրագրի 4-րդ՝ «Աղբավայրերի տեղաբաշխման վերաբերյալ ներդրումային ծրագրի իրականացման գործընթացը և միջոցառումներ՝ ապօրինի աղբավայրերի գոյացումը բացառելու ուղղությամբ» կետի կատարման ընթացքի վերաբերյալ քննարկում, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը:
Ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբին ներկայացվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի ընթացքը, արձանագրված ձեռքբերումները: Մասնավորապես՝ նշվել է, որ ծրագիրն իրականացվում է ըստ սահմանված ժամանակացույցի. մինչև 2019 թ-ը այս տարածաշրջանի համար կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան գործող աղբավայր, ինչը հնարավորություն կտա երկու մարզերի տարածքում իրականացնել կանոնավոր աղբահանություն և հավաքված աղբը տեղադրել շրջակա միջավայրին հասցվող վնասը բացառող աղբավայրում:
Օրակարգային մյուս հարցով փոխնախարարը տեղեկացրել է «Մաքուր Հայաստան» միջոցառումների ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում գործող աղբանոցների փակման և աղբի մաքրման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Նշվել է, որ 138 քարտեզագրված աղբանոցներից արդեն փակվել է 88-ը, մոտ 20-ի փակման աշխատանքներն ընթացքի մեջ: Ա. Խաչատրյանի խոսքով՝ 30 աղբանոց կշարունակի գործել և ժամանակավորապես կսպասարկի մարզի բնակչությանը՝ մինչև նոր աղբավայրի շահագործումը:
Աշխատանքային խմբի նիստում տեղեկացվել է նաև, որ հետագա աղբանոցների գոյացումը բացառելու նպատակով մշակվել են զգուշացումների, ծանուցումների , վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների և վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների ձևաթղթեր, որպեսզի տուգանքներ կիրառվեն չսահմանված և չնախատեսված վայրերում աղբ թափելու համար:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն