Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019-2021 թթ. աղբահանության վճարներն ըստ տարիների ունեն հետևյալ պատկերը.
2019 թ. - բնակչություն՝ 1,240,221.5 դրամ, տնտեսվարողներ՝ 1,600,588.8 դրամ
2020թ. - բնակչություն՝ 1,186,556.6 դրամ, տնտեսվարողներ՝ 1,800,432.2 դրամ
2021թ. - բնակչություն՝ 1,521,902.9 դրամ, տնտեսվարողներ՝ 2,260,896.3 դրամ:
Այս մասին Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Քաղաքապետարանին էինք ուղղել ևս մի քանի հարցեր, ի մասնավորի՝ աղբավայրի շահագործման տնտեսապես շահավետ ծրագիր առկա՞ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ե՞րբ է իրագործվելու, աղբի ո՞ր տոկոսն է տեսակավորվում (թուղթ, ապակի, կենցաղային) և տեսակավորված աղբի ո՞ր տոկոսն է վերամշակվում, արդյոք նոր աղբավայր հիմնվելու՞ է, թէ ո՞չ, աղբավայրում կուտակված աղբն ի՞նչ է արվում, ի՞նչ տոկոսով աճում է աղբի քանակը, 2019-2021 թթ. կանաչապատ տարածքներն ի՞նչ տոկոսով են ավելացել (խնդրել էինք տարանջատել ըստ տարիների և նշել՝ քանի՞ հեկտար են եղել կանաչապատ տարածքերն ամեն տարի), կանաչապատման բյուջեի ո՞ր տոկոսն է հատկացված եղած տարածքների պահպանմանը, ո՞ր տոկոսը՝ ավելացմանը, և ի՞նչ համեմատությամբ են այդ գումարները հատկացվել իրենց նպատակին, 2019-2021 թթ. քանի՞ միավոր կանաչապատ տարածք և քանի՞ հեկտար կանաչապատ տարածք է քանդվել շինարարական կամ այլ ծրագրերի իրագործման համար (Մաշտոցի այգի, Դալմա, Ֆիզիկայի ինստիտուտ, Արաբկիր եւայլն):
Հարցման վերոհիշյալ կետերի վերաբերյալ քաղաքապետարանից ստացվել է հեևյալ պատասխանը.
«Ներկայումս ընթանում է Նուբարաշենի նոր աղբավայրի նախագծման, կառուցման, Նուբարաշենի և Աջափնյակի առկա աղբավայրերի փակման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթի գործընթացը, որի առաջին փուլն ավարտվել է: Հայտարարվել է մրցույթի երկրորդ փուլը և 2022 թ. սկզբին նախատեսվում է ստանալ մրցութային հայտերը: 2022 թ. 2-րդ եռամսյակում ակնկալվում է պայմանագրի կնքում:
Նոր կառուցվելիք աղբավայրում նախատեսվում է կառուցել գրասենյակային շինություն, լաբորատոր շինություն, շահագործման ճանապարհներ, մեքենաների անվադողերի մաքրման կայան, վառելիքի լցակայան, ինչպես նաև նախատեսվում է ցանկապատել ամբողջ տարածքը, տեղադրել անհրաժեշտ հաղորդուղիներ: Աղբավայրի շահագործման համար նախատեսվում է նաև ձեռք բերել մեքենա-մեխանիզմներ (տոփանիչ, բուլդոզեր, ինքնաթափ և այլն): Նոր աղբավայրի հատակն ամբողջապես ծածկվելու է անջրաթափանց շերտով, որը թույլ չի տա կեղտաջրերի ներթափանցում մայր գրունտ: Բացի վերը նշված միջոցառումներից՝ առաջացած կեղտաջրերը մաքրվելու են կառուցվելիք կեղտաջրերի մաքրման կայանում: Աղբավայրում տեղադրված աղբն օրական կտրվածքով ծածկվելու է գրունտով՝ բնապահպանական ռիսկերի կառավարման նպատակով: Այստեղ կառուցվելու են նաև գազի կուտակման համար անհրաժեշտ հորեր, խողովակներ, ավելցուկ գազի այրման սարքավորում, ինչպես նաև տեղադրվելու է էլեկտրաէներգիայի ստացման համար անհրաժեշտ գեներատոր` 1.4 ՄՎտ հզորությամբ: Նոր աղբավայրում կառուցելու է աղբավայրի պատշաճ մուտ/ելք:
Ինչ վերաբերում է եղած աղբավայրերի փակելուն և կուտակված աղբին, ապա վերոհիշյալ ծրագիրը նախատասված է իրականացնել երկու տարում: Առկա աղբավայրերի տարածքն ամբողջապես ծածկվելու է, և, ինչպես վերը նշվեց, կուտակված աղբից նախատեսվում է ստանալ էլեկտրաէներգիա:
Երևանի քաղաքապետարանի կողմից թափոնների կառավարման ոլորտում իրականացվում են հետևյալ ծրագրերը.
Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական Միության միջև 2019 թվականի դեկտեմբերի 17-ին կնքվել է Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ դրամաշնորհային պայմանագիր, որի նպատակն է քաղաքային կառավարման համակարգային բարեփոխումներով ներդնել վտանգավոր թափոնների կառավարման նոր ու արդյունավետ համակարգ:
«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ը ստեղծվել է 2019 թ. դեկտեմբերի 25-ին, ուստի 2019թ-ի վերաբերյալ տեղեկատվություն չենք կարող տրամադրել։ Երևան քաղաքում «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի կողմից սպասարկվող կանաչ տարածքները կազմում են շուրջ 464 հա։ Ըստ այդմ, 2020-2021 թթ-ին սպասարկվող կանաչ տարածքները ավելացել են 10,16%, որից 0,19%-ը 2020 թ-ին, 9,97%-ը՝ 2021 թ-ին։ Սպասարկվող կանաչ տարածքների պահպանման նպատակով «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի բյուջեից կանաչ տարածքների պահպանման համար հատկացվել է 90%, իսկ դրանց ավելացմանը՝ 10%։
2020 թ. ընթացքում «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի կողմից թափոններ (ստվարաթուղթ) հավաքագրվել են միայն տնտեսվարողներից, իսկ 2020 թ. դեկտեմբերից մինչև փետրվարի վերջ՝ փուլային տարբերակով տեղադրվել են 135 տեսակավորման կետեր (թուղթ, պլաստիկ, ապակի)։
2021 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ Երևան քաղաքում տեղադրված տեսակավորման կետերից հավաքվել է 663,000 կգ թափոն, որից ստվարաթուղթ, թուղթ 579,000 կգ, պլաստիկ՝ 30,000 կգ, ապակի՝ 54,000 կգ։ Բացառությամբ ապակու, մնացածը վերամշակվել է։
2022 թվականին նախատեսվում է ընդլայնել թափոնների տեսակավորման կետերի ցանցը և կառուցել թափոնների տեսակավորման կայան։
Ինչ վերաբերում է շինարարական կամ այլ ծրագրերի պատճառով կանաչ տարածքների կորստի մասին տեղեկատվությանը, ապա նախ հիշեցնենք, թե որոնք են կանաչ գոտու սահմանումները՝ բնակավայրերի համար.
«Բնակավայրերի կանաչապատվածության մեջ միասնական ամբողջական համակարգ` բնակավայրերին հարող անտառներով, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներով, անտառապաշտպան շերտերով զբաղեցված տարածքներով, որոնք ունեն պաշտպանական և սանիտարահիգիենիկ նշանակություն և հանդիսանում են բնակչության հանգստավայրեր (ռեկրեացիոն գոտիներ), ունենում են անտառապուրակային գոտի և անտառատնտեսական մաս.
2) կանաչ տնկարկներ` բնական աճող կամ արհեստականորեն տնկված ծառերի, թփերի ու խոտաբույսերի ամբողջություն: Կանաչ տնկարկների համակարգը կազմվում է բնակավայրերի տարածքում և բնակավայրամերձ տարածքներում գտնվող տարբեր գործառական նշանակություն ունեցող տնկարկների ամբողջությունից:
Ըստ այդմ, բնութագրով սահմանված տարածքներում շինթույտվություններ Երևանի քաղաքապետարանը չի տալիս, սակայն, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփական հողատարածքում կարող են լինել ծառեր, տնկարքներ, որոնք սեփականատիրոջ նախաձեռնությամբ հատվեն՝ կառուցապատման նպատակով: Գործող օրենքով սեփականատիրոջը նման իրավունք վերապահված է: Նշենք նաև, որ տրամադրվող շինթույլտվությունների համատեքստում կա պայման, համաձայն որի ըստ կառուցապատման տեսակի, մասնավորապես բազմաբնակարան բնակելի համալիրների դեպքում կառուցապատողը պարտավոր է կառուցվող մակերեսի մինչև 40 %-ի չափով հիմնել կանաչ տարածքներ», - նշված է Երևանի քաղաքապետարանի գրավոր պատասխանի մեջ: