կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-18 12:31
Մշակույթ

Ապրիլի 24-ին Բեյրութում Տիգրան Համասյանը հանդես կգա համերգով

Ապրիլի 24-ին Բեյրութում Տիգրան Համասյանը հանդես կգա համերգով

Ապրիլի 24-ին Բեյրութում տեղի կունենա «Լույս ի լուսոյ» խորագրով համերգը: «Լույս ի լուսոյ»-ն Տիգրան Համասյանի յուրօրինակ նախագիծն է դաշնամուրի և երգչախմբի համար: Այն կներկայացնեն Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը` Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Ի դեպ, պատրաստ է արդեն կայքը, որում ներկայացված են համերգների օրերը: Կայքում տեղադրվել է նաև Համասյանի` հոգևոր մշակումներից մեկը:

 

Տեղեկացրել էինք, որ Համասյանի նոր երաժշտական նախաձեռնությունը 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանությունն է, որը 2015-ի սեպտեմբերին ECM ընկերության հետ համատեղ կթողարկվի ձայնասկավառակի տեսքով: Երգացանկում հավաքված են Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները։

 

Նախագծի շրջանակում Համասյանը կմեկնի Թուրքիա ու ելույթ կունենա պատմական Վասպուրական նահանգում՝ այն վայրում, որտեղ ժամանակին ապրել է Գրիգոր Նարեկացին: Նարեկավանքում համերգ չի լինի, քանի որ այն այլևս գոյություն չունի: Վանական համալիրն ամենանշանակալի վայրերից էր միջնադարյան Հայաստանում ու կից մեծ դպրոց ուներ: Այն լքվել է 1915-ի Ցեղասպանության ժամանակ և ոչնչացվել 1951-ին: Այժմ վանքի տեղում մզկիթ է կառուցված: Նախագծի շրջանակում Տիգրանը կկատարի նաև Նարեկացու «Տաղ Յարութեան»-ը:

 

«Լույս ի Լուսոյ»-ում ընդգրկված ստեղծագործությունների թվում են նաև Պահլավունու «Ով զարմանալի»-ն ու Կոմիտասի «Հայրապետական մաղթերգ»-ը: «Ով զարմանալի» շարականը հնչում է Ջրօրհնեքի արարողության ընթացքում՝ պատարագից հետո: Այն մեզ հասել է երաժշտության հետ ու արտացոլում է կիլիկյան հին հոգևոր երգեցողության նրբությունները: Նախագծում ընդգրկված են նաև պատարագից այլ հատվածներ:

 

«Լոյս ի Լուսոյ»-ի շրջագայությունը մեկնարկել է մարտի 24-ին Երևանում և կշարունակվի Վրաստանի, Թուրքիայի, Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Անգլիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի 100 եկեղեցում: Ամբողջ շրջագայությունն ու բոլոր համերգները կնկարահանեն Էմիլի Մկրտչյանն ու Ալեքս Իգիդբաշյանը, իսկ արդյունքում` 2016-ին Տիգրանի հետ համատեղ առանձին ֆիլմ կթողարկեն: