կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-27 20:00
Աշխարհ

Շատ կարևոր է, որ մարդիկ պարզապես իմանան, թե ինչ է կատարվել. Քիմ Քարդաշյան

Շատ կարևոր է, որ մարդիկ պարզապես իմանան, թե ինչ է կատարվել. Քիմ Քարդաշյան

Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին, բայց ոչ ոք չհարցրեց պատճառը, թե ինչու է նա անցել կարմիր գորգով` գրիպով հիվանդ լինելով այդ պահին, գրում է «Նովոստի Արմենիան»` հղում անելով «LA Times»-ին:  

Քարդաշյան ընտանիքի հրաշալի փրկությունը

Ինչպես նշում է պարբերականը` «Խոստումը» ֆիլմն առաջին խոշորաբյուջետային ֆիլմն է, որը պատմում է Հայոց ցեղասպանության վայրագությունների մասին, իսկ այդ թեման մոտ է Քարդաշյան ընտանիքին։

Դեռ մանկուց նա լսել է այն պատմությունը, թե ինչպես են նրա նախապապերը խուսափել մահից շնորհիվ մի նամակի, որում ասվում էր. «Այստեղ բոլորը սպանվելու են։ Փախեք Լոս Անջելես, Կալիֆորնիա»։

Քարդաշյանները հավատացել են նամակը բերողին և լքել են հայրենիքը` կտրել–անցնելով ավելի քան 7 հազար մղոն դեպի Կալիֆորնիա 1914 թվականին։

Քիմի ներդրումը ֆիլմի առաջխաղացման գործում

Թեև պարբերականը հիշեցնում է, որ բազմաթիվ հայտնի դեմքեր մասնակցել են ֆիլմի փրոմոարշավին, սակայն Քարդաշյանը Twitter-ի իր 5.1 մլն հետևորդներով մնում է խոշորագույն մարքեթինգային ակտիվը։ Նա արդեն չորս անգամ ֆիլմի մասին գրառումներ է կատարել այդ սոցցանցում։

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղը նաև իր էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին հոդվածներ ամերիկյան մամուլից` կոչ անելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային արտասանել «ցեղասպանություն» բառը։

Հպարտություն հայ լինելու համար

«Քանի որ ես մեծացել եմ Բեվերլի Հիլզում, մենք երբեք չենք լսել այլ հայերի մասին։ Ամեն անգամ մարդիկ հարցնում էին մեզ մեր ազգային պատկանելիության մասին։ Ես շատ հպարտ էի»,– հիշում է Քարդաշյանը։

Նրա խոսքով, հայրը նրան սովորեցնում էր, որ «ընտանիքն ամեն ինչ է» և պահանջում էր հիշել արմատների մասին։

Պարբերականը հիշեցնում է, որ Քարդաշյանն առաջին անգամ պատմական հայրենիք է այցելել 2015 թվականին։ Թեև Հայաստանում բարեկամներ չունի, իր այցի ժամանակ նա հանդիպել է շատ մարդկանց, ովքեր ճանաչում էին նրա ընտանիքը։

Հեռուստաաստղը կարծում է, որ հայկական համայնքի ամենամեծ ցանկությունը լսելի լինելն է, այդ իսկ պատճառով նա ամբողջ ընտանիքին կտանի «Խոստումը» դիտելու։

«Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մարդիկ պարզապես իմանան, թե ինչ է կատարվել։ Դա կարող է կատարվել յուրաքանչյուրի հետ, և մենք ընտրություն չունենք։ Բայց երբ կատարվածը չեն ընդունում, դու սկսում ես վախենալ, որ դա կկրկնվի։ Դա սարսափելի է»,– կարծում է Քարդաշյանը։