Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Մարին Լը Պենը «Nouvelles d'Armenie»-ին տված հարցազրույցում ասել է, թե Արցախյան հիմնահարցի լավագույն լուծումը կլիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև այնպիսի համաձայնության ձեռքբերումը, որով ԼՂ-ն կվերամիավորվեր Հայաստանի հետ: Նա նաև հիշեցրել է, որ սխալ էր ԽՍՀՄ փլուզումից հետո ներքին վարչական սահմանները մեխանիկորեն, առանց վերաիմաստավորման պետական սահմանների վերածելը:
Ավելի վաղ Փարիզում լույս տեսնող հայկական նույն` «Nouvelles d’Armenie» ամսագրին տված հարցազրույցում նույնատիպ պնդումներ էր արել Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածու՝ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիոնը: Խոսելով անցած տարվա ապրիլյան քառօրյա մարտերից հետո ստեղծված իրավիճակի մասին` նա ասել էր, թե խնդիրը ստեղծվել է Ստալինի 1921թ. որոշմամբ, որով Արցախը կամայականորեն անջատվել է Հայաստանից` հօգուտ Ադրբեջանի: Ակնհայտ է՝ Ֆիոնը ևս ակնարկում է Արցախի հայկականության մասին:
Փաստորեն, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 4 առաջատար թեկնածուներից երկուսը ԼՂ հարցում լիակատար միակողմանի, պրոհայկական դիրքորոշումներ են հայտնում: Որքան էլ այս երևույթը ոգևորող է, այնուամենայնիվ, նման հայտարարություններին որոշակի վերապահումով պետք է մոտենալ: Երկու թեկնածուներն էլ այս միտքն արտահայտել են հայկական ամսագրին տված հարցազրույցում: Այսինքն` դա ոչ թե ԼՂ հարցը քաղաքական բանավեճի առարկա դարձնելու` նրանց նախաձեռնությունն է, այլ ընդամենը հայկական ամսագրի կողմից ԼՂ հարցում թեկնածուների դիրքորոշումների ճշգրտում: Չի բացառվում, որ եթե «Nouvelles d’Armenie»-ն առիթ ունենար մյուս թեկնածուների հետ ևս հարցազրույցներ ունենալ, նրանք ևս մեծ հաճույքով նման հայտարարություններ կանեին:
Բանն այն է, որ թե՛ Լը Պենի և թե' Ֆիոնի այս հայտարարությունների նպատակը բավականին կազմակերպված, ազգային ընդգծված դիմագիծ ունեցող հայկական համայնքի համակրանքը շահելն է: Թեկնածուների միջև մրցակցությունն այնքան սուր է, իսկ ընտրությունների արդյունքներն` այնքան անկանխատեսելի, որ նրանցից յուրաքանչյուրը կենաց-մահու կռիվ է տալիս յուրաքանչյուր քվեի համար: Եվ ազգությամբ հայ ընտրողների վստահությունը շահելու համար նրանք պատրաստ են անել այնպիսի՝ միջազգային հանրության ընկալումների տեսանկյունից ծայրահեղ հայտարարություններ, որոնք Արցախյան կարգավորման գործընթացի հետ բացարձակապես ոչ մի կապ չունեն և ընդամենը շոշափում են կոնֆլիկտին ու ներկայիս իրավիճակին հանգեցրած պատմական անարդարությունների խնդիրը: Երկու թեկնածուներն էլ ընդամենը խաղում են ֆրանսահայ ընտրողների ազգային նուրբ նյարդալարերի վրա:
Նախկինում նախընտրական շրջաններում թեկնածուները շահարկում էին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու` հայկական սպասելիքները: Սակայն երբ նախ Նիկոլա Սարկոզին, ապա նաև գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը չկատարեցին նման օրենքի վերջնական ընդունման նախընտրական խոստումները, մեծ հիասթափություն պատճառելով Ֆրանսիայի հայկական շրջանակներին, ակնհայտ դարձավ, որ անիմաստ ու նույնիսկ վնասակար է լինելու կրկին նախընտրական մոտիվներով նույն «ձայնասկավառակը» պտտեցնելը: Դա պարզ դարձավ այն արձագանքներից, որոնք հետևեցին վերջերս գործող նախագահ Օլանդի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագիծ շրջանառության մեջ դնելու մասին կրկին տրված խոստումներին: Դրա փոխարեն ԼՂ հիմնահարցը, որը հայկական իրականության համար նույնչափ ու գուցե ավելի մտահոգիչ է, դեռ թարմ է և կարելի է հանգիստ հունցել:
Այդ հայտարարությունները ոչ մի գործնական նշանակություն չունեն և չեն կարող ունենալ: Խնդիրն այն է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է, որը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ մշակել ու բանակցային սեղանին է դրել կարգավորման հիմնարար սկզբունքների փաթեթ` հիմնված ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանները «վերաիմաստավորված» փոփոխելու և Արցախը Հայաստանին միացնելու, այլ նախկին ԼՂԻՄ-ին հարակից և հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնելու դիմաց Արցախին միջանկյալ կարգավիճակ շնորհելու տրամաբանության վրա: Սա, ինչպես ԱՄՆ-ի և Ռուսաստանի, այնպես էլ Ֆրանսիայի պետական քաղաքականությունն է, որը չի կարող որևէ փոփոխության ենթարկվել` անկախ նրանից, թե թեկնածուներից որը կդառնա նախագահ: Որովհետև ցանկացած փոփոխություն հանգեցնելու է կա'մ կարգավորման գործընթացի դադարեցման, կա'մ ՄԽ ձևաչափի փոփոխության ու դրանից Ֆրանսիայի դուրսմղման: Հետևաբար` ինչպես Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման խոստումները մնացին օդում, այնպես էլ՝ Արցախը Հայաստանի մաս լինելու, որն առանց այդ էլ որևէ խոստում չի պարունակում:
Բայց Մարին Լը Պենի և Ֆրանսուա Ֆիոնի հայտարարությունները կարևոր են մեկ այլ` ոչ քաղաքական, ավելի շատ քարոզչական-հոգեբանական տեսանկյունից: Նրանք զարգացնում են Արցախի հայաստանապատկանության գաղափարը: Սա մի կողմից նշանակում է, որ այդ ընկալումներն ամրապնդված են Ֆրանսիայի քաղաքական էլիտայում, մյուս կողմից` նման պնդումներով նրանք նպաստում են Արցախյան հիմնահարցի բուն էությանը, պատճառներին միջազգային հանրության ուշադրության սևեռմանը և հստակ համոզմունքների ձևավորմանը: Հանգամանք, որը չափազանց կարևոր է՝ Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմ վերադարձնելու մոտեցումը միջազգային ընկալումներում բացառելի համարելու առումով: Այս տեսանկյունից Ֆիոնը, Լը Պենը, կարելի է ասել, «ծառայություն» են մատուցում Հայաստանին և հայ ժողովրդին՝ միաժամանակ նպաստելով Ադրբեջանում հիստերիայի նոր ալիքի առաջացմանը:
Գևորգ Դարբինյան