կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-05 17:48
Քաղաքական

Խորհրդարան չանցած Ախոյանն այսուհետ ավելի շատ կնկարի

Խորհրդարան չանցած Ախոյանն այսուհետ ավելի շատ կնկարի

Արագածոտնի մարզից ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված թեկնածու Արագած Ախոյանն առաջիկա խորհրդարանում չի լինի: Նա Yerkir.am-ի հետ զրույցում ասաց՝ առաջադրվել էր մի մարզում, որտեղ թեկնածուների թիվը շատ էր: «Իսկապես, թեկնածուներով շատ հագեցած էր, և դրա մեջ, բնականաբար, ՀՀԿ-ն իր հստակ ձայները տարավ, բայց որն ինչքանով տեղաբաշխվեց, դա էլ արդեն հաշվարկներով է որոշվում»,- ասաց նա՝ հավելելով՝ հնարավոր է ձայների հաշվարկներն են սխալ արված:

Նշենք, որ մինչ ընտրությունները Ախոյանը հայտարարում էր, որ իր շանսերը բավականին բարձր են և հնարավորությունը մեծ է, որ կրկին լինի խորհրդարանում, սակայն ընտրություններից հետո պարզ դարձավ, որ Արագած Ախոյանը ստացել է 2443 ձայն: Այս մարզից ձայների առավելագույն քանակը բաժին է հասել ՀՀԿ-ի կողմից առաջադրված Նաիրի Սահակյանին (14166 ձայն), ով Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրն է:  

Ախոյանն իր նախընտրական ինքնավստահությունը բացատրեց նրանով, որ յուրաքանչյուր առաջադրվող թեկնածու պետք է վստահ լինի, որ հաջողության է հասնելու, այլապես կստացվի՝ իզուր է մտնում այդ գործընթացների մեջ: «Եթե ցանկացած թեկնածու ի սկզբանե համոզված լինի, որ հաջողություն չի ունենալու, չեմ կարծում, որ նման բաների մեջ պետք է մտնի:  Շատերն էին համոզված, որ հաջողություն են ունենալու, այդ թվում՝ ես, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք: Ես որևէ բան չեմ կարող ասել»,- ասաց Ախոյանը՝ ընդգծելով, որ պատրաստվում է իր հետագա գործունեությունն ավելի  շատ ծավալել արվեստի բնագավառում: «Արվեստանոցում եմ լինելու, նկարելու եմ: Բոլորդ գիտեք նաև, որ ունեմ ընտանեկան բիզնես, շինարարությամբ եմ զբաղվելու: Ոչ մի արտառոց բան չի պատահել, ուղղակի իմ նպատակն էր շարունակել աշխատանքներս խորհրդարանում՝ հարևան երկրի հետ կապված»,- նշեց նա:

Հարցին՝ ստացվում է քաղաքականությունից վերջնականապես հեռանո՞ւմ եք, Ախոյանը պատասխանեց. «Ինձ նման մարդը չի կարող քաղաքականությունից հեռանալ: Քաղաքականությամբ զբաղվելու համար պարտադիր չէ լինել պատգամավոր»:

Հարցին՝ գուցե քաղաքական հենարանի բացակայությո՞ւնն էր պատճառը, որ ձայները քիչ եղան, պատասխանեց. «Ես չգիտեմ, չեմ կարող ասել, առայժմ անկուսակցական եմ»: