կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-28 20:43
Առանց Կատեգորիա

Քյանդրբազությամբ նոր տունտունիկ խաղալ չի ստացվի, տղե՛րք

Քյանդրբազությամբ նոր տունտունիկ խաղալ չի ստացվի, տղե՛րք

Ամեն ինչ կարծես լավ էր սկսվել: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քարոզարշավը սկսեցին միմյանց հետ ազնիվ մրցելու տրամադրվածությամբ: Եզրագծին, սակայն, մոտենում են՝ ինչպես լինում է միշտ` քարոզարշավը վերածելով մի կողմից խուլիգանական ռազբորկաների հարթակի, իսկ մյուս կողմից՝ փոխադարձ ատելության էժանագին թատրոնի: Իրենց ընդդիմադիր հորջորջող քաղաքական ուժերը մրցակցությունը տեղափոխել են տարատեսակ մանիպուլյացիաներով իրարից կատաղի կերպով ընտրազանգված խլելու կենաց ու մահու ճակատամարտի: Դրանից հանդիսատեսը էյֆորիայի մեջ չի ընկնում, որովհետև անտանելի ծանոթ պատկեր է: Պարզապես թուլացած և հիմնական մասով իր անելիքն իմացողի խորաթափանցությամբ հետևում է թատրոնին, որն իր համար սարքել են չհաջողված քաղաքական դերասանները:

Իսկ ներկայացման սյուժեն չափից դուրս պրիմիտիվ է` հնարավորինս մեծ պաթոսով համոզել, որ միակ ընդդիմությունն իրենք են, իսկ մնացածները՝ իշխանական պրոյեկտներ: Այս համընդհանուր պսիխոզի մեջ  ներգրավվել են նաև ուժեր, որոնք, թվում էր, բոլորից շատ պետք է շահագրգռված լինեին, որ խորհրդարան անցնեն գաղափարները, ծրագրերն ու արժեքներն իրենց քաղաքական կապիտալը համարող ուժերը: Պարզվում է՝ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ:

«Ելք» դաշինքը միակ ընդդիմությունը ներկայանալու` Նիկոլ Փաշինյանի ավանական ու անփոփոխ կրեդոյի գերին դարձած, այս օրերին աջ ու ձախ այրում է կամուրջները բոլոր պոտենցիալ գործընկերների, քաղաքական բովանդակություն ունեցող ուժերի հետ: Այդ ճանապարհին «Ելք»-ը «Ծառուկյան», ՕՐՕ դաշինքների կողքին պիտակավորում է նաև ՀՅԴ-ին ու փորձում «աչոկներ» հավաքել նրա հաշվին: Նիկոլ Փաշինյանը, ով, հավանաբար, սոցհարցումների կախարդական գորգին նստած, իրեն արդեն պատկերացնում է Ազգային ժողովում, քամահրանքով նշում է, թե ՀՅԴ-ն խորհրդարան չի անցնելու՝ փաստորեն նման հեռանկարը համարելով հաղթանակ: Թե միակ ընդդիմության միֆի ստեղծման` Փաշինյանի հռետորաբանությունը որտեղ է հասցրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ու հիմա որտեղ կարող է հասցնել արդեն «Ելք»-ին, երևացել է Հրազդանի քաղաքապետի, հետո էլ՝ Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններում: Բայց սա չէ խնդիրը: Խնդիրը նաև այն չէ, որ այս ուժի քարոզչամիջոցը հանդիսացող թերթն ինքն էր օրեր առաջ «Ելք»-ի ու «Ծառուկյան» դաշինքի հնարավոր համագործակցության մասին «թեմա գլորում»:

Խնդիրն այն է, որ տղերքը սխալ խաղադրույք են կատարել: Նրանց թվում է, թե, մրցակից քաղաքական ուժերին Հանրապետականին «ծախված» ներկայացնելով, բարձրացնում են իրենց վարկանիշը ու ձեռք բերում այդ «ծախվածների» պոտենցիալ քվեները: Նման հռետորաբանությունը կարող է աշխատել միայն լյումպենի վրա, այն ընտրազանգվածի, որը հանրահավաքներում, հեռուստատեսությամբ լսում է մյուսների ծախվածության մասին «Ելք»-ի` կրակ կտրած, բոցաշունչ ելույթները, ծափահարում ու մտքում կամ բարձրաձայն մտածում է. «Բայց մալադեց, բա  էս կատաղությանը, դեմքի քրտինքին, բղավոցից կտրած ձայնին, բերանի կողքերով հոսող փրփուրին նայելով` ո՞նց կարելի է էս տղերքին իշխանության պրոյեկտ համարել: Հաստատ միակ ընդդիմությունը սրանք են»: Բայց սա այն նույն ընտրազանգվածն է, որը հաջորդ պահին, «Ելքի» միակն ու անկրկնելին լինելու մասին միտք անելով, գնում  է ընդգրկվելու դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հավաքած ցուցակներում կամ տանը, թախտին նստած, սպասում, թե ընտրակաշառքային աճուրդին ով է ավելի շատ, ինչպես Նիկոլն է սիրում ասել՝ «քյաշ փող» տալու: Եթե այդպես չլիներ, Գյումրու և Վանաձորի ընտրություններից հետո իրենց պարտության «հերսը» Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հենց այս կատեգորիայի մարդկանցից չէր հանի:

Այսինքն` «Ելքը» հիմա գործում է մի ֆրոնտում, որն իրենը չէ,  և որտեղ արդեն վաղուց ամեն ինչ պարզ է: Իսկ այն ֆրոնտը, որտեղ նման երիտասարդ, ինտելեկտուալ ներուժ ունեցող դաշինքը կարող էր լինել, պարզապես կորցնում է: Սա այն ընտրազանգվածն է, որը գուցե գիտակցաբար ընտրությունները մերժում է, դրան չի հավատում, բայց, միևնույն ժամանակ, իր ձայնը վաճառքի էլ չի հանում: Ընտրազանգված, որին հետաքրքրում է քաղաքական ուժերի լրջությունը, ծրագրահենությունը, պատասխանատվության գիտակցումը, հուսալիությունը: «Ելք»-ը նման աքլորակռիվներով, պլինտուսային մակարդակի հռետորաբանությամբ այս  ընտրազանգվածին կերակրում է հենց այն ասելիքով, որը վաղուց արդեն չափազանց անհամացել է նրանց համար և դարձել հայաստանյան քաղաքական ներկապնակից հիասթափվելու հիմնական պատճառը: Տղերքը չեն ուզում տեսնել, որ այս ընտրազանգվածը միայն ուզում է հասկանալ, թե «հորս արև, ես ՀՀԿ-ական չեմ, բայց, հորս արև, դու հաստատ ՀՀԿ-ական ես» տաղտկալի կոնտենտից դուրս ի՞նչ են իրեն առաջարկում որպես փողի, կրիմինալի, վարչական մեքենայի պարտադրած իրականության իրական այլընտրանք: Քանի՞ անգամ եք խոսել այդ այլընտրանքի մասին, տղե՛րք: Ոչ թե ելք լինելու, այլ հենց այլընտրանքի բովանդակության:  

Ենթադրենք` այս մեթոդներով հասաք նրան, որ որևէ քաղաքական բովանդակություն ունեցող ուժ խորհրդարան չանցավ, ու մի 20 տոկոս ձայն հավաքելով` հայտնվեցիք խորհրդարանում: Ենթադրենք: Ի՞նչ եք դրանից շահելու, համարելու եք, որ հաղթե՞լ եք: Այդ դեպքում՝ ո՞ւմ, արդյո՞ք իշխանությանը: Եթե դա ձեզ երջանկացնելու է, հարցեր չկան: Եթե` ոչ, ապա մտածե՞լ եք՝ ի՞նչ կոնտինգենտի հետ եք գործ ունենալու, ո՞ւմ հետ եք գործակցելու, եթե դեռ քարոզչության փուլում բոլոր պոտենցիալ պարտնյորների հետ կամուրջներն անխնա այրում եք: Գուցե ենթադրում եք, որ եթե ստացվեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ այս նույն մեղադրանքներով իրար անխնա բարոյապես ոչնչացնելուց հետո դաշինք կազմել, նույն տունտունիկը հնարավոր կլինի նաև հիմա՞ խաղալ: Եթե դա է հույսը, ապա ավելի լավը չեք, քան նրանք, ում մեղադրում եք քաղաքականությունը բարոյազրկելու մեջ: Որովհետև դրանով ցույց եք տալիս, որ մաքուր քաղաքականությունը, վստահության ռեսուրսը, փոխադարձ հարգանքը, որպես կատեգորիաներ, կապիտալ, քաղաքականության մեջ ձեր բանը չեն: Որովհետև դուք ապացուցում եք, որ ձեզ համար քաղաքականությունը միայն այսրոպեական խնդիր լուծելու ինչ-որ ամորֆ բան է, խմոր, որ կարելի է սրտի ուզած չափով հունցել: Եվ որովհետև ապացուցում եք, որ երիտասարդ, եռանդուն, ռոմանտիկ լինելու խնդիրը քաղաքականության մեջ, հատկապես` քաղաքականության մեջ, փորձառությունից, հեռատեսությունից, իմաստնությունից հեռու լինելն է, որը շատ հաճախ վերածվում է փորձանքի: Զգույշ եղեք: Ձեր ներսը նայեք:

Գևորգ Աղաբաբյան