կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-18 10:30
Տարածաշրջան

Եթե Աթեշյանը հաղթեր, նահանգապետարանից նամակ չէր ստացվի. Շիրինօղլու

Եթե Աթեշյանը հաղթեր, նահանգապետարանից նամակ չէր ստացվի. Շիրինօղլու

Պոլսի հայոց պատրիատրքի տեղապահի ընտրություններին Ստամբուլի նահանգապետարանի միջամտությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին անցկացված տեղապահի ընտրություններում հաղթել էր Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ներկաներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին է հանձնել Ստամբուլի փոխնահանգապետի ստորագրությամբ գրություն, ըստ որի՝ ընտրությունների անցկացումն իրավականորեն հնարավոր չէ:

Ըստ Ermenihaber-ի՝ Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն «Ակօս»-ին տված հարցազրույցում նշել է, որ տեղապահի ընտրություններում Աթեշյանի հաղթանակի դեպքում նահանգապետարանից նամակ չէր ստացվի: «Հենց Աթեշյանը պարտվեց, այդ նամակն ի հայտ եկավ»,- ասել է նա:

«Ակօս»-ը Պոլսի պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին որ նահանգապետարանի գրությունը ստացվել էր ընտրության անցկացումից մոտ մեկ ժամ առաջ՝ 13:47-ին, իսկ տեղապահի ընտրություն կազմակերպող խորհրդի նիստը սկսվել է 15:00-ին: Ինչին ի պատասխան Մաշալյանն ասել է. «Կա՛մ նամակը շուտ է ստացվել և սպասեցրել են. գուցե Արամ սրբազանի հաղթանակի դեպքում ընդհանրապես  չներկայացվեր, կա՛մ էլ հենց գրվել է, որ Արամ սրբազանի պարտության դեպքում սեղանին դրվի: Մենք այս ամենը հստակ չգիտենք: Սակայն խնդիրն այն  է, որ այդ նամակը մեր համայնքն ու եկեղեցին կրկին փոթորկեց: Պետության դեմ պայքարելը, կռիվ տալը, ամենավերջին բանն է, որ ցանկանում ենք անել: Հույս ունենք, որ այդ սխալ որոշումը կվերանայվի, և մեր կրոնի ու խղճի ազատությունը կապահովվի»: