Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայտնել ենք, որ վաղը կառավարության նիստում կքննարկվի ՀՀ պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի` խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներից ծխախոտը հանելու որոշման նախագիծը: Այս հարցն արդեն սոցիալական ցանցերում լուրջ քննարկման առարկա է դարձել, հատկապես՝ զինվորների չափաբաժնից ծխախոտը հանելու մասով:
Մարդկանց մի մասը համարում է, որ դա ճիշտ որոշում է և կնպաստի զինծառայողների կողմից ծխելը թողնելուն, մի մասն էլ կարծում է, որ ծխող զինվորը, միևնույն է, ծխելու է, և եթե անվճար չտրամադրվի՝ ստիպված կլինի ինքը գնել: Նշենք, որ ՊՆ-ն երկար տարիներ է, ինչ անվճար ծխախոտ էր տրամադրում միայն պայմանագրային զինծառայողներին, իսկ ժամկետային զինծառայողներին ծխախոտով ապահովում էին հիմնականում նրանց հարազատները:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ որոշումն ընդունելու դեպքում պայմանագրային զինծառայողներին տրվող անվճար ծխախոտի փոխարեն այսուհետ նրանց որոշակի գումար կհատկացվի, սակայն թե որքան, չմանրամասնեց:
Հարցին` արդյո՞ք այս որոշումը ենթադրում է, որ զորամասերում այլևս ծխարաններ չեն լինի, Հովհաննիսյանը պատասխանեց, որ որոշումը ծխարաններին չի անդրադառնա:
Նշենք, որ ՊՆ-ն յուրաքանչյուր օր մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողին տրամադրում էր մեկ տուփ ծխախոտ: Դեռևս ամիսներ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԱԺ-ում պարզաբանելով նախատեսվող փոփոխությունը, նշել էր. «Մենք որոշեցինք այդ գումարը փոխհատուցել դրամական տեսքով, որովհետև կան չծխող զինվորներ, կան մարդիկ, ովքեր դրա փոխարեն ուրիշ բան կցանկանան գնել, կան մարդիկ, ովքեր այլ ծխախոտ են գնում»:
Yerkir.am-ի հետ զրույցում «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը տեղեկացրեց, որ դեռևս հայտնի չէ, թե անվճար հատկացվող ծխախոտի փոխարեն զինծառայողին որքան գումար կտան:
«Գաղտնիք չէ, որ դիրքերում գտնվող զինվորներն օգտվում են ծխախոտից, թեև քաջ գիտակցում են, որ վտանգավոր է և առողջության համար վնասակար: Ծխող տղայի դեմը չես կարող առնել: Եթե զինվորների շրջանում սոցհարցում կատարենք և հարցնենք՝ ավելի սնո՞ւնդ կցանկանաս, թե՞ ծխախոտ, պատասխանը միանշանակ կլինի՝ ծխախոտ: Այսպես մենք մի կարգավիճակ ենք ստեղծում, որ զինվորը ձգտի չորացրած տերևին, թղթի պարունակությանը: Ես հասկանում եմ, որ զինվորի առողջությանը վնաս է, բայց և գիտեմ, որ առանց ծխախոտի զինվորը չի դիմանում»,- ասաց նա և հավելեց, որ նախագծի վերաբերյալ քննարկումներ են տարվում և ինքն ամեն բան կանի, որպեսզի որոշումն ի նպաստ զինվորի լինի:
Նշենք, որ, համաձայն որոշման նախագծի հիմնավորման, որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի հոկտեմբերի 12-ին վավերացված` 2003 թվականի մայիսի 21-ին Ժնևում ընդունված «Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից (որին միացել է շուրջ 153 պետություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության` ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից:
Միաժամանակ հաշվի են առնվել վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծխելու դեմ պայքարին ուղղված համալիր միջոցառումները, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարությունում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում, որոնց գլխավոր առարկան զինծառայողների առողջության պահպանումն է: