կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-13 17:25
Առանց Կատեգորիա

Սովորականին պատմական մի ասեք, մեղք է

Սովորականին պատմական մի ասեք, մեղք է

Այսօր պատմական օր է Հայաստանի Հանրապետության համար: Ոչ թե` որովհետեւ Ադրբեջանը ճանաչել է Արցախի անկախությունը, կամ Թուրքիան՝ Հայոց ցեղասպանությունը: Այսօր պատմական օր է ոչ էլ այն առումով, որ Հենրիխ Մխիթարյանը դարձել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, այլ քանի որ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ մի շարք ուրիշներ, որոնց անուններն անգամ պարոնայք Օհանյանը, Հովհաննիսյանն եւ Օսկանյանը չտվեցին, միավորվել են մեկ դաշինքի կազմում, որպեսզի օր առաջ փրկեն մեզ այս խավարից, ստից, կեղծիքից, մի խոսքով՝ ճահճից:

Նրանք հենց այդպես էլ ասացին՝ այսօր պատմական օր է: Առաջինն ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը. նա սիրում է սովորական օրերը պատմական կոչել: Օրինակ` Րաֆֆի Հովհաննիսյանի համար պատմական էր նախորդ նախագահական ընտրությունների օրը, հաջորդ օրվա արշալույսը, մի խոսքով` տպավորությունն այնպիսին է, որ պարոն Հովհաննիսյանի կյանքի բոլոր օրերն են պատմական: Հետո օրը պատմական կոչեց պարոն Օսկանյանը` նշելով, որ հենց այսօր Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների հիմնադրման ակունքներում կանգնած երեք պետական գործիչներ, այսինքն՝ իրենք երեքով որոշել են միավորել իրենց ջանքերը՝ հանուն Հայաստանի բարգավաճման: Հենց բարգավաճման էլ ասաց, չի բացառվում, որ պարոն Օսկանյանը դեռ հոգով-սրտով ԲՀԿ-ում է: Նա, իհարկե, չասաց, թե ինչո՞ւ է, օրինակ, Արցախի անկախությունը միջազգայնորեն վիճարկելի, եթե հենց իրենց նման զիլ պետական գործիչներ են կանգնած եղել Արցախի Հանրապետության հիմնադրման ակունքներում, ուրեմն իրենք կանգնած չե՞ն եղել այդ անկախության ակունքներում, թե՞ ուրեմն իրենք այդքան էլ զիլ չեն, որքան իրենց մասին հենց իրենք խոսում են…

Ու եթե պարոնայք Օսկանյանի եւ Հովհաննիսյանի՝ օրը պատմական կոչելու դիվանագիտական խաղերը դեռ կարելի է ինչ-որ տեղ հասկանալ, ապա միանգամայն անհասկանալի է, թե ինչպես է դիվանագիտությունից մղոններով հեռու պարոն Սեյրան Օհանյանի համար օրը պատմական: Լավ, մի՞թե այս մարդն իր կյանքում պատմական օրեր չի տեսել, օրինակ` Շուշիի ազատագրում չի տեսել, Արցախի անկախության հռչակում չի տեսել, հայկական բանակի կայացում եւ զորեղացում չի տեսել… Փաստորեն, չի տեսել, քանի որ եթե տեսած լիներ, զգուշությամբ կմոտենար օրը հենց պատմական կոչելու հարցին, գոնե ինքը այդպես չէր կոչի, ինքը հո գիտի՞, թե որ օրերն են եղել պատմական, եւ ինչու են օրերը կոչվում պատմական:

Հիմա այս երեքը եւ էլի շատերը, որոնց անուններն, ինչպես արդեն նշեցի, ո'չ Օհանյանը նշեց, ո'չ Հովհաննիսյանը, ո'չ էլ Օսկանյանը, որոշել են միասնաբար մեզ փրկել, քանի որ երկիրը ծանր իրավիճակում է, իսկ փրկության միակ միջոցն այս իշխանության հեռացումն է: Սա ասաց Օսկանյանը, եւ սրա հետ համաձայն է Օհանյանը, ով մի քանի ամիս առաջ պաշտպանության նախարար էր` այս իշխանության մասնիկը, կարեւոր մասնիկը, ուժ ունեցող մասնիկը: Հիմա Օհանյանի հեռանալուց հետո բանակը փրկվելո՞ւ է, եթե` ոչ, ապա ո՞վ ասաց, թե այս իշխանությունների հեռանալուց հետո երկիրն է փրկվելու: Կամ ինչպե՞ս է հնարավոր երկիր փրկել առանց Պարույր Հայրիկյանի, ով բոլորովին վերջերս, հասկանալով, որ այս երկիրը հնարավոր չէ փրկել այս կազմով, լքեց Օհանյան-Հովհաննիսյան-Օսկանյան դաշինքը եւ գնաց մենակ փրկելու, մաքսիմում՝ Արամ Գասպարիչի հետ:

Բայց այս պատմությունը մի լավ բան ունի: Դաշինքի կազմավորման ստորագրության արարողությունից հետո պարոնայք Օհանյանը, Օսկանյանը եւ Հովհաննիսյանը իրենց միացած մի քանի փոքրիկ կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներին, հավանաբար, կտանեն մի տեղ՝ հաց ուտելու: Իսկ հաց ուտելը միշտ լավ է, մանավանդ` հացադուլից:

Հովիկ Աֆյան