Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին երեք օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հայկական զինուժը մարդկային երկու կորուստ է ունեցել: Կա նաև վիրավոր: Ադրբեջանը կտրուկ մեծացրել է լարվածությունը: Երեկ ԼՂՀ ՊՆ-ն հայտարարեց, որ թշնամին իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը՝ ընդհանուր առմամբ, հրանոթներից արձակելով 22, իսկ ականանետներից` 24 արկ:
Նախորդ տարվա ապրիլ-մայիսից առ այսօր առաջին անգամ է, որ ադրբեջանական կողմը ծանր հրետանի է դնում գործողության մեջ՝ աստիճանաբար մեծացնելով հայկական կողմի դեմ կիրառվող զինատեսակների թե' քանակը և թե' տրամաչափը: Իրավիճակը շատ նման է ապրիլյան պատերազմին նախորդող ժամանակաշրջանին: Ինչպես այն ժամանակ, հիմա էլ Բաքուն իրականացնում է ռազմական գործողությունների շրջանակն ու ինտենսիվությունը մեծացնելու մարտավարություն, որի հիմնական նպատակը միջազգային հանրությանն այդ միտումներին ադապտացնելն է, պատերազմի անխուսափելիության մեջ համոզվածության ընկալում ձևավորելը: Ինչպես այն ժամանակ, հիմա էլ իրավիճակը սրվում է բանակցությունների փաստացի բացակայության, բանակցային գործընթացի` խոր փակուղում գտնվելու պայմաններում: Սա ոչ թե բանակցությունները վերսկսելու, այլև իր պահանջների լիարժեք կատարման սկզբունքով վերսկսելու շանտաժային մարտավարություն է:
Բաքուն առարկայորեն ցույց է տալիս, որ իր համար Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների էջը փակված է, հետևաբար` փակված է նաև շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված երկու հանձնառությունների կատարման էջը: Հիմարություն է հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրում պահանջել մի կողմից, որը դեմոնստրացիոն կերպով կիրառության մեջ է դնում արդեն ծանր հրետանի:
Ինչպես անցած տարվա ապրիլի նախօրյակին, Ադրբեջանը լարվածությունը կտրուկ մեծացնում է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության կատարյալ անտարբերության և աչքակապության պայմաններում: Թեև հայկական կողմը դեռ երեկ երեկոյան էր հայտարարել հրանոթային և ականանետային միջոցներից ինտենսիվ կրակ բացելու մասին և զգուշացրել դրանք շարունակվելու դեպքում անհամարժեք գործողությունների դիմելու մասին, սակայն մինչև հիմա միջնորդներից որևէ արձագանք չկա: Ավելին` ԼՂՀ ՊՆ-ի երեկ տարածած հաղորդագրությունից պարզ էր դառնում, որ ադրբեջանական զինուժը հրանոթներից սկսել է կրակել ԵԱՀԿ դիտորդների հերթական դիտարկումից հետո: Ընդ որում` ադրբեջանցիները հրաժարվել են դիտորդներին իրենց կողմից շփման գիծ դուրս բերել:
Հատկանշական է, որ, համաձայն ԼՂՀ ՊՆ-ի վերոնշյալ հաղորդագրության, հրանոթները կրակել են ուղիղ նշանառությամբ, ինչը հստակ ցույց է տալիս, թե որքան է թշնամին դիրքերին մոտեցրել հրետանային կայանքները: Եվ թերևս հենց դա չմատնելու նպատակով էլ ԵԱՀԿ դիտորդներին առաջնագիծ մուտք գործելու հնարավորությունից զրկել են:
Չնայած դրան, չնայած հայկական կողմի երեկվա՝ թվում է, թե անհանգստության տեղիք տվող հաղորդագրության տարածմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները որևէ հայտարարությամբ հանդես չեկան: Նախկինում չի արձանագրվել հակառակորդի կողմից դիտորդներին առաջնագիծ մտնել թույլ չտալու որևէ դեպք, որի կապակցությամբ ՄԽ համանախագահները կամ գոնե ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հատուկ հայտարարությամբ հանդես չգան: Այնպիսի տպավորություն է, որ համանախագահողներն իրենց այս լռությամբ ուղղակի քաջալերում են Ադրբեջանի պատերազմական այս նոր արկածախնդիր ակտիվությունը և մղում ավելի համարձակ ու ավելի մասշտաբային գործողությունների: Տպավորություն, որ կար նաև անցած տարվա ապրիլին: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ:
Սա առավել ուշագրավ է Ռուսաստանի դեպքում: Իրականում Ադրբեջանը հրանոթային կրակ է բացել նաև Մոսկվայի ուղղությամբ: Հունվարի վերջին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել էր Մոսկվա՝ ԼՂ հարցով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելու: Վերադառնալուց հետո նա հայտարարեց, թե բավարարված չէ այդ հանդիպման արդյունքներից: Մամեդյարովն հասկանալի դարձրեց, որ Ռուսաստանը չի փոխել «լավրովյան պլանից» հրաժարվելու իր քաղաքական որոշումը և չի ողջունում նոր պատերազմի գնալու` նրա ներկայիս ուղեգիծը:
Մոսկվայի հանդեպ շանտաժային այս քաղաքականությունը Բաքուն ծավալում է նաև դիվանագիտական հարթությունում: Դոնբասում մարտերի վերսկսման և լարվածության նոր փուլ տեղափոխվող ռուս-ուկրաինական դիմակայության ֆոնին` Ալիևը մեկնում է Կիև և Ուկրաինայի նախագահին խոստանում արգելել իր տարածք Դոնբասում արտադրված ապրանքների մուտքը: Մոսկվային փաստացի մոլորեցնելով՝ Ադրբեջանը Բելառուսի հետ իրականացրեց Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Լապշինի արտահանձնման հապճեպ օպերացիան: Բաքուն չի թաքցնում, որ ամենաուղիղ կերպով միացել է Բելառուսի և Ուկրաինայի հակառուսական «արշավանքին»՝ որպես ԼՂ հարցում Մոսկվայի` որոշակիորեն վերանայված ուղեգծի հետ չհամակերպվելու և «անհնազանդության» դրսևորում:
Ինչևէ, ապրիլյան պատերազմը, սակայն, արդեն սովորեցրել է, որ միջազգային հանրության, առավել ևս` Մոսկվայի արձագանքին սպասելը ոչ միայն անօգուտ է, այլև վտանգավոր: Եթե նրանք չեն արձագանքում Բաքվի ակնհայտ պատերազմական` ներկայիս սադրանքին, ապա պետք է ստիպել, որ արձագանքեն այդ սադրանքին հայկական կողմի անհամարժեք գործողություններին: Եթե պատերազմը դառնում է անխուսափելի, ինչում փորձում է հավատացնել Բաքուն, ապա անիմաստ է ներկայիս զսպվածության ցուցաբերումը: Սպասողականությունը, դանդաղկոտությունը, նախաձեռնողականությունից խուսափումը կյանքեր է խլում, որը չի բերում ցանկալի խաղաղության: Մեկ անգամ սխալվելը դեռ տանելի է` չնայած ունեցած կորուստների ծանրությանը: Բայց երբ նույն սխալը կրկնվում է երկրորդ անգամ... Նույնիսկ չարժե շարունակել:
Գևորգ Դարբինյան