կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-31 20:31
Առանց Կատեգորիա

Քաղաքական մոլախոտից ազատվելու ժամանակը

Քաղաքական մոլախոտից ազատվելու ժամանակը

Ներիշխանական վերադասավորումները շարունակվում են: Կառավարությունից արդեն հաստատել են, որ հրաժարական է տվել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչներից է: Տեղեկություններ են շրջանառվում, որ հնարավոր է՝ Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տա նաև Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, թեև նա հերքել է տեղեկությունը:

Ի՞նչ ծավալներ կընդունեն այս վերադասավորումները, արտահոսքը, դժվար է ասել: Մեկ բան, սակայն, ակնհայտ է` քաղաքական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ում, նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, տեղի է ունենում վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ կուսակցության ղեկավար կազմի վերակառուցման գործընթաց, որը գոնե այս պահին ավելի շատ նման է իշխանության էստաֆետը Կարապետյանին հանձնելուն, ՀՀԿ-ն նրա ամուր քաղաքական հենարան դարձնելուն:

Օրեր առաջ կայացած` ՀՀԿ քաղաքական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվեց ՀՀԿ առաջին փոխնախագահ և քաղաքական հանձնաժողովի ղեկավար, զգալիորեն ընդլայնվեց կուսակցության քաղաքական խորհրդի կազմը: Ընդ որում` կուսակցության առաջին տեղակալի պաշտոնը, կանոնադրության մեջ կատարված փոփոխություններով, նախատեսվեց հենց հատուկ Կարապետյանի համար, իսկ քաղաքական հանձնաժողովի նախագահի կարգավիճակում նա փոխարինեց նախկին վարչապետ, ՀՀԿ այդ նիստից բառացիորեն ժամեր առաջ կուսակցությունից դուրս եկած Հովիկ Աբրահամյանին:

Տեղի ունեցողը դեժավյուի զգացողություն է առաջացնում: Նման խորքային վերակազմակերպում ՀՀԿ-ն իր պատմության մեջ վերապրում է արդեն երրորդ անգամ: Առաջին անգամ դա տեղի ունեցավ 1998թ.՝ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ: Թավշյա իշխանափոխության ֆոնին ՀՀՇ-ից դեպի «Երկրապահ» սկսված զանգվածային արտահոսքից հետո նա այդ կոնտինգենտը տեղափոխեց մինչ այդ քաղաքական դաշտում բավականին համեստ դերակատարություն ունեցող Հանրապետական կուսակցություն, ստանձնեց դրա ղեկավարումը, դաշինք կազմեց Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ-ի հետ և փաստացի ՀՀԿ-ին բերեց լեգիտիմ իշխանության:

Երկրորդ նման վերակազմակերպումը տեղի ուենցավ 2006-07թթ. երբ հատուկ Սերժ Սարգսյանի համար արտահերթ համագումարով վերականգնվեց կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը, իսկ 2007-ին` վարչապետ  Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահվանից հետո, նա ստանձնեց կուսակցության ամբողջական ղեկավարումը, որից հետո սկսվեց ՀՀԿ-ի տարերային մասսայականացումը, դրանում վարչական, տնտեսական գրեթե ամբողջ վերնախավի ընդգրկման պրոցեսը:

Հիմա տեղի է ունենում գրեթե նույն պրոցեսը, սակայն երկու էական տարբերությամբ: Նախ՝ Կարեն Կարապետյանը ոչ թե իշխանական կոնյունկտուրայից է առաջ քաշվել, ինչպես Վազգեն Սարգսյանը կամ Սերժ Սարգսյանը, այլ եկել է «դրսից»: Հենց այն փաստը, որ նախագահը «խաղադրույք է կատարել» ոչ թե յուրայինի, այլ «օտար», ավելին՝ տարիներ առաջ ՀՀԿ-ն լքած անձի վրա, չարդարացած հավակնությունների ֆոնին հանգեցնում է ներքին դժգոհությունների և, որպես հետևանք,  նաև արտահոսքի: Երկրորդ՝ Կարապետյանի առաջմղումը տեղի է ունենում ՀՀԿ-ի վերնախավի ծրագրված փոփոխությամբ. օլիգարխիան կորցնում է  դիրքերը, քաղաքական որոշումների վրա ազդելու լծակները՝  ՀՀԿ-ին ավելի ու ավելի վերադարձնելով քաղաքական բովանդակություն:

Այս հանգամանքը նախկինում երբեք չարձանագրված շփոթ է հարուցել. եթե ամեն դեպքում Կարեն Կարապետյանի դիրքերի ամրապնդումն ուղեկցվում է ՀՀԿ-ից այն կոնտինգենտի դուրս գալով, որը նախկինում իր բոլոր ռեսուրսներով ամենաուղղակի մասնակցությունն է ունեցել իշխանության վերարտադրման պրոցեսում, ապա ինչի՞ վրա են հույս դրել նախագահը և ՀՀԿ-ն` քաղաքական կապիտալի՞, որը իշխանության հանդեպ ոչ բարձր վստահության ներկայիս պայմաններում գուցե ոչ բավարար հենակետ չէ, առավել ևս` եթե ՀՀԿ-ից դուրս եկող այդ կոնտինգենտը սկսի գործել այլ դաշտերում, այլ ուժերի համար  և գուցե հենց ՀՀԿ-ի դեմ՝ տապալելու համար իշխանության նոր կառուցվածք ստեղծելու՝ պաշտոնավարման ժամկետը սպառող նախագահի պլանները, թե՞ իշխանությունն այլ ռեսուրսի է ապավինելու, որի մասին առայժմ հայտնի չէ: Այս հարցին դեռ կանդրադառնանք: Սակայն ներկա պահին, թերևս, ավելի կարևոր է գնահատել այն, ինչ տեղի է ունենում իշխանության ներսում` դրակա՞ն զարգացումներ են, թե՞ բացասական:

Զուտ կուսակցական խնդիրների լուծման տեսանկյունից` այն ուղղակի դրական լինել չի կարող: Ի վերջո, ՀՀԿ-ն այնպիսի ռեսուրս է կորցնում, որը նախկինում միշտ ազդել է ընտրությունների ելքի վրա: Եվ հիմա ստիպված է լինելու այդ կորուստը հնարավորինս արագ փոխհատուցել, առաջացած դատարկ տարածքները լցնելու խնդիր լուծել: Եթե Սերժ Սարգսյանը որոշել է 2018թ. ապրիլից հետո, նույնիսկ` խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի հաղթելու պարագայում հեռանալ պետական կառավարումից, ապա իր հաջորդին այնքան էլ բարենպաստ ներքին ու արտաքին քաղաքական միջավայր չի «ժառանգում»:

Մինչդեռ` որքան էլ փորձ է արվում չնկատելու տալ, թե' քաղաքական մշակութի առողջացման, թե' սպասվող ընտրությունները որակով անցկացնելու սպասելիքների և թե' հատկապես պետական կառավարման համակարգի արդյունավետության առումով, այս ներքին ինքնազտման գործընթացը միանշանակ դրական է: Արտահոսող, բավականին լուրջ ռեսուրսի տիրապետող կոնտինգենտը, իհարկե, կմնա քաղաքական դաշտում: Բայց եթե այն չլինի իշխանություն կամ իշխանության մաս, և պետական ու քաղաքական իշխանությունը չգտնվի դրանից կախվածության մեջ, ապա որևէ այլ դաշտում նրա գոյությունը, որպես քաղաքական գործոն, երկար կյանք ունենալ չի կարող, որովհետև վերածվելու է արմատներից զրկված մոլախոտի, որը, չունենալով սնման աղբյուր, ուղղակի չորանալու է: Կարևորը՝ որ ներքին զտման այս գործընթացը կանգ չառնի:  

Գևորգ Դարբինյան