կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-25 23:09
Հասարակություն

"Լույսում" քաղաքական անասնագողությանն ի պատասխան՝ "Գյադաների ժամանակը"․Պողոսյան-Խաժակյան ընդհարում

"Լույսում" քաղաքական անասնագողությանն ի պատասխան՝ "Գյադաների ժամանակը"․Պողոսյան-Խաժակյան ընդհարում

«Լույս» խմբակցությունում ճգնաժամ կա, որը շատ բարդ իրավիճակ կարող է ստեղծել ոչ միայն ավագանու աշխատանքներում, այլեւ ընդհանրապես քաղաքական դաշտում՝ Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավար Ավետ Պողոսյանը:

Նրա խոսքով, այսօր քաղաքական դաշտում կա հասարակության եւ իշխանության կոնսոլիդացիա, իսկ հիմնական պայքարը այդ փոքր հատվածի ներսում է գնում. «Այնտեղ շատ վատ գործընթացներ են գնում, քաղաքական թրաֆիքինգի դեպքեր են լինում, անգամ քաղաքական անասնագողության դեպքեր են գրանցվում այդ դաշտում:

Ես ուզում եմ դիմել իմ գոծընկերներին՝ ոչ մի պարագայում չի կարելի այդ ճգնաժամն օգտագործել  նեղ քաղաքական նպատակների համար: Մենք պարտավոր ենք օգնել «Լույսի» մեր գործընկերներին հաղթահարելու, որովհետեւ հարց է առաջանում, թե ով է քաղաքական պատասխանատուն այդ խմբակցության»,-ասաց նա:

Ավետ Պողոսյանը նաեւ հավելեց. «Քանի որ իրենց դաշինքի քաղաքական լիդերը տեւական ժամանակ քաղաքականությամբ չի զբաղվում, իսկ դաշինքի մյուս անդամը ըստ էության, քաղաքական պատասխանատվությունը հանեց իրենց կուսակցության վրայից, մենք այստեղ պետք է կրկնակի ուշադիր լինենք, թույլ չտանք, որ որեւէ պարագայում այլ կեղտոտ նպատակներով օգտագործվի: Ես իմ աջակցությունն եմ հայտնում «Լույսի» իմ գործընկերներին, դուք հանգիստ եղեք, դուք անտեր չեք մնալու»:

Անդրադառնալով «Լույսի» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, որը իրեն պատասխանել էր Նիկոլ Փաշինյանի ելույթով, Ավետ Պողոսյանն ասաց, որ սովորաբար քաղաքական գործիչն իր կուսակցության լիդերին է մեջբերում. «Կարելի է ենթադրել, որ սեփական կուսակցության լիդերը արժանահիշատակ միտք չի արտահայտել, որ մեջբերի»:

Ի պատասխան Դավիթ Խաժակյանը հիշեց Վանո Սիրադեղյանի «Գյադաների ժամանակը» վիպակը՝ նշելով. «Եվ ձեր անասնագողության մասին խոսքերը, որոնք անձնականի դաշտը անցան եւ քաղաքական վերլուծությունները դուք ավելի արժանապատիվ կլիներ որ անեիք Հայաստանում մնալով ձեր քաղաքական գործունեությունից հետո, որովհետեւ 2008-ի բուռն իրադարձություններից հետո, որոնց հիշողություններով երեւի դուք ապրում եք, լքեցիք երկիրը եւ վերադարձաք, երբ ամեն ինչ պատրաստ էր, կարելի էր գալ, պաշտոն զբաղեցնել: Ես արձանագրեցի, որ դուք անցաք անձնականի սահմանը, չտրվեցիք ոտքի տակ չընկնելու  կոչին: Այդ բառապաշարը ես մեջբերեցի վարչապետի խոսքից, որ չստացվի, որ ձեզ վիրավորում եմ: Հիմա այդպես է, գյադաների ժամանակն է եւ կարող է այդպես էլ պատահել: Այսինքն մարդ կարող է վեր կենալ ելույթ ունենալ: Ինքն ի՞նչ իմանա, ավագանու ինստիտուտն ինչ է, ինչպես պետք է մոտենալ, գալ քաղաքական վերլուծություններ անել, դա բնորոշ է գյադաների ժամանակաշրջանին: Եթե դուք մեզ այդ հուն եք մղում, մենք ձեզ հետ չենք խոսելու Երեւանի ժարգոնով, խոսելու ենք քաղաքական լեզվով, մտերմաբար: Ես հիմա հասկանում եմ, որ դուք նաեւ կոմպլեքս ունեք, որովհետեւ Վիկտոր Մնացականյանը լավ թաղապետ էր ու հիմա դուք պետք է մնաք այն ծանրաձողի տակ, որ  նա բարձրացրել էր: Ձեր աշխատակազմից արդեն ինձ ասում են, որ նոր թաղապետը այդ ծանրաձողի տակ է մնալու: Բայց ես ուզում եմ, որ դուք հաջողեք, ծանրաձողի տակ չմնաք»: