Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում բացառիկ ընդունելության արժանացավ: Նրան դիմավորել են արարողակարգի ամենաբարձր մակարդակով, ինչը հաճախ չի լինում, առավել ևս` երբ խոսքը վերաբերում է ոչ թե նախագահի, այլ ավելի ցածր կարգի այցերին: Ռուսաստանյան իշխանությունները՝ ի դեմս վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, ամեն ինչ արեցին, որ դա ընկալվի որպես ոչ այնքան Հայաստանի, որքան Կարեն Կարապետյանի անձի հանդեպ ընդգծված վերաբերմունքի դրսևորում: Նման ընդունելությունը շատ հստակ ուղերձ էր առ այն, որ Կարապետյանը ոչ միայն ընդունելի, այլև նախընտրելի ֆիգուր է Մոսկվայի համար` իբրև Հայաստանի վարչապետ, ինչն առանձնակի երագ է ստանում Հայաստանում սկսված նախընտրական գործընթացների ֆոնին:
Վարչապետը Մոսկվա էր մեկնել տնտեսական բնույթի կոնկրետ առաջարկներով, ինչի մասին նա հայտնեց Մեդվեդևի հետ առանձնազրույցից առաջ` արարողակարգային իր կարճ խոսքում: ԶԼՄ-ներին երկու երկրների վարչապետերի ուղերձներից պարզ դարձավ, որ այդ առաջարկները վերաբերել են Հայաստանում ռուսական ներդրումների ավելացմանը և ըստ ամենայնի՝ Կարապետյանը կոնկրետ մատնացույց է արել, թե որոնք են դրա համար լավագույն ոլորտները կամ ծրագրերը: ՌԴ վարչապետը տեղեկացրեց, որ քննարկվել է տնտեսական համագործակցության հատուկ հիմնադրամ ստեղծելու գաղափարը, ինչի շուրջ, դատելով նրանից, որ այդ մասին հայտարարվում է հրապարակայնորեն, ձեռք է բերվել համաձայնություն: Սա նշանակում է, որ Մոսկվան հավանություն է տալիս վարչապետ Կարապետյանի նախաձեռնություններին և ցուցադրում, որ քաղաքական աջակցություն է ցուցաբերելու դրանց իրականացմանը: Այստեղ էականը ոչ թե այն է՝ կստեղծվի՞ նման հիմնադրամ, թե՞ ոչ, կամ` որքանո՞վ այն կլինի արդյունավետ, այլ ինքնին աջակցության պատրաստակամության հրապարակային դրսևորումը: Հանգամանք, որը նախորդ վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունների պարագայում ակնհայտորեն բացակայում էր` ռուսական կողմի ցուցադրական դեմարշի պատճառով: Կարելի է հիշել ոչ միայն 200 մլն դոլարի վարկի շրջանակներում Հայաստանին հասանելիք զինտեխնիկայի մատակարակումներն սկսելու՝ Մեդվեդևին Երևանում ուղղված` Աբրահամյանի անպատասխան մնացած խնդրանքը, այլ նաև գազի սակագնի իջեցմանն ուղղված բազմաթիվ հրապարակային կոչերն անտեսելը:
Մինչդեռ դրա ֆոնին, ինչպես հայտնի է, վարչապետ նշանակվելուց հետո Կարապետյանի առաջին իսկ ձեռնարկը եղավ գազի սակագնի իջեցման նախաձեռնությունը, որին Մոսկվան, ընդհուպ «Գազպրոմ»-ի շահույթների որոշակի նվազման հաշվին, ընդառաջեց անմիջապես՝ այդ նպատակով Երևան գործուղելով «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերին: Ներդրումային համատեղ հիմնադրամի ստեղծման գաղափարին Մեդվեդևի ընդառաջելը ևս այս շարքից է:
Բանակցություններից հետո Կարեն Կարապետյանը շատ ուղիղ նշեց, որ գոհ է դրանց բոլոր արդյուքններից, ինչն ամրապնդում է համոզվածությունը, որ նրա նախաձեռնությունների առջև Մոսկվան կանաչ լույս է վառում: Այստեղ կարող է հարց առաջանալ միայն այն մասով, թե Երևանը Ռուսաստանից ի՞նչ ծավալի ներդրումների ակնկալիքներ ունի, և ո՞ր ոլորտներին են դրանք վերաբերում: Ռուսական կապիտալն առանց այն էլ ահռելիորեն ներգրավված է Հայաստանի տնտեսությունում: Դրա համար Երևանը ստեղծել է առանձնահատուկ ջերմոցային պայմաններ՝ օրենսդրորեն` օրինակ, «Գազպրոմ»-ի համար ստեղծելով արտոնյալ պայմաններ և սահմանափակելով կառավարության որոշ իրավունքներ: Հայաստանյան ամբողջ էներգահամակարգը չափից ավելի կախվածության մեջ է ռուսական կապիտալից, որը նվազագույնի է հասցրել այս ոլորտում դիվերսիֆիկացված քաղաքականություն վարելու` Հայաստանի հնարավորությունները: Եթե Երևանի առաջարկները վերաբերում են քիչ, թե շատ մրցակցային ոլորտներին, օրինակ` զբոսաշրջությանը, որի մասին ևս վարչապետի այցի ընթացքում ակնարկներ հնչեցին, ապա նման նախաձեռնությունը կարող է տնտեսությունն աշխուժացնող էֆեկտ ունենալ:
Սակայն Կարապետյանին ցուցաբերվող քաղաքական աջակցության ամենավառ դրսևորումը եղավ ռուսատանաբնակ հայ գործարարների միջոցով: Երեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո Ռուսաստանում գործունեություն ծավալող` մոտ երեք տասնյակ հայ գործարարներ համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ նշում են. «Լիակատար աջակցություն ենք հայտնում նախագահ Ս.Սարգսյանի եւ վարչապետ Կ.Կարապետյանի գլխավորությամբ երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն՝ հենվելով ողջ հայության ներուժի վրա»: Գործարարները նաև նշել են, որ հնարավորինս մասնակցելու են ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին ու բիզնես ծրագրերին:
Եթե հաշվի առնենք, որ հայտարարությունը ոչ մի կոնկրետ համատեղ ծրագրի կամ կառավարության ներկայացրած նախագծի հղում չի կատարում, ապա այն ակնհայտորն քաղաքական ենթատեքստ ունի և քաղաքական նպատակներ է հետապնդում: Ենթատեքստն այն է, որ երկարաժամկետ հեռանկարում Կարապետյանի գործոնով են պայմանավորվելու Հայաստանում իրենց կողմից ներդրումներ կատարելու հնարավորությունները: Նման կարգի քաղաքական հայտարարություններ այնպիսի երկրում, ինչպիսին Ռուսաստանն է, չեն կարող հրապարակվել առանց այն վստահության, որ դրա ուղերձը և բովանդակությունը համապատասխանում են Կրեմլի ցանկություններին: Մանավանդ՝ հայտարարությունն արվում է ոչ թե մեկ-երկու, այլ միանգամից երեք տասնյակ գործարարների կողմից:
Այնպես որ` Կարեն Կարապետյանը Մոսկվայից վերադարձել է վստահության «քարտ բլանշով», որը նրա համար քաղաքական հենքի դեր է կատարում` ներիշխանական կոնյունկտուրայի և քաղաքական վերադասավորումների առումով:
Գևորգ Դարբինյան