Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի լրանում է Եղիշե Չարենցի 120-ամյակը: Գրողի հոբելյանի առիթով նոր գիրք ներկայացնելու կարիք չկա` դեռևս 115-ամյակին նվիրված աշխատությունը կալանքի տակ է: Գիրքը հիմա կալանքի տակ է, ինչպես խորհրդային շրջանում Չարենցի ստեղծագործությունները: Չարենցի «Գիրք մնացորդաց» անտիպ ժառանգությունը լույս տեսավ 2012-ին` Դավիթ Գասպարյանի աշխատասիրությամբ: Ուշագրավ է, որ գիրքը հրատարակվել է պետպատվերով, ստացվում է` պետությունը ցանկացել է տպագրել մի գիրք, որն ուղղակի պետք է մնա թանգարանում և 500 օրինակով դառնա թանգարանային նմուշ, որը չի էլ ցուցադրվում:
Խնդիրն այն է, որ գիրքը բացվում է Գասպարյանի «Չարենցի ձեռագրերի և հարակից խնդիրների մասին» ծավալուն առաջաբանով, որում արծարծված մանրամասների հետ կապված Չարենցի ժառանգներն անհամաձայնություն ունեն: Արդյունքում` գիրքն ի պահ տրվեց Չարենցի տուն-թանգարանին: Բացի այդ` գրքում կան Չարենցի` էրոտիկ բնույթի բանաստեղծություններ, որոնք նույնպես գրողի ժառանգները չեն ուզում հրապարակել:
Դավիթ Գասպարյանը նշել էր, որ հարցի կապակցությամբ դիմել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, որպեսզի նա միջնորդի, և գիրքը հանեն կալանքից:
Գրավոր հարցմամբ դիմել էինք մշակույթի նախարարին` հասկանալու, թե ի՞նչ ընթացք է ստացել գրքի` ընթերցողներին հասանելի դառնալու գործընթացը: Ի պատասխան նախարարը նշել է, որ գիրքն արգելանքի տակ չէ: Ավելին, ըստ Ամիրյանի` առաջաբանի հետ կապված անհամաձայնության հարցն արդեն լուծվել է: «Համաձայնություն ենք ձեռք բերել /ի դեպ, նաև Դավիթ Գասպարյանի հետ/` գրքի առաջաբանը «ֆիզիկապես» կտրել-հանել և նոր առաջաբան զետեղել: Դրանից հետո տպաքանակը կուղարկենք գրադարաններ, գրախանութներ: Այդ ամենը կանենք այս տարվա ընթացքում»,- ասվում է նախարարի պատասխան նամակում:
Ամիրյանի կարծիքով` գրքերը, առհասարակ, չպետք է հայտնվեն արգելանքի տակ, առավել ևս` պետպատվերով հրատարակվածները: Մասնավոր միջոցներով հրատարակված գրքերի դեպքում, ըստ նախարարի, հեղինակները կամ նրանց ժառանգները կարող են վերապահումներ ունենալ, ինչպես Չարենցի գրքի փորձը ցույց տվեց, թեև բոլոր դեպքերի համար էլ լուծում կա:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախարարը պնդում է` գիրքն արգելանքի տակ չէ, սակայն եթե այն չկա վաճառքում, ոչ էլ գրադարաններին է բաժանվել, այլ պահվում է Չարենցի տուն-թանգարանում, ինչպե՞ս է ստացվում, որ արգելանքի տակ չէ:
Դավիթ Գասպարյանի խոսքով` գրքի` արգելանքի տակ գտնվելու պատճառը թերևս այն է, որ գրքում նկարագրված են Չարենցի կյանքի վերաբերյալ վերջին բացահայտումները: Գրականագետը նույնպես պնդում է` 500 օրինակից մի մաս բաժանվել է, իսկ տպաքանակի մեծ մասը կալանվել և ուղարկվել է բանաստեղծի տուն-թանգարան, որտեղ առ այսօր կալանքի տակ է: Ինչ վերաբերում է նախարարի առաջարկին, թե գիրքն այս տարի հասանելի կլինի ընթերցողներին, քանի որ իրենք համաձայնության են եկել` գրքի առաջաբանը հեռացնելու և նորը տեղադրելու պայմանով, ապա Գասպարյանը նշում է, որ առաջաբանից երբեք չի պատրաստվում հրաժարվել: «Չարենցը մեր գրականության արքան է, դրա համար էլ չեն ուզում ասել` Չարենցի գրածը չպետք է հրատարակվի, ու շեշտը դնում են առաջաբանի վրա: Առաջաբանը գրքից է բխում, և առանց դրա, գիրքը ոչ այն կդառնա: Օրը գա, բարին հետը… Հնարավոր է` ինչ-որ արտահայտություն փոխվի, բայց ոչ ամբողջ առաջաբանը: Փոփոխությունների մասին խոսք եղել է, բայց դրանք կոսմետիկ բնույթ պետք է կրեն, ոչ թե` արմատական: Ի դեպ, ով կարդացել է գիրքը, ասում է` ամեն ինչ անթերի է, ով չի կարդացել և իր լսածով է խոսում, բամբասանքի մակարդակի բաներ է ասում»,- ասում է Գասպարյանը:
Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանն էլ կարծում է, որ եթե արդեն գործն արվել է, ու գիրքը լույս է տեսել, առավել ևս, որ այն պետպատվերով է հրատարակվել, չպետք է կալանքի տակ մնա: «Կարծում եմ` գիրքը պահելն ու թաքցնելը ճիշտ չէ: 37 թվականի հոտ է գալիս դրանից: Իմաստը ո՞րն է: Ժամանակին Չարենցի գրքի հետ էլ այդպես վարվեցին, տգեղ երևույթ է: Ես գրքի հետ որևէ առնչություն չունեմ, գիտեմ միայն, որ ինչ-որ տպաքանակ մեր թանգարանում է գտնվում` պահուստային վիճակում»,- ասում է նա:
Ի դեպ, 2012-ին, երբ Չարենցի գիրքը տպագրվեց ու միանգամից կալանքի տակ դրվեց, Հայաստանն այդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Կ. Հ.