|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 22-ին հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլիի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, տարբեր բնագավառներում համագործակցության ներկա մակարդակն ու զարգացման հեռանկարները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման ու ամրապնդման խնդիրներին: Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ Եկեղեցի, հանդիպել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում, հանդիպել է թբիլիսահայ համայնքի անդամների, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի կառույցների ղեկավարների, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն արժևորել և բարձր է գնահատել Հայոց Եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում ինչպես Հայաստանում ու ՀՀ զինված ուժերում, այնպես էլ Սփյուռքում, խոսել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերի մասին:
Թբիլիսիում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: