կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-14 17:15
Քաղաքական

Ցանկացած կազմակերպություն, բայց ոչ ադրբեջանական «SOCAR»-ը

Ցանկացած կազմակերպություն, բայց ոչ ադրբեջանական «SOCAR»-ը

Ադրբեջանական նավթագազային ընկերությունը՝ SOCAR-ը, մտադիր է գնել ռուսական գազը Հայաստան մատակարարող վրացական գազատարի բաժնետոմսերի 25%-ը, որը Վրաստանը հանել է վաճառքի: Նշենք նաև, որ վրացական գազատարի բաժնետոսմերը գնելու համար հետաքրքրվում է նաև ռուսական «Գազպրոմը»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց՝ նշելով, որ հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ադրբեջանական ընկերությունը չգնի վրացական գազատարի բաժնետոմսերի 25%-ը: Պատգամավորի խոսքով՝ մինչև այսօր Վրաստանը` որպես տարանցիկ երկիր, իրեն կոռեկտ է դրսևորել, և գործընթացը եղել է անարգել: «Ինչ վերաբերվում է «SOCAR», թե՞ «Գազպրոմ», ապա միանշանակ «Գազպրոմ». ցանկացած կազմակերպություն, բայց ոչ ադրբեջանական «SOCAR»-ը: Առանց այդ էլ «SOCAR» ընկերությունը Միխայիլ Սահակաշվիլու անհեռատես քաղաքականության շնորհիվ գրեթե մոնոպոլ հնարավորություն է ձեռք բերել: Ռուսաստանը տարածաշրջանում գազ արտանահող երկիր է, և բնական է, որ եթե «SOCAR»-ը գրավի այդ դիրքը, կստեղծվի իրավիճակ, երբ այդ ընկերությունը կփորձի դուրս մղել տարածաշրջանի ներկրողին: Ռուսաստանը «SOCAR»-ը կարող է օգտագործել նաև քաղաքական նպատակներով և կարող է խափանել Հայաստանի մատակարարումը»,- ասաց Թորոսյանը:

 Պատգամավորի խոսքով, եթե «SOCAR»-ն այսօր փորձ է անում ձեռք բերել ընկերության 25 տոկոս բաժնեմասը, հետագայում կարող է հավակնել ավելի շատ չափաբաժնի. «Բարոյահոգեբանական խնդիր կա: Պատկերացրեք՝ հինգ տոկոսն է գնում, բայց մենք այդ հինգ տոկոսի համար տրանզիտի վարձ ենք վճարելու մի պետության, որի ֆինանսավորմամբ սպառազինվում է Ադրբեջանը: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, որ մեր տրանզիտի համար վճարված փողից մեր զինվորի վրա կրակող փամփուշտ են գնելու»:

Հարցին՝ այս իրավիճակում ի՞նչ կարող է անել հայկական կողմը, Շիրակ Թորոսյանը տեղեկացրեց, որ վրացական կողմը տեղյակ է Հայաստանի խնդրի մասին. «Հուսադրող է այն, որ երբ Վրաստանի վարչապետը հայտարարեց բաժնեմասի վաճառքի մասին, վերջում նա ավելացրեց, որ իրենք գիտակցում են` դա նուրբ հարց է և չպետք է սխալվեն»: