Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրացական լրատվամիջոցները գրում են, որ երկրի կառավարությունը քննարկում է «Վրաստանի երկաթուղային գծեր» և «Նավթի ու գազի կորպորացիա» պետական ընկերությունների ակցիաների 25 տոկոսը ֆոնդային բորսայում առաջնային տեղաբաշխման միջոցով վաճառելու հարցը:
Այս որոշման մասին հայտնի դառնալուց գրեթե անմիջապես հետո ադրբեջանական SOCAR ընկերությունը, որը Վրաստանի հիմնական գազամատակարարն է և լրջորեն ներգրավված է վրացական էներգետիկ շուկայում, ադրբեջանական լրատվամիջոցներով անուղղակիորեն պատրաստակամություն հայտնեց գնելու ոչ թե նույնիսկ վաճառքի հանվող ակցիաները, այլ վրացական կորպորացիան` ամբողջությամբ:
Ադրբեջանական ընկերության ախորժակը կարելի է հասկանալ: Նավթի ու գազի կորպորացիային է պատկանում Վրաստանի տարածքով անցնող այն գազատարը, որի միջոցով Հայաստանը կապույտ վառելիք է ստանում Ռուսաստանից: Ստանալով այդ ընկերության բաժնետոմսերի անգամ հսկիչ փաթեթը՝ ի դեմս SOCAR-ի, Ադրբեջանը ձեռք է բերում Հայաստանի գազամատակարարման «փականը» Վրաստանի տարածքում վերահսկելու, տնօրինելու իրավունք: Իսկ, ընդհանրապես, այդ ձեռքբերումը Բաքվին վերջնականապես հնարավորություն կտար հեգեմոնիա հաստատելու վրացական էներգետիկ համակարգում և դա դարձնել Թբիլիսիի նկատմամբ որպես տնտեսաքաղաքական մահակ օգտագործելու միջոց: Խնդիրն այն է, որ այդ կորպորացիան ընդգրկում է Վրացական միջազգային գազային կորպորացիան (այդ շրջանակում նաև վերոնշյալ գազատարը), Վրացական միջազգային նավթային կորպորացիան և «Վրացնավթ» ընկերությունը: Այսինքն` խոսքը վերաբերում է մի ահռելի ընկերության, որին է վերապահված Վրաստանի նավթագազային ամբողջ համակարգի կառավարումը: Ակնհայտ է, որ Բաքվի համար մեծ հաջողություն կհամարվի նույնիսկ եթե կարողանա գնել այս կորպորացիայի՝ վաճառքի հանվող 25 տոկոս բաժնեմասը:
Սակայն, ըստ ամենայնի, դա SOCAR-ին չի հաջողվի՝ առաջին հերթին այն պատճառով, որ վրացիները լավ են հասկանում, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ ինչպես Վրաստանի էներգետիկ ինքնուրույնության, այնպես էլ վրաց-հայկական հարաբերությունների տեսանկյունից: Պատահական չէ, որ կորպորացիայի մեկ քառորդ բաժնեմասն օտարելու որոշման մասին խոսելիս Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, թե այդ հարցը պետք է լուծել շատ զգույշ և ճիշտ՝ փաստացի ընդգծելով դրանում քաղաքական գործոնի առկայությունը:
Պետք է նշել, սակայն, որ բաժնետոմսերը վաճառելու եղանակն, ընդհանուր առմամբ, բավականին շահեկան է Հայաստանի համար երկու պատճառով: Նախ՝ Վրաստանի կառավարության պարզաբանումներից կարելի է եզրակացնել, որ խոսք չի գնում հենց կոնկրետ գազատարի կամ դրա մի մասի վաճառքի մասին, այլ, ընդհանրապես, ընկերության բաժնետոմսերի: Իսկ հատկապես 25 տոկոսի պարագայում գազատարի ակտիվների չափաբաժինը, բնականաբար, շատ ավելի փոքր է լինելու: Երկրորդ՝ խոր մտահոգության առիթ կլիներ, եթե Վրաստանի կառավարությունը որոշեր կորպորացիայի բաժնեմասը օտարել ուղղակի գնորդին վաճառելու կամ նույնիսկ տենդեր հայտարարելու միջոցով: Այդ դեպքում մեծ կլիներ հավանականությունը, որ ադրբեջանական ընկերությունը կկարողանար գնել ամբողջ փաթեթը: Մինչդեռ ֆոնդային բորսայում տեղաբաշխման ողջ նպատակն այն է, որ, առանձին վերցրած, որևէ սուբյեկտ ի վիճակի չլինի տիրապետել օտարման հանված բաժնետոմսերի ամբողջ 25 տոկոսին: Եթե նույնիսկ ադրբեջանական ընկերությունը որոշի բորսայի միջոցով ձեռք բերել այդ ակտիվները, նրա ձեռքբերումը, ամենայն հավանականությամբ, կլինի ոչ նշանակալի: Այս եղանակով օտարման պարգայում ադրբեջանական ընկերության հետ կարող են մրցակցության մեջ մտնել ինչպես ռուսական ընկերությունները, մասնավորապես՝ «Գազպրոմ»-ը, որը տարանցման դիմաց վրացական կողմին հիմա անվճար գազ է տրամադրում` Հայաստանին մատակարարվող գազի ծավալի 10 տոկոսի չափով, այնպես էլ հայաստանյան գնորդներ, օրինակ` «Գազպրոմ Արմենիա»-ն կամ, գուցե, ընդամենը այս տարվա օգոստոսին կառավարության կողմից ստեղծված` լրիվ պետական «Էներգաիմպէքս» ՓԲԸ-ն:
Ամեն դեպքում` Երևանը կարծես որոշել է Թբիլիսիին հասկանալի դարձնել, որ կորպորացիայի ակցիաները վաճառելու որոշման նկատմամբ, այնքանով, որքանով դա առնչվում է նաև գազատարին, Հայաստանն անտարբեր լինել չի կարող: Նոյեմբերի 29-ին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին: Նրանց հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև էներգետիկայի, տրանսպորտի, փոխադրումների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքի, ինչպես նաև հետագա անելիքների շուրջ օրակարգային հարցեր: Վրացական նավթագազային կորպորացիայի բաժնեմասը վաճառելու` քաղաքական որոշման ֆոնին ՀՀ վարչապետի մակարդակով դեսպանին ընդունելը և էներգետիկ ոլորտում հայ-վրացական գործակցության թեման քննարկելը զուտ պատահական զուգադիպություն դժվար թե լինի: Ըստ ամենայնի՝ Երևանը փորձում է հասկանալ վրացական իշխանությունների այդ որոշման իրական նպատակները և փորձել երաշխիքներ ստանալ, որ դա Հայաստանի համար էներգետիկ անվտանգության սպառնալիքներ չի ստեղծելու:
Կարևոր է, որ այս ուղերձները, առանց խնդրի սրման, Երևանից Թբիլիսիին հղվում են շատ օպերատիվ: Դա վրացական իշխանություններին կդրդի գործել շատ ավելի զգույշ՝ թիկունքից զգալով Հայաստանի շնչառությունը:
Գևորգ Դարբինյան