կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-21 18:12
Տնտեսական

Սևանա լճում դեկտեմբերի 1-25-ը կարգելվի ձկնորսությունն ու խեցգետնորսությունը

Սևանա լճում դեկտեմբերի 1-25-ը կարգելվի ձկնորսությունն ու խեցգետնորսությունը

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում իրականացվելիք` երեք գերատեսչությունների` ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ ոստիկանություն և Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ միջոցառումների ծրագրով նախատեսված փոխգործակցության մեխանիզմները:

Խորհրդակցությանը մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, գերատեսչությունների համապատասխան պատասխանատու ստորաբաժանումների, Սևանա լճի հարակից համայնքների ղեկավարները:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ յուրաքանչյուր տարի իրականացվում է այս միջոցառումը, այս տարին ևս բացառություն չէ: «Սևանա լիճը պարզապես ջրային տարածք չէ և պարզապես մի հատված չէ, որ ով ասես կարողանա այնտեղից իր բաժինը տանել: Ձեզ հետ պետք է կարողանանք վերաարժևորել գոնե այս ժամանակահատվածը, որ նախատեսել ենք, որ ձեզ հետ պետք է հսկենք, կարողանանք ապահովել ձկան պատշաճ վերարտադրողությունը»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով` ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ իրենք որոշակի վերանայել են առաջին հերթին ժամկետները: «Հրամանի համաձայն` արգելքի շրջանը սկսվում է դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը` ներառյալ, և հունվարի 6-ից մինչև հունվարի 20-ը` ներառյալ»,- ընդգծեց Մինասյանը:

Նախարարը նշեց, թե ինչու են հենց այս ժամանակահատվածը կարևորում: Ըստ նրա` սա այն ժամանակահատվածն է, որ, մասնագետների գնահատմամբ, ձկների վերարտադրություն է տեղի ունենում: «Ուստի համապատասխան հրամանով ձևակերպվել են հանձնարարականներ «Սևան» ազգային պարկի համար, որ մինչև սույն  թվականի նոյեմբերի 30-ը ապահովվի Սևանա լճից ձկնորսության և խեցեգտնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների, լողամիջոցների, ինչպես նաև ժամանակավոր կացարանների դուրս բերումը»,- ասաց նախարարը, ապա հավելեց. «Շրջիկ հսկողություն կիրականացվի Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում, կկազմակերպվեն ստուգայցեր Սևանա լճում` համագործակցելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, ՀՀ Գեղարքւոնիքի մարզային ոստիկանության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ»:

Նախարարի խոսքով` 3 կառույցները հաստատել են միջոցառումների ժամանակացույց: «Այս միջոցառումներով նախատեսում ենք, որպեսզի ամենօրյա և օպերատիվ գործողություններ նախաձեռնվեն: Մեր նպատակն ամեն գնով մարդուն պատժելը չէ, մեր նպատակը ամեն գնով անձին իր ընթացիկ եկամտից կամ ընտանիքի նվազագույն եկամտից զրկելը չէ, բացարձակապես դա չէ: Մեր հիմնական նպատակը ոչնչացման տանող գործողությունը կանխելն է, հետևաբար` շատ ենք կարևորում բացատրական աշխատանքները, հատկապես` համայնքների բնակիչների հետ»,- շեշտեց Մինասյանը:

Նա դիմեց համայնքի ղեկավարներին` նրանց խնդրելով, որ լինեն ըմբռնող քաղաքացիների, մեր բնակիչների նկատմամբ: «Բացատրենք, որ սա այն ժամանակահատվածն է, որ իսկապես անհրաժեշտ է որպեսզի մենք պահենք ու պաշտպանենք մեր հիմնական հարստությունը: Եվ եթե մենք այսօր կարողանանք պաշտպանել, վաղը եկամուտ կարող է ստեղծենք նույն բնակչի, նույն համայնքի հասարակության համար: Ուստի ակնկալում եմ, որպես բնապահպանության նախարար, որ մեր հետագա հանդիպումները ձեզ հետ,  համայնքի հարգելի' ղեկավարներ, կլինի իսկապես հարգանքի վրա հիմնված, և մեկս մյուսիս կկարողանանք շնորհակալություն հայտնել այս ընթացքում ցուցաբերված քաղաքացիական և հանրային բարձր պատասխանատվության համար»,- ասաց Մինասյանը: