կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-26 14:59
Քաղաքական

Եթե ամեն սադրանքին հայտարարություն արվի, հետո՞. Նալբանդյանը` ՀԱՊԿ-ի արձագանքի մասին

Եթե ամեն սադրանքին հայտարարություն արվի, հետո՞. Նալբանդյանը` ՀԱՊԿ-ի արձագանքի մասին

 Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերն են ռմբակոծվում: Հայաստանը դիմե՞լ է ՀԱՊԿ-ին: Այսօր լրագրողներն այս հարցն ուղղեցին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

 

«ՀԱՊԿ-ին էլ ենք տեղեկացրել, ԵԱՀԿ-ին էլ ենք տեղեկացրել, ՄԱԿ-ի տարբեր կառույցների էլ ենք տեղեկացրել: Անհապաղ մշտապես տեղեկացնում ենք, երբ սադրանքներ են լինում շփման գծում, կամ երբ այնպիսի գործողություններ են լինում, որոնք կարող են ապակայունացնել վիճակը»,- ասաց նախարարը:

 

Միաժամանակ, նա չհամաձայնեց այն քննադատություններին, որ ԱԳՆ-ն միշտ չի արձագանքում նման սադրանքներին: Էդվարդ Նալբանդյանի խոսքով` ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հունվարի 3-ին, ինչպես և դրանից հետո մի քանի անգամ արձագանքել է, անգամ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է արձագանքել: Ըստ արտգործնախարարի` պետք է նկատի ունենալ, որ ՀԱՊԿ-ը բազմանդամ կառույց է, և համապատասխան հայտարարությունները պետք է համաձայնեցվեն, ինչը պարզ գործընթաց չէ:


Հարցին, թե արդյո՞ք բավարարում են Հայաստանի ԱԳՆ-ին այդ կառույցների կողմից իրականացված գործողությունները, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ չի համապատասխանում իրականությանը այն կարծիքը, թե այդ կառուցները կարող են անել ավելին, բայց չեն անում: Ըստ նրա` ՀԱՊԿ-ի կողմից բազմիցս արվել են հայտարարություններ և ամենաբարձր մակարդակով: Իսկ ՀԱՊԿ վերջին գագաթաժողովի ժամանակ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ԼՂ հարցով հայտարարություններ են արել, որոնք համապատասխանում են Հայաստանի  դիրքորոշմանը:


«Քննադատել հատուկ մեկ կառույցի կամ քննադատել մեկ այլ կառույցի, ասելմ որ սա այսպես է անում, այնպես է անում, դա ճիշտ չէ: Կառույցները տարբեր են: ԵԱՀԿ-ն մի քանի տասնյակ անդամներ ունի, մեկ այլ կառույց ունի իր յուրահատկությունները` հայտարարություններ անելու, արձագանքելու հետ կապված: Պետք չէ պարզունակ մոտենալ, թե` մենք դիմեցինք, արձագանքեցինք և իրենք անմիջապես հայտարարություն չտարածեցին: Վերջին շրջանում տասնյակ սադրանքներ եղան, եթե ամեն սադրանքին հայտարարություն արվի, ինչպես ասում են` «послали 1050-ю ноту», հետո՞»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:


Նա կարծում է, որ պատահական չէր, որ  ԱՄՆ-ն` առանձին, Ֆրանսիան  և Ռուսաստանը` առանձին, կազմակերպեցին նախագահների մակարդակով հանդիպումներ, որոնց ընթացքում քնննարկվեց ԼՂ խաղաղ կարգավորման հարցը: Սակայն, ըստ Նալբանդյանի, Ալիևը տեսախցիկների առաջ մի բան է հայտարարում, բայց հենց գնում, հասնում է Բաքու, մոռանում է իր հայտարարությունները: