Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը և հակված է իջեցնել այն. այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
«Մեզ համար ակնհայտ է, որ եթե ջերմային կայանների համար գազի գինը 1000 խորանարդի համար սահմանվում է 15 դոլարով ավելի ցածր, ապա սակագների վերանայման և համապատասխան գնահատականի կարիք կա` գոնե այս գործոնով»,- ասաց նա:
Նազարյանը չհստակեցրեց, թե էլեկտրաէներգիայի սակագինն, ի վերջո, քանի՞ դրամով կիջեցվի՝ պատճառաբանելով, որ սակագնի իջեցման բաղադրիչներ կան՝ պետք է հստակեցվեն էլեկտրաէներգիա արտադրող տարբեր կայանների սակագները և առկա ներդրումները:
«Մեր որոշումը կկայացնենք ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը: Ես խնդրում եմ, որ տաք մեզ 15-20 օր, որպեսզի ընկերություններից ստանանք նաև նրանց խնդիրները. մենք նոր ենք սկսել այս գործընթացը: Գիտեք նաև, որ այս տարի վարչապետը հանձնարարել է նոր սպառողական խումբ ունենալ՝ սոցիալապես անապահով խումբ, իսկ նրանց համար սակագինն ավելի ցածր կլինի, քան մյուս սպառողներինը: Սա էլ կհաշվենք և նոյեմբերի վերջին վերջնական կունենանք գազի սակագինը, որը կգործի հունվարի 1-ից, Մինչև դեկտեմբերի վերջը կունենանք էլեկտրաէներգիայի սակագինը, որը կգործի փետրվարի 1-ից»,- ասաց նա:
Արձագանքելով դիտարկմանը, թե` վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ գազի սակագնի իջեցման սուբսիդավորումը չի լինելու պետբյուջեի հաշվին, իսկ Դուք հայտարարել էիք, որ պետք է համապատասխան ֆինանսավորման աղբյուր, և պատասխանելով հարցին՝ կա՞ այդ համապաասխան ֆինանսավորումը, Նազարյանը նշեց, թե աղբյուրները 4-ն են:
«Առաջին` Ռուսաստանից Հայաստան հասնող գազի տարանցման սակագնի նվազումը, այս նվազեցման հաշվին որքան գումար կգանձվի, կուղղվի այս խնդրին: Երկրորդ` արտոնությունները, որոնք տրվում են բիզնեսին և սոցիալապես անապահով խավերին, ենթադրում են, որ սպառումը կավելանա, որի հասույթը կհամարվի ֆինանսավորման աղբյուր: Երրորդ` «Գազպրոմ Արմենիա»-ն նախկինում ունեցել է մեծ ֆինանսական պարտավորություններ, իսկ այսօր այդ պարտավորությունների մեծ մասը վերացել են: Չորրորդ` ռուսական «Գազպրոմ» ընկերություն-ը խոստանում է, որ եթե բոլոր 3 ռիսկերը չբավարարեն, ապա ինքը սուբսիդավորման մյուս մասը կվերցնի իր վրա»,- պարզաբանեց ՀԾԿՀ նախագահը: