կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-01 12:00
Քաղաքական

Հեծանվով աշխատանքի գնացող փոխնախարարի մեքենան չեն կրճատի

Հեծանվով աշխատանքի գնացող փոխնախարարի մեքենան չեն կրճատի

ԱԺ հանձնաժողովները շարունակում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց կառավարության ոչ ֆինանսական ցուցանիշները: Նա նշեց, որ կառավարությունը կրճատել է 24 մեքենա. նախկինում 83 մեքենա կար, իսկ հիմա՝ 24-ով պակաս:

«Բավարա՞ր է, արդյոք, նախատեսված բյուջեն, իհարկե` ինչպես ցանկացած բյուջե, բավարար չէ, բայց պետք է տեղավորվենք նախատեսվածի մեջ»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով ոչ ֆինանսական ցուցանիշներ:

Հիմնական անելիքներից նախարարը մատնանշեց էլեկտրոնային կառավարման համակարգի խորացումը, երկրի պաշտպանունակության, ռազմական դրության հայտարարման դեպքում իրականացվող ծրագրերը, գնումների համակարգի արդյունավետության բարձրացումը և այլն:

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց տեսչական բարեփոխումների ու օպտիմալացման մասին: Նա նաև հարցրեց փոխնախարարներին տրվող ծառայողական մեքենաների մասին: «Ինչքան գիտեմ առողջապահության փոխնախարարը հեծանվով էր եկել աշխատանքի, այդ դեպքում նրան հատկացվող ծառայողական մեքենան կրճատո՞ւմ եք»,- հարցրեց պատգամավորը:

Տեսչական բարեփոխումների մասին խոսելով` Դավիթ Հարությունյանը նշեց, որ որոշ կրճատումներ ընթանում են, քանի որ տեսչությունները չպետք է ավելորդ բեռ դառնան բիզնեսի համար, տեսուչների գործառույթը ոչ թե պատժելն է, այլ բիզնեսի իրավիճակը բարելավելը:

«Տեսչությունների նպատակը պետք է լինի օգնել բիզնեսին` վերացնել խախտումը, տեսուչն այն անձն է, ով պետք է հուշի խնդիրների լուծման ճանապարհը, այլ ոչ միայն տուգանելը»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ մյուս տարի կավարտվեն 6 տեսչությունների բարեփոխման աշխատանքները, արդեն կրճատվել է մեկ տեսչություն, ընթացքի մեջ են առողջապահության և արդարադատության նախարարությունների տեսչությունների բարեփոխման աշխատանքները:

Ինչ վերաբերում է հեծանվով աշխատանքի գնալուն, Դավիթ Հարությունյանը նշեց, որ, ըստ նորմատիվի, յուրաքանչյուր փոխնախարար ունի մեկ ծառայողական մեքենա ունենալու հնարավորություն: «Միգուցե փոխնախարարը հեծանվով կարող է գնալ աշխատանքի, բայց եթե պետք է մեկնի մարզ, մեկ այլ հեռու տեղ, չեմ կարծում որ հեծանվի հույսին պետք է մնա»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Հովհաննես Մարգարյանը հարցրեց, թե արդյո՞ք տեսչական բարեփոխումները կրճատում են ֆինանսական ռեսուրսները: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ, այո, տեսչական բարեփոխումները առաջացնում են ֆինանսական ռեսուրսների կրճատում: