կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-10 12:01
Քաղաքական

Փողոցները փակե՛ք, հեծանվով է գալիս

Փողոցները փակե՛ք, հեծանվով է գալիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հակահեղափոխական» հեծանիվ է հեծնել ու աշխատանքի գնացել: Գաղափարը վատը չէ (եվրոպացի քաղաքական գործիչների ականջը կանչի), իրականացման ձևը` ծայրաստիճան պարզունակ, երբ ընդամենը շոու է մատուցվում` երիցս հիասթափնելով նորեկների կիրառած տեխնոլոգիաներից:

Անվտանգության ծառայության ավտոմեքենաները հետևն արած, փողոցները փակած ու կարմիր լույսն արհամարհող վարչապետը հեծանիվ է վարում: Օ՜, աստվածներ, չտեսնված բան նոր Հայաստանի համար...

Բայց, հարգելի՛ս, քանի՞ գրոշ արժե հեծանիվ վարելդ, եթե դա անում ես զուտ նրա համար, որ կառավարության լրատվական ծառայությունը տեսանյութ պատրաստի ու հրապարակի այն: Առողջ ապրելակերպի քարո՞զ ես անում, ուրեմն բարի եղիր ամեն Աստծո օր ոտքով գնալ աշխատանքի, ամեն Աստծո օր հեծանիվ նստիր, տեսախցիկների առաջ ախորժակիդ հագուրդ մի՛ տուր: Ուզում ես ասել` ժողովրդակա՞ն ես, անվտանգության աշխատակիցներիդ ասա` քեզ ու հեծանիվդ մենակ թողնեն: Հեծանիվդ վարիր դրա համար նախատեսված հեծանվաուղիով, եթե չկան այդպիսիք` նախաձեռնի՛ր, ստեղծի՛ր: Հաճախ նստիր հանրային տրանսպորտ, նույնը կարգադրիր նաև Երևանի քաղաքապետին, ծռվեք, կռվեք, հասարակական տրանսպորտում, որ հասկանաք` ինչպես են երթևեկում հպարտ ու «կզած» քաղաքացիները:

Շնորհակալություն, Դուք մատուցեցիք հերթական տեսարանը, բայց մի քիչ էլ հացի մասին մտածեք:

Հ.Գ. «Մի փոքրիկ սպռավոչկա»` հաջորդ անգամ, երբ հերթական տեսարանը մատուցելիս լինեք, գոնե հեծանվորդի սաղավարտ ու ծնկակալ հագեք:

Վրույր Սևակ