կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-25 20:29
Քաղաքական

Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է պաշտպանության նախարարը

Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է պաշտպանության նախարարը

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Վորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Համանախագահների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է բանակցային գործընթացի ռազմաքաղաքական ասպեկտներին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին:

Նախարար Սարգսյանը տեղեկացրել է, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո էլ Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը շփման գծում, պարբերաբար աճում է կրակոցների քանակը, մեծանում է կիրառվող զենքերի տրամաչափը` հանգեցնելով նոր զոհերի: Վիգեն Սարգսյանը նշել է, որ բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար Հայաստանը կարևորում է շփման գծում հրադադարի անվերապահ պահպանումը և հակամարտ կողմերի միջև վստահության ամրապնդումը:

Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա բանակցային գործընթացը շարունակելու, դեսպան Ա. Կասպիշիկի գործառնական հնարավորություններն ընդլայնելու ուղիների վերաբերյալ:  

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեռ Անդրիոյին վերջին երկու տարիների ընթացքում արդյունավետ միջնորդական աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: