կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-18 16:54
Քաղաքական

Հարցը կտրուկ է դրել

Հարցը կտրուկ է դրել

Այնպես չէ, որ վարչապետը միայն մարդկանց պետք է կրճատի. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով կառավարությունում սպասվող օպտիմալացումների գործընթացին: 

«Տեղաշարժերը նույնպես օպտիմալացում են, այսինքն` մարդկանց հնարավորություններն ու ուժերը պետք է օգտագործվեն ճիշտ տեղերում»,- ասաց նա՝ հավելելով, որ կարող են նաև կրճատումներ լինել, այստեղ կառավարությունը պետք է պայմաններ ստեղծի մասնավոր սեկտորի զարգացման համար, և այդ մարդկանց հարցը կլուծվի մասնավոր սեկտորում:

Բաղդասարյանի խոսքով` վարչապետն այսօր ներկայացրել է կառավարության ծրագիրը, որը բավականին հաջողված է, դրանում ռիսկային էլեմենտներ կան և կտրուկ քայլեր: «Այդ կտրուկ քայլերը պետք է անպայման իրագործվեն: Բավական համարձակ քայլ է կատարել վարչապետը, և այլ տարբերակ չկա: Ամբողջ թիմը, ամբողջ քաղաքական դաշտը, ընդդիմադիր դաշտն էլ պետք է լծվի, որպեսզի իրականացվի այս ծրագիրը»,- ասաց պատգամավորը:

Բաղդասարյանի կարծիքով` կրճատումների խնդիրը երկրորդ պլան պետք է մղվի, որովհետև կրճատվող մարդիկ դուրս չեն մնալու ընդհանուր գործառույթներից և կարող են իրենց տեղը գտնել:

Հարցին, թե Կարեն Կարապետյանն ավելի համարձակ է գործում, քան նախորդ վարչապետերը, ինչո՞վ է դա պայմանավորված, Բաղդասարյանը պատասխանեց. «Իրոք, այս քայլերը համարձակ են, և պատահական չէ, որ նախորդ վարչապետերը հայտարարեցին, որ տեմպերից գոհ չէին: Դա չի նշանակում, որ նրանք տեղում էին դոփում, արդյունքներ ունեին, բայց հանրությունը չի սպասում: Երբ դանդաղ ես շարժվում, հին պրոբլեմները բերում են նոր պրոբլեմներ, և չենք կարողանում դրանց վերջակետը գտնել և ընդհատել: Դրա համար էլ նոր կառավարությունն ու վարչապետն արդեն հարցերն ավելի կտրուկ են դրել, որպեսզի մենք կարողանանք արդյունքներն ավելի արագացնել, և նոր պրոբլեմներ չլինեն»: