Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ ԿԳՆ և ՏՀՏ գործատուների միության միջև: Հուշագրի համաձայն` կողմերը փոխադարձ համաձայնության են եկել ձեռնարկել միջոցներ` ուղղված ՀՀ ուսումնական հաստատություններում ՏՀՏ ոլորտի կրթության որակի բարելավմանը, միջազգային հաստատություն-գործատու համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև ՀՀ մրցունակության բարձրացմանը` որակյալ կրթության միջոցով:
Հուշագրի համաձայն` ՏՏ գործատուների միությունն իր փորձագիտական ներուժով կմասնակցի ՀՀ հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում ՏՀՏ մասնագիտություններով կրթական ծրագրերի մշակմանն ու բարելավմանը, ՀՀ հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցիչների և դասախոսների վերապատրաստմանը, կաջակցի ուսումնական հաստատություններում դասավանդման գործընթացում ՏՀՏ ներդրմանը և զարգացմանը, անհրաժեշտության դեպքում տրամադրելով համապատասխան տեխնիկական և փորձագիտական աջակցություն: ՏՀՏ գործատուների միությունը կաջակցի նաև ուսումնական պրակտիկայի անցկացմանը, կկազմակերպի ՏՀՏ-կրթություն ամենամյա միջազգային կոնֆերանսը` ներգրավելով ՏՀՏ կրթության ոլորտի միջազգային փորձագետներին և նպաստելով միջազգային լավագույն փորձի ներդրմանը ՀՀ-ում: Իր միջազգային կապերի շնորհիվ միությունը կնպաստի կրթական հաստատությունների համագործակցությանը Սփյուռքի, միջազգային կազմակերպությունների և օտարերկյա ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև կաջակցի ՏՀՏ և նորարարությունների ուղղությամբ մրցույթների կազմակերպմանն ու իրականացմանը:
Հուշագրի ստորագրումից հետո ՏՀՏ գործատուների միության ղեկավար Արմեն Բալդրյանը նշեց, որ իրենց միությունը կարևորում է կրթության բարեփոխումները, որպեսզի կրթության մեջ տեխնոլոգիաների կիրառումը զարգանա, քանի որ պետությունը, կարևորելով գիտելիքահեն տնտեսությունը, չի կարող շրջանցել կրթության բաերփոխման ծրագրերը: Նրա խոսքով` ՏՀՏ միությունը կողմ է ֆունդամենտալ բարձրակարգ կրթությանը, և միության բոլոր քայլերը ուղղված են լինելու Հայաստանում ֆունդամենտալ կրթության զարգացմանը:
«Գործատուների համար կարևորը գիտակ ու պրոֆեսիոնալ կադրերն են, և առանց կրթական համակարգի զարգացման` հնարավոր չէ ունենալ այդպիսի կադրեր»,- ասաց Արմեն Բալդրյանը:
Ներկայացնելով միության ծրագրերը` նա նշեց, որ ներկայումս մի քանի ավագ դպրոցներում իրականացվում է միկրոէլեկտրոնիկայի ու հեռահաղորդակցության առարկաների պարտադիր ուսուցում, և մասնավոր հատվածը ներգրավված է կրթական պրոցեսում` «Վիվա-Սել-ՄՏՍ», «Սինոփսիս» և «Յունիքոմպ» ընկերություններն են: Նախատեսվում է այդ ծրագիրը տարածել ՀՀ և ԼՂՀ բոլոր ավագ դպրոցներում: Ըստ Բալդրյանի` դա շատ լավ հարթակ է երեխաների մասնագիտական կողմնորոշման և նրանց դեպի տեխնոլոգիաներ ներգրավելու համար:
Նա հետաքրքիր նորություն հայտնեց` ներկայումս քննարկվում է Հայաստանում տեխնոլոգիական համալսարան հիմնելու գաղափարը: Նպատակն է տեխնոլոգիական կրթությունը Հայաստանում հասցնել համաշխարհային մակարդակի: Բալդրյանը նշեց, որ այդ համալսարանը ստեղծվելու է պոլիտեխնիկական համալսարանի հիմքի վրա, միաժամանակ` իր կառուցվածքով տարբերվելու է դասական համալսարանից. այն լինելու է շատ լավ հարթակ պետություն-մասնավոր հատված-համալսարան համագործակցության համար:
«Մասնավոր հատվածը ներգրավված է լինելու այդ տեխնոլոգիական համալսարանի կրթական բովանդակության մշակման, դասախոսական կազմի վերապատրաստման և ուսանողների ուսումնական պրակտիկա ապահովելու գործում: Դա երրորդ սերնդի համալսարան է լինելու»,- ասաց Արմեն Բալդրյանը: