կարևոր
6580 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-14 10:35
Քաղաքական

Երրորդ սերնդի ժողովրդավարություն․ Ավետիք Իշխանյան

Երրորդ սերնդի ժողովրդավարություն․ Ավետիք Իշխանյան

Տարբեր քաղաքագիտական դասագրքերում, ուղեցույցերում, մանրամասն բացատրվում է «ժողովրդավարություն» բառի իմաստը։ Այսպես, գոյություն ունի դասական ժողովրդավարություն հասկացողություն։ Այն վերաբեում է անտիկ՝ հունա-հռոմեական շրջանի ժողովրդավարությանը, երբ ընտրությունների միջոցով ձևավորվում էին իշխանության մարմինները՝ Հունաստանում օրենսդիր մարմինը, որը քաղաքի հրապարակ-  ագորայում նիստեր էր անում, Հռոմում՝ սենատը, կոնսուլներն ու ժողովրդական տրիբունները։ Եվ հենց այդ մարմիններն էին կատարում  նաև դատարանի գործառույթները։ Հիշում եմ, ճանաչված իրավապաշտպան Մարեկ Նովեցկու դասախոսությունները ժողովրդավարության մասին։Որպես ոչ լիարժեք ժողովրդավարության օրինակ, նա բերում էր հենց անտիկ շրջանի դասական ժողովրդավարությունը։ Այսպես, Հունաստանում ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը ագորայում, Սոկրատեսին մահվան դատապարտեց, ինքնուրույն կարծիք ունենալու համար։Ժամանակակից ժողովրդավարություն համարվում էր, հատուկ եմ շեշտում եմ՝ էր, ոչ միայն ընտրությունների միջոցով ձևավորվող օրենսդիր և գործադիր իշխանությունները, այլև ամենակարևորը՝ անկախ դատական համակարգը։Անկախ դատական համակարգը դատական իշխանությունն էր և  նշանակում էր իրավական պետություն, ապահովում էր օրենքի գերակայություն, որն էլ երաշխավորում  էր տվյալ երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը։

Անհնար էր լինել ժողովրդավարական, բայց ոչ իրավական երկիր։ Այսպիսով, արձանագրենք, որ ժողովրդավարությունն ու իրավական պետություն հասկացողություններն անքակտելի էին։ Նույնիսկ, տեսականորեն հնարավոր է լինել ոչ ժողովրդավարական, բայց իրավական պետություն։ Հակառակն ուղղակի  անհնար էր։ Հոդվածի նպատակը չէ, վերլուծություն անել, թե ինչպես են տարբեր, իրական ժողովրդավարական երկրներում ձևավորվում անկախ դատական համակարգերը։Հոդվածի գաղափարը վաղուց էր հասունացել, բայց երբ կարդացի սույն վերլուծության մասին, որոշեցի այլևս չծուլանալ և ներկայացնել, թե վերջին տասնամյակներում  ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել «ժողովրդավարություն» հասկացողությունը։ Ստոկհոլմում գործող Ընտրական աջակցության և ժողովրդավարության միջազգային ինստիտուտի ժողովրդավարական գործընթացների գնահատման ղեկավար Սիմա Շահը «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ժողովրդավարության  էական աճի նոր էպիկենտրոններ են ի հայտ եկել Եվրոպայում. և այդ առումով կարելի է առանձնացնել Մոլդովան, Հայաստանը և Սլովենիան, որտեղ առաջընթացն ու զարգացումները կրում են դինամիկ բնույթ։

Մոլդովայի, որպես ժողովրդավարության զարգացման չափանիշ, օրինակ է բերվում, այնտեղ նոր՝ կոռուպցիայի գործեր քննող դատարանի ստեղծումը։ Ամբողջական զեկույցին ծանոթ չեմ, բայց հավանաբար նույն հակակուռոպցիոն դատարանների ստեղծումը, նույնպես դիտարկվում է որպես Հայաստանում ժողովրդավարության հաղթարշավ։ Տիկին Սիմա Շահին բացարձակապես չի հետաքրքրում, թե այդ նոր դատարանների դատավորներն ինչպե՞ս են նշանակվում, ներեցեք՝ ընտրվում և ում ցուցումով են գործում  նորանշանակ, կասկածելի իրավաբանական կրթություն ունեցող դատավորները ։Չեմ կարծում, որ տիկին Սիմա Շահն այդքան միամիտ ու դյուրահավատ է, որ հալած յուղի տեղ է ընդունում  Մոլդովայում և Հայաստանում, կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարը։

Իսկապես լուրջ հետազոտողը, ոչ միայն կուսումնասիրեր ընդունված օրենքները, այլև այդ երկրներում տիրող իրական վիճակը։ Եվ եթե տիկին Սիմա Շահը, որպես անաչառ փորձագետ, մանրամասն ուսումնասիրեր Հայաստանի ժողովրդավարության  մակարդակը,իր հստակ չափորոշիչներով, ապա առնվազն նա կհայտարարեր, որ Հայաստանը ոչ միայն ժողովրդավարական երկիր չէ, այլև հստակորեն շարժվում է դեպի բռնապետություն։Իսկ գուցե, այս զեկույցն արտահայտում է տիկին Սիմա Շահի անձնական,սուբյեկտիվ կարծի՞քը։ Չեմ կարծում, այդ դեպքում, դժվար թե «Եվրոնյուզը» նման սիրողական հետազոտությանը  հատուկ հաղորդում նվիրեր։Այդ հետազոտությունն ու հաղորդումն  արևմուտքի քաղաքականության մասն է կազմում։ Ընդամենը․․․

Նույն եվրոպայի և ԱՄՆ-ի աչքի առաջ 2018թ․, Հայաստանում սկիզբ առավ հեղափողա-բռնապետական կարգերի հաստատումը՝ դատարանների ջախջախում և վարչապետին հնազանդեցում, քաղաքական հետապնդումներ, աննախադեպ ծաղկող կոռուպցիա, ընտրությունների կեղծումներ։Այս ամենը չնկատելով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու անգամ՝  2021-22թթ․ հրավիրում է Հայաստանի վարչապետ կոչեցյալին, մասնակցելու ինչ-որ ժողովրդավարական համաժողովի։ 2022թ․ Հայաստան է այցելում ԱՄՆ  կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և հիացմունքով խոսում Հայաստանի ժողովրդավարության մասին։Հայաստանի աննախադեպ ժողովրդավարությամբ հիացած են նաև եվրոպական բոլոր երկրների ղեկավարները։ Իհարկե, Մոլդովայում վիճակն այդքան սարսափելի չէ, որքան Հայաստանում, բայց Մոլդովան նույնպես կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից։ Արդ, ի՞նչն է միավորում Մոլդովային և Հայաստանին, արևմուտքի աչքում։Միայն ու միայն մեկ բան՝ հստակ, ընդգծված  հակառուսական քաղաքականությունը։Ինչ վերաբերում է, զեկույցի երրորդ երկրին, ապա Սլովենիան հայտնի է, որպես ժողովրդավարական պետություն։ Այնպես որ, հարց է առաջանում, ինչու՞ է ժողովրդավարության խոշոր  մասնագետը Հայաստանի և Մոլդովայի շարքում, նշում նաև Սլովենիան։ Կարծում եմ, մեկ նպատակով՝ Հայաստանի և Մոլդովայի ժողովրդավարության մասին հեքիաթները հավաստի դարձնելու համար։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 21-րդ դարում, մենք գործ ունենք երրորդ սերնդի ժողովրդավարության հետ։ Եթե առաջինը անտիկ շրջանի դասական, ոչ լիարժեք  ժողովրդավարությունն էր, 20-րդ դարում՝ իրավական, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանություն հռչակող ժողովրդավարությունը, ապա երրորդ, ժամանակակից, առաջադեմ, 21-րդ դարի ժողովրդավարության միակ չափանիշը՝ տվյալ երկրի  հակառուսական քաղաքականությունն է։Եվ որքան ավելի հակառուսական է տվյալ երկրի քաղաքականությունը, այդքան այն ավելի ժողովրդավարական է։Այնպես որ, եթե վաղը հրաշքով, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Սաուդյան Արաբիան, չփոխելով իրենց ներքին կյանքը, թշնամանան Ռուսաստանի հետ և տանեն ընդգծված, բոլոր այլ երկրների հետ համեմատած ամենահակառուսական քաղաքականություն, ապա կհռչակվեն որպես  աշխարհի ամենաժողովրդավարական երկրները։

Ավետիք Իշխանյան