Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 5-ին ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը` օրենսդիր մարմնի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի գլխավորությամբ:
Ողջունելով ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան` նախարար Նալբանդյանը նշեց, որ Գերմանիայի օրենսդիր մարմնի պատգամավորների հաճախակի այցելությունները Հայաստան վկայում են խորհրդարանական դիվանագիտության ակտիվության և դրա կարևորության մասին։
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել ինչպես երկու երկրների գործադիր իշխանությունների, այնպես էլ` օրենսդիր մարմինների միջև։ Օգտվելով առիթից` նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ Բունդեսթագի բանաձևի ընդունման և այդ հարցում գերմանացի օրենսդիրների ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ Գերմանիան Հայաստանի երրորդ առևտրատնտեսական գործընկերն է և առաջինը՝ Եվրոպական միության անդամների շարքում։
Շնորհակալություն հայտնելով իր գլխավորած պատվիրակությանն ընդունելու համար` Յոհաննես Զինգհամմերը ներկայացրեց գերմանացի խորհրդարանականների այցելության նպատակները և ունեցած հանդիպումների արդյունքները։
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները, դրանց նոր իրավական հիմքի շուրջ ընթացող բանակցությունները։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին, այդ տարածաշրջանում փոքրամասնությունների խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին, միգրացիոն հոսքերին, մի շարք այլ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին։
Էդվարդ Նալբանդյանը Բունդեսթագի պատվիրակությանը ներկայացրեց ս.թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքների վերացմանը և ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
ՀՀ ԱԳՆ