կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-04 14:57
Առանց Կատեգորիա

Պաշտպանության նորանշանակ նախարարը, մասնագիտական հմտությունների առումով, լավագույններից է. քաղաքագետ

Պաշտպանության նորանշանակ նախարարը, մասնագիտական հմտությունների առումով, լավագույններից է. քաղաքագետ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին օրեր առաջ հայտարարեց, որ ԼՂ հակամարտությունը ներկա պահին չի կարող կարգավորվել, քանի որ կողմերը պատրաստ չեն դրան, կարգավորման պայմաններ չկան:

Yerkir.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով այս հայտարարությունը, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը համաձայնեց, որ իսկապես, ներկայումս գործընթացում նկատելի չեն այն պայմանները, որոնք թույլ կտան ոչ միայն կոնֆլիկտը կարգավորել, այլև, առհասարակ, գործընթացում առաջ շարժվել: «Ադրբեջանի քայլերը, հատկապես` «ապրիլյան պատերազմը», գործընթացն առավել բարդ փուլ «գլորեցին», իսկ ներկայումս այդ իրավիճակից դուրս գալուն ուղղված միտումներ տեսանելի չեն»,-նշեց նա:

Մեր դիտարկմանը, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էլ հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են ինչպես նախարարների, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով, Աբրահամյանը պատասխանեց, որ գործընթացը կա, բայց դա բանակցություն չէր որակի, «որովհետև բանակցությունների վերսկսմանն ուղղված պայմանավորվածությունները մնացել են թղթի վրա»:

«Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ հստակ ձեռք էին բերվել պայմանավորվածություններ 1994-95 թվականների հրադադարի պայմանագրի ստորագրման և ամրապնդման, շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննությունների մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման վերաբերյալ: Ադրբեջանը մինչև այժմ թույլ ազդանշաններ է ուղարկել միայն ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականների թվի ավելացման վերաբերյալ, իսկ մեծ առումով Ադրբեջանի գործողություններն ուղղված են այդ պայմանավորվածությունների չեզոքացմանը»,- ասաց քաղաքագետը:

Նա անդրադարձավ նաեւ պաշտպանական ոլորտում արմատական կադրային  փոփոխություններին: Մեր դիտարկմանը, որ, ըստ որոշ կարծիքների, պաշտպանության նախարարը պետք է զինվորական լինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք պատերազմական վիճակում գտնվող պետություն ենք, Աբրահամյանը նախ արձագանքեց, որ վերջին 25 տարիների ընթացքում առաջին դեպքը չէ, որ պաշտպանական գերատեսչությունը ոչ զինվորական է գլխավորում, ապա հավելեց. «Պաշտպանության նախարարությունը մշակում և իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Նախարարությունը պատասխանատու է երկրի պաշտպանության ապահովման, զինված ուժերի զարգացման և մարտական պատրաստականության համար, ընդ որում՝ նախարարության առաջնային գործառույթներից է ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների մշակումը, ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը: Իսկ գլխավոր շտաբը անմիջականորեն պատասխանատու է զինված ուժերի գործառույթների իրականացման համար: Գործառութային առումով` գլխավոր շտաբի վրա դրված են զինված ուժերի զարգացման, կիրառման, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի մշակման հետ կապված հարցեր: Գլխավոր շտաբի պատասխանատու է նաև զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ու ռազմավարական ծավալման կազմակերպման, զինված ուժերի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության համար: Իհարկե, պաշտպանության նախարարության կամ գլխավոր շտաբի գործառույթներն այսքանով չեն սահմանափակվում, սակայն հնարավորություն են տալիս հասկանալու կադրային փոփոխությունների տրամաբանությունը»:

Աբրահամյանը նշեց, որ զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետը՝ Մովսես Հակոբյանը, կադրային զինվորական է, ով հարուստ մարտական ճանապարհ է անցել, տարբեր պաշտոններ զբաղեցրել ինչպես Պաշտպանական բանակում, այնպես էլ պաշտպանության նախարարությունում, իսկ պաշտպանության նոր նախարարը՝ Վիգեն Սարգսյանը, կառավարման համակարգի բացառիկ կադրերից է, ով կառավարման հարուստ փորձ ունի, անհրաժեշտ կրթություն և հմտություններ` ցանկացած համակարգ առաջ մղելու ու համակարգային խնդիրներ լուծելու համար: «Պաշտպանության նախարարության և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացնելիս նախագահ Սարգսյանը հատկապես կարևորեց ռազմաքաղաքական դիվանագիտության զարգացումը, այս առումով ևս կարծում եմ՝ նոր նախարարը մասնագիտական հմտությունների առումով լավագույններից է»,- կարծիք հայտնեց քաղաքագետը: