կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-12 13:35
Առանց Կատեգորիա

«Ժամանակին վճարված աշխատավարձեր». Բալասանյանը պարծենալու այլ բան չունի

«Ժամանակին վճարված աշխատավարձեր». Բալասանյանը պարծենալու այլ բան չունի

Հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը սկսված է. հերթը ճռճռան խոսքերինն է, գունավոր խոստումներինը: Մրցավազքը սկսված է` ով ավելի լավ կներկայացնի չանելիքը, թղթի վրա մնալունը:

Սակայն կան թեկնածուներ, որոնք ընտրողի համար նոր չեն, մարդիկ տեսել են նրանց արածը. խոստումների կարիք չկա, բավարար է միայն արվածը երեսով տալ: Օրինակ, «Բալասանյան» դաշինքը, որը ղեկավարում է Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հետաքրքիր ձևաչափ է գտել ու, հավանաբար, որպես կարգախոս, մարդկանց հուշում է, թե ինչ մեծ բան է արել` պաստառներից մեկի վրա գրելով` «Ժամանակին վճարված աշխատավարձեր»:

Երկիրս հասցրել են այն օրի, որ ժամանակին վճարված աշխատավարձն արդեն կարող է կարգախոս դառնալ ու գլուխգովանության թեմա` իբր` գո՞հ չեք, կարող էի օրենքը խախտել, բայց չեմ արել, չէ՞, ձեր հասանելիքը տվել եմ ժամանակին: Այն, որ ժամանակին պետք է վճարվի աշխատավարձը, ամրագրված է աշխատանքային օրենսգրքում, իսկ ընտրողին ասել` ընտրեք ինձ, քանի որ ես օրենքը չեմ խախտել, մի քիչ սիրուն չի, հասկանո՞ւմ եք` դրայվ չկա:

Ուզո՞ւմ եք, կարող եմ հուշել` ինչ գրել պաստառներին: Օրինակ, շատ չհեռանալով սոցիալական թեմայից, կարող եք գրել` «Աշխատավարձերի բարձրացում»: Հավատացեք` սա կնայվեր, ու վստահ եմ` մի քանի քաղաքացի տեղում կսկսեր մտածել. «Հալալ է, մարդիկ գործ են արել, կարելի է նրանց ընտրել»: Բայց, դե, չարածի մասին ո՞նց գրել, դա էլ հո անելի՞քը չի, որ ճոխացնես, երևի դեռ մի բան էլ մենք պետք է շնորհակալ լինենք անկեղծության համար:

Գյումրիում, որտեղ հարյուրավոր ընտանիքներ կան` տնակներում ապրող, որտեղ արտագաղթի պատճառով զգալիորեն նվազել է բնակչության թիվը, հատկապես` երիտասարդների` աշխատատեղերի բացակայության պատճառով երկրից հեռացող, Գյումրիում, որտեղ անգամ թատրոնի տնօրենի ընտրությունը քաղաքականացնում են`թատրոնի ղեկավարությունից ծածուկ առաջադրելով միայն ՀՀԿ-ական թեկնածուներ, Գյումրիում, որտեղ օլիմպիական չեմպիոնը մարզվում է խոնավ ու կիսափլված մարզադպրոցում, Գյումրիում, ուր ուսանողների թիվն այնքան է կրճատվել, որ դասախոսներն արդեն ուսանողներից շատ են, Գյումրիում, ուր 88-ի աղետից հետո դեռ կան շինություններ, որ  եղածը մոռանալ փորձող գյումրեցուն ամեն օր հիշեցնում են աղետի մասին, Գյումրիում, ուր դեռ կա նախակրթարան` տնակային պայմաններում գործող, Գյումրիում, ուր բարեկարգվում են այն փողոցները, որտեղով միայն պետք է անցնեն Գյումրի ժամանող մեծամեծները /էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը/, պարծենալ ժամանակին տրվող աշխատավարձերով` կարող է միայն փաստել այն մասին, որ պարծենալու, ցավոք, այլ բան չունեն:

 

Կարինե Հարությունյան

Լուսանկարը` Արմեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից